20/07/2024

Ռուսաստանից բացի է՞լ ինչ երկրներ են դեմ եղել Թուրքիայի անդամությանը ԲՐԻԿՍ-ին

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Բելառուսի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ԲՐԻԿՍ երկրները կայացրել են նոր անդամների հարցում դադար վերցնելու որոշում:

Օրերս արված այս հայտարարությունը դուրս է մնացել մեծ ուշադրությունից, սակայն սա բավականին էական երանգներ պարունակող հայտարարություն է: Բանն այն է, որ ԲՐԻԿՍ անդամության հարցում հավանություն ստանալու ակնկալիք հայտնել էր Թուրքիան:

Այդ երկրի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքից առաջ հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է 2024 թվականին ստանալ իր անդամության հավանություն: Անկարայի ակնկալիքը թերեւս կապված էր աշնանը Ռուսաստանում սպասվող ԲՐԻԿՍ վեհաժողովից առաջ արտգործնախարարների մակարդակում հավանություն ստանալու հետ:

Բայց, ահա Լավրովը հայտարարում է, որ 2024 թվականին ԲՐԻԿՍ անդամություն է ստացել 5 նոր պետություն եւ կազմակերպության անդամների տասնյակը որոշել է դադար վերցնել նոր անդամների հարցում, որպեսզի «մարսի» արդեն իսկ անդամակցած հնգյակին: Ինչպես հայտնի է, ԲՐԻԿՍ անդամ են Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը եւ Հարավաֆրիկյան հանրապետությունը: 2024 թվականի հունվարից կազմակերպության լիիարվ անդամ դարձան Իրանը, Եթովպիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Անդամության համաձայնություն ստացել է նաեւ Սաուդյան Արաբիան, սակայն թագավորությունը դեռեւս չի անդամակցել ԲՐԻԿՍ-ին: Այդպիսով, պարզ է դառնում, որ Թուրքիայի անդամության ակնկալիքը մերժել են: Ռուսաստանից բացի է՞լ ինչ երկրներ են դեմ եղել Թուրքիայի անդամությանը, պարզ չէ, սակայն անկասկած է թերեւս, որ Ռուսաստանն էլ այդ գաղափարով ոգեւորված չէ, ինչի մասին է վկայում ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ հարաբերության նկատելի սառնությունը:

Միեւնույն ժամանակ, ըստ ամենայնի ԲՐԻԿՍ երկրները բոլրովին դեմ էլ չեն եղել Ռուսաստանի այդ դիրքորոշմանը, այլապես Մոսկվան հազիվ թե այդ հարցում գնար մյուս երկրների կարծիքին ու գնահատականին հակադիր ճանապարհով: Ի վերջո, Թուրքիայի անդամության հարցում մեծ քարը թերեւս նաեւ ԱՄՆ դիրքորոշումն է, որի պետքարտուղարի տեղակալն օրինակ պարզ հայտարարում է, որ մտադիր են Կենտրոնական Ասիայից Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առեւտրային միջանցք կառուցել դեպի միջերկրծովյան ռեգիոն, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դիրքերը: ՄԻնչդեռ, այդ միջանցքով մեղմ ասած ոգեւորված չի լինի նաեւ Հնդկաստանը: Այդ պարագայում Թուրքիային ԲՐԻԿՍ կընդունեն թերեւս մի պայմանով՝ եթե Անկարան հրաժարվի ամերիկյան պատկերացմամբ երթուղու մասնակցությունից: