22/12/2024

Էրդողանը դեղին քարտ է ցույց տվել Ալիևին, թատրոն, թե՝ իրականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ քառասունչորսօրյա պետրազմում Ադրբեջանին ցուցաբերած ուժեղ օգնությունը «ոչ միայն թույլ է տվել հայկական օկուպացիայից ազատագրել Ղարաբաղը», այլեւ մեր երկրի երեսից մաքրել է 1944թ. Բորալթանի ողբերգության ամոթալի հետքը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ նման իրադարձությունը կրկնվի», – ասել է Թուրքիայի նախագահը։

Խոսքը մի իրադարձության մասին է, որ Թուրքիայում արծարծվել է դեռեւս 2015 թվականին, երբ իշխող Արդարություն եւ զարգացում եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հարաբերությունները ծայրահեղ լարված էին: Այդ մասին խոսել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ԺՀԿ-ին մեղադրելով, որ 1944թ. Իսմեթ Ինենյուն Ստալինի պահանջով խորհրդային կողմին է հանձնել 176 ադրբեջանցի փախստականների, որ ապաստան էին գտել իրենց «երկրորդ հայրենիքում»:

Ովքեր էին այդ մարդիկ՝ մանրմասնություններ հայտնի չեն: Թուրքական մի քանի աղբյուրներ վկայում են, որ նրանք խորհրդային հատուկ ծառայությունների պատժիչ ջոկատի կողմից գնդակահարվել են հենց սահմանին՝ Արաքս գետի վրա Բորալթան կամուրջն անցնելուց անմիջապես հետո: Ադրբեջանական ընդդիմությունը մի քանի անգամ այդ իրադարձության մասին ակնարկներ արել է այն իմաստով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հեյդար Ալիեւը ծառայել է Նախիջեւանի ԻՀ ներքին գործերի ժողովուրդ եւ Բորալթանի «ողբերգության ականատես է եղել»:

Թուրքիայի «դեմքից ամոթալի խարանը մաքրելու» մասին Էրդողանը հայտարարել է Աստանա մեկնելւ նախօրեին, որտեղ նախատեսված է նրա եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը, բայց մինչ այդ Պուտինը բանակցություններ կվարի Իլհամ Ալիեւի հետ: Քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ուժեղ օգնության մասին Էրդողանի հիշատակումը գրեթե բաց եւ հասկանալի է: Բայց ահա ինչու է նա հիշել Բորալթանի «ողբերգությունը», ՝ բազմանշանակ է:

Այդ իրադարձության մասին վկայողները պատմել են, որ ադրբեջանցիները խնդրել են իրենց «չհանձնել գյաուր ռուսի դատաստանին, գնդակահարեն Թուրքիայի դրոշի ներքո՝ թուրք զինվորների կրակոցով»: Էրդողանն ասել է, որ նման իրադարձություն չպետք է կրկնվի:
Թուրքիայի նախագահն ակնարկում է, որ ինչպես խորհրդային, այնպես էլ ալիեւյան Ադրբեջանից այլախոհները դարձյալ կարող են ապաստան գտնել իրենց «երկրորդ հայրենիքու՞մ»: Եւ ինքը նրանց չի՞ վերադարձնի, չի՞ հանձնի Ալիեւի դատաստանին:

Բայց Էրդողանի անցյալում առկա է նման մի քանի ամոթալի դեպք, ամենահնչեղը հայտնի լրագրող Միրկադիրովի ձերբակալությունը եւ Ադրբեջանին արտահանձնում է: Գուցե Էրդողանը հիշեցնում է, որ 176 ադրբեջանցիների գնդակահարությանը նաեւ Հեյդար Ալիեւն է մասնակցե՞լ, թե ակնարկն այն է, որ Իլհամ Ալիեւը չպետք է խախտի թուրք եւ ադրբեջանցի զինվորականների եղբայրությունը եւ «գյաւոր ռուսների» ծրագրած անվտանգային համակարգի մաս չպետք է կազմի:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ Բորալթանի «գաղտնագրի» հասցեատերն Աստանա Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների մեկնող Իլհամ Ալիեւն է: Թուրքական աղբյուրները վկայակոչել են Իսմեթ Ինենյուի թոռնուհի Գուլսուն Բիլգեհանին, որ ասել է, թե իր պապը նման անպատվաբեր որոշում ընդունել է, որպեսզի Ստալինին Թուրքիայի դեմ հարձակման առիթ չտա: Էրդողանը, թերեւս, Ալիեւին հասկացնում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակներ չունի՞:

Աստանայում Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Էրդողան բանակցություններն, ամենայն հավանականությամբ, ծանր են լինելու, եթե Թուրքիայի նախագահն իրեն թույլ է տվել հիշել մեծ սիմվոլիկա ունեցող պատմական իրադարձությունը: