Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են ոչ միայն Ցեզար հրետանային համակարգերի մատակարարման համաձայնագիր, այլ նաեւ KNDS ընկերության հետ ստորագրվել է պահեստամասերի եւ 155 մմ արկերի մատակարարման պայմանագիր:
Սա իհարկե միանգամայն տրամաբանական ու օրինաչափ է, քանի որ սպառազինությանն աներկբա անհրաժեշտ է սպասարկման ծառայություն եւ իհարկե զինամթերք: Միեւնույն ժամանակ, ինչպես արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, չափազանց կարեւոր է հաշվի առնել Հայաստան ռազմական մատակարարումների լոգիստիկ թե աշխարհագրական, թե աշխարհաքաղաքական բարդությունների հանգամանքը եւ առավելագույն ջանք գործադրել, որպեսզի պահեստամասերի եւ զինամթերքի առնվազն որոշակի քանակի արտադրություն հիմնվի Հայաստանում: Սա ռազմավարական նշանակության հարց է:
Այդ ֆոնին անդրադառնանք մի տեղեկության, որ հայտնի դարձավ այս օրերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը: Հուլիսի 1-ից նա կդադարի լինել կոմիտեի նախագահ՝ համաձայն վարչապետի հրամանագրի:
Թե ինչ պատճառով է նա ազատվում աշխատանքից, հայտնի չէ, ինչպես Հայաստանում որեւէ կադրային փոփոխության պարագայում: Հանրությանը պաշտոնապես չի հաղորդվում, թե ի՞նչն է պատճառը, որ ազատվում է այս կամ այն գերատեսչության ղեկավարը: Իսկ առավել ուշագրավն այն է, որ Մեհրաբյանը ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատել է գրեթե վեց ամիս: Նա ընդամենը հունվարին էր նշանակվել այդ պաշտոնին:
Ընդհանրապես, Հայաստանի ռազմաարդյունաբերական գերատեսչության ղեկավարի պաշտոնի նշանակումներն ու ազատումները կրում են բավականին հաճախակի բնույթ, մինչդեռ, նոր կայացող այդ ինստիտուցիոնալ միջավայրը պահանջում է թերեւս հաստատուն եւ կայուն կառավարման մեխանիզմի ձեւավորում:
Ակնառու է, որ դա չի ստացվում, ինչը ցավոք սրտի վկայում է, որ ռազմաարդյունաբերությունը Հայաստանում առ այսօր կանգնած չէ ինստիտուցիոնալ-համակարգային կառավարման ռելսերի վրա եւ ավելի շուտ կրում է այսպես ասած հատվածական տրամաբանություն, որքան էլ ոլորտում արձանագրվում են բավականին հաջող մշակումներ:
Արդյո՞ք այստեղ իր բացասական դերը խաղում է ներիշխանական մրցակցության որեւէ հանգամանք, քաղաքական որեւէ կոնյուկտուրա, թե՞ պարզապես առկա է արդյունավետ կառավարման եւ կադրային խնդիր, ասելը բավականին բարդ է, հատկապես, որ չկա խոհանոցային մանրամասների մեջ խորասուզվելու ցանկություն:
Կա մեկ խնդիր՝ Հայաստանի ազգային անվտանգության հարց է ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորինս կուռ, համակարգված եւ կայուն ստրուկտուրիզացիան:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»