Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել իր 27-ամյա եղբորորդուն՝ Խամզաթ Կադիրովին (լուսանկարում), իսկ Շալիի շրջանի վարչակազմի ղեկավար՝ զարմիկ Թուրպալ-Ալի Իբրահիմովին։
Այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։ «Շրջանի նոր ղեկավարը կլինի սիրելի եղբայր Թուրպալ-Ալի Իբրահիմովը:
Հարգելի եղբորորդի Խամզաթ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Նրանք երկուսն էլ ունեն մեծ փորձ ղեկավար պաշտոններում իրենց վերապահված պարտականությունների կատարման մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
27-ամյա Խամզաթ Կադիրովը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Չեչնիայում 21 տարեկանից։ 2018 թվականի ապրիլին նա նշանակվել է Կուրչալոևսկի մունիցիպալ շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ երկու ամիս անց՝ զբաղեցրել ղեկավարի պաշտոնը։
2023 թվականի փետրվարին հորեղբայրը նրան նշանակել է Չեչնիայի կառավարության նախագահի տեղակալ՝ հանրապետության ունեցվածքի և հողային հարաբերությունների նախարար։
Իբրահիմովը երկրորդ անգամ է նշանակվում Շալինսկի շրջանի ղեկավարի պաշտոնում։ Նա այն վարել է 2012-2021 թվականներին, որից հետո տեղափոխվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։ 2021 թվականին Ռուսաստանից փախած Կադիրովի գնդի սերժանտը «Նովայա գազետա»-ին ասել էր, որ Իբրահիմովն անձամբ մասնակցել է կալանավորված չեչենների արտադատական մահապատիժներին։
2018 թվականի դեկտեմբերին Գրոզնիում Իբրահիմովն իր «Մերսեդես»-ով մեծ արագությամբ բախվել էր Ժիգուլիին։ Վթարի հետևանքով զոհվել էին վարորդը, ինչպես նաև՝ «Ժիգուլի»-ի 22-ամյա և 3-ամյա ուղևորները։ Սկզբում իշխանությունները հերքում էին, որ Իբրահիմովն է վարել մեքենան:
Ավելի ուշ կրոնական հարցերով Կադիրովի խորհրդական Ադամ Շախիդովը տեսանյութ էր հրապարակել, որում զոհվածների հարազատները գովաբանում էին Իբրահիմովին և խնդրում Չեչնիայի ղեկավարին չպատժել նրան։
Ռամզան Կադիրովի հարազատները, ներառյալ՝ նրա քույրերը, զարմիկները, հորեղբայրները, քույրերի և դուստրերի ամուսինները, տարբեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Չեչնիայում։ Նրանցից ոմանք դաշնային մակարդակով բարձր պաշտոնների են նշանակվել։
Բաց մի թողեք
Խնածախում Ալիևի կրակոցների արդյունքում էլի ոչխար է սատկել
Նուբարաշենում նոր վերանորոգված ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս. Լուսանկար
Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները