Վտանգված ժառանգություն
«Ապառաժ». 1921թվականին, երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, վերջինս հստակ քաղաքականությամբ պայքար սկսեց Արցախի հայկականության դեմ։ Այդ ինքնակոչ երկրի ղեկավարները առաջնորդվում էին՝ այն ինչ պատկանում է Ադրբեջանին, ադրբեջանական է կարգախոսով, ինչը նշանակում է, որ Արցախը ենթակա է ադրբեջանականացման։ Դրա համար, նախ պետք է գրվեր նոր պատմություն և զուգահեռ վերացվեին այդ պատմության ստեղծման ընթացքի խոչընդոտները, ասել է թե բոլոր այն պատմական փաստարկները, որոնք վերաբերվում էին հայերի բնիկությանը։ Նույն քաղաքականությունը տարվում է նաև այսօր, երբ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում էթնիկ զտման ենթարկվեց ու պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց Մեծ Հայքի Արցախ աշխարհը։
Ադրբեջանական քաղաքական բուլդոզերը վերացնում է Արցախում այն ամենը ինչը հայկական հետք է կրում։ Եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ, տներ ու փողոցներ։ Այդ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում հիմնահատակ ավերվեց Շուշիի Հովհաննես Մկրտիչ, կամ որ ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ եկեղեցին։ Եկեղեցին կովկասյան թաթարների թիրախում հայտնվել էր դեռ խորհրդային տարիներին, երբ այն վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով խախտվել, կամ քողարկվել էին կառույցի ներքին առանձին հատվածներ։ Մասնավորապես բեմի վրա դրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել ու նրանց փոխարեն կառուցել էին նորը, որը խաթարում էր եկեղեցու ճարտարապետական տեսքը։ Ջրավազանից հաճախակի թափվող հանքային ջրերը քայքայում էին պատերը։ Շուշիի ազատագրումից հետո, եկեղեցին վերանորոգվեց։
Բազմաթիվ արցախցիներ այստեղ մկրտվում, պսակադրվում էին։ 2020 թվականի պատերազմից հետո Կանաչ ժամ եկեղեցին ավերվեց, հետո հայտարարվեց ուղղափառ ու կարծես թե ինչ որ վերանորոգչական աշխատանքներ էին տարվում, իսկ 2024 թ․ ապրիլի 5-ին արված տիեզերական լուսանկարներից պարզ դարձավ, որ այն հիմնահատակ քանդվել է։ Համաձայն պատմական վկայությունների, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք,), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին:
Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2): Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկա էր կառուցման տարեթվի մասին արձանագրություն. «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:
Ի թիվս այլ հուշարձանների, Արցախում հիմնովին ավերվել են երեք եկեղեցիներ՝ Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և վերոնշյալ Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները։
Բաց մի թողեք
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից էժան գներով հողեր օտարել. Լուսանկար
Ալիևի դուստրերը 6 շքեղ բնակարանների սեփականատերեր Լոնդոնում՝ Հայդ Պարկի հարևանությամբ. OCCRP. Լուսանկար
Շիրմաքարեր պատրաստելու պատրվակով զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափի գումար