10/11/2024

Ինչ նշանակություն ունի առողջ, ինստիտուցիոնալ բազմազանություն եւ կայունություն ունեցող տնտեսությունը

Հայաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է 2024 թվականին պետական բյուջեի՝ 100 միլիարդ դրամով թերակատարման ռիսկի մասին: Ըստ նախարարի, դրա պատճառն այն է, որ տնտեսության աճի զգալի մասը այսպես ասած՝ ոչ հարկունակ ոլորտներն են, օրինակ ոսկերչությունը, որ աճել է վերարտահանման շնորհիվ:

Օրերս հրապարակվեց Հայաստանի տնտեսության առաջին ամիսների վիճակագրություն եւ ըստ դրա, կա տնտեսական ակտիվության ավելի քան 11 տոկոս աճ: Երկնիշ այդ աճի պայմաններում սակայն, պարզվում է, որ կա բյուջեի եկամուտների 100 միլիարդ դրամ թերակատարման ռիսկ: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության աճը ըստ էության փուչիկ է:

Կամ, փուչիկ է եղել բոյեջի եկամուտների պլանավորումը: Այսինքն, պլանավորվել են ավելի մեծ թվով եկամուտներ, քան կարող էր գեներացնել տնտեսությունը ողջախոհության սահմաններում: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը: Այսինքն, եկամուտները պլանավորվել են տնտեսության միտումների սխալ գնահատմամբ եւ այժմ պարզվում է, որ այսպես ասած աճը գործնականում բոլորովին այն աճը չէ, որ կարող էր գեներացնել անհրաժեշտ ծավալի եկամուտներ: Բոլոր դեպքերում, ֆինանսների նախարարը ըստ էության խոստովանում է՝ եւ այդ, թեկուզ անուղղակի ազնիվ խոստովանության համար նրան իհարկե պետք է ծափահարել, որ Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած առողջ չէ. կա գրեթե երկնիճ աճ, կամ բարձր աճ, բայց չկա հարկային եկամուտների այնպիսի գեներացիա, որը թույլ կտար հավաքագրել պետական բյուջեի եկամուտները:

Ընդ որում, դա այն դեպքում, երբ բիզնեսը մեղմ ասած կարող է խոստովանել, թե ինչ ինտենսիվություն է ներկայումս հարկահավաքման տիրույթում: Հայաստանի տնտեսական աճի այս «պարադոքսի» մասին խոսել են շատերը, այդ թվում մենք, բազմիցս ուշադրության արժանացնելով հանգամանքը, որ տնտեսական բարձր աճը կարող է լինել բավականին խաբուսիկ եւ այդ աճի առկայությունը պետք է հնարավորինս արագ օգտագործել տնտեսության առողջացման ռեֆորմիստական քաղաքականության համար, թեկուզ հենց այդ նույն աճի ցուցանիշը որոշակիորեն նվազեցնելու ռիսկով: Այո, այդ դեպքում անմիջական վիճակագրական քարոզչական էֆեկտը կլինի քիչ, բայց փոխարենը տնտեսության զարգացումը կլինի շատ ավելի առողջ ու խորքային, շատ ավելի հեռանկարային:

Այլապես, վայելելով եւ լող տալով ՌԴ հանդեպ արեւմտյան պատժամիջոցնների հետեւանքով ձեւավորված «ոսկեբեր գետակի» մեջ, դրա շնորհիվ ստանալով տնտեսության երկնիշ վիճակագրություն եւ այն մատուցելով հանրությանը, հնարավոր է հայտնվել թմրամոլի կարգավիճակում, երբ կյանքը թվում է երանություն, բայց իրականում այն կամաց-կամաց վերածվում է տառապանքի:

Մինչդեռ, ավելորդ է խոսել անգամ, թե պետական որեւէ կենսունակ հեռանկարի համար ինչ նշանակություն ունի առողջ, ինստիտուցիոնալ բազմազանություն եւ կայունություն ունեցող տնտեսությունը, որը ի վիճակի է գեներացնել հարկային նոր եկամուտներ, որն ի վիճակի է ստեղծել իսկապես շոշափելի արժեք: