Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դժգոհել էր, թե հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ միջազգային որևէ կազմակերպություն հայտարարություն չի արել։
«Հուլիսի 12-ին 30 լուսաձայնային նռնակ է նետվել խաղաղ ցուցարարների վրա, որևէ միջազգային կառույցից մի հատ՝ «պու» լսե՞լ եք։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, 2016-ին ԱՄՆ դեսպանատունը ցույցը խաղաղ որակեց, ոստիկաններին էլ՝ բոբո, հիմա հակառակն է անում»,- հայտարարել էր Շարմազանովը։
Սակայն Շարմազանովի պնդումը, թե միջազգային ոչ մի կառույց չի արձագանքել հունիսի 12-ին ընդդիմության ցույցը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ ճնշելուն, չի համապատասխանում իրականությանը։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 14-ին հրապարակել է հայտարարություն՝ «Հայաստան. Փողոցային պայքարի ընթացքում տեղի ունեցած բռնությունը պետք է հետաքննվի» վերնագրով։ Հրապարակման մեջ ներկայացվում է Amnesty International-ի՝ Հարավային Կովկասի հետազոտող Նատալյա Նոզաձեի կարծիքը ցույցերի ժամանակ բռնություն կիրառելու վերաբերյալ։ Մասնավորապես, ասվում է, որ Երևանի վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնության մակարդակը խիստ մտահոգիչ է։ Նաև՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը կարող է անհարկի կամ բիրտ ուժ կիրառած լինել։
Միևնույն ժամանակ, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները ևս քննադատել են հունիսի 12-ի ցույցերը։ «Հայաստանում բողոքի ակցիան լուսաբանելիս ոստիկանների նպատակային բռնության հետևանքով լրագրողներ են վիրավորվել»․ այս վերտառությամբ գրառմամբ հունիսի 14-ին հանդես է եկել «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières) միջազգային կազմակերպությունը։
«Հիշեցնում ենք իշխանություններին իրենց միջազգային պարտավորությունների մասին՝ երաշխավորելու լրագրողների պաշտպանությունն իրենց աշխատանքի ընթացքում։ Այս հարձակումների վրա պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարության մեջ ասում է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժեն Կավելիեն։
Այսպիսով, Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե միջազգային որևէ կառույց չի անդրադարձել ընդդիմադիր ուժերի կազմակերպած ցույցի ժամանակ ոստիկանական ուժի կիրառմանը, չի համապատասխանում իրականությանը։
Արփինե Հովհաննիսյան
Բաց մի թողեք
Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ Լուսանկար
Փարսյանի եղբորը ձերբակալել են
Քաղաքը չբեռնաթափվեց, սակայն քաղաքապետարանի բյուջեն լցվեց