22/04/2025

Որ դեպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին, ովքեր են խոսնակները

Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ուշագրավ տեղեկություն է հայտնել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հարցնում էին հունիսի 12-ի դեպքերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքի մասին, որ ոչ միայն չդատապարտեցին իշխանությանը՝ հատուկ միջոցներ կիրառելու եւ ոստիկանության վայրագությունների համար, այլեւ տեղ-տեղ անգամ մեղադրեցին ցուցարարներին։

Սրբազանն ասաց, որ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ապա պատմեց դեսպանատներից մեկից իրենց փոխանցված խայտառակ պատասխանը։

«Այդ դեսպանատուն մեր հայրենակիցները նամակ են ուղարկել, խոշոր էլ երկիր, մեծ խաղացող՝ Եվրոպայից, նամակի հետ՝ ոստիկանական վայրագությունները՝ տեսանյութերով, որ 30 հոգով մարդ են ծեծում, կանանց, երեխաների վրա ռումբ են նետում, ծեծում-ջարդում են։

Ի՞նչ են պատասխանում․ ասում են՝ այո, այս դրվագները սարսափելի են, սրանք ուղղակի անընդունելի են, բայց ավելի պակաս սարսափելի են, քան այն, որ ռուսամետները պիտի գան իշխանության, ավելի ճիշտ՝ ռուսական գործակալները»։

Բագրատ սրբազանը չհրապարակեց երկրի անունը՝ ասելով, որ նման իրավասություն չունի, սակայն, մեր տեղեկություններով, խոսքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի մասին է։ Նրա անունից են նման պատասխան փոխանցել շարժման ակտիվին։

Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։

Հանդիպմանը մասնակցել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ինչպես հանրությանը հայտնի ակտիվ գործիչներ, այնպես էլ անհայտ դեմքեր։ Մասնակցել են Թեւան Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը, Կարեն Բեքարյանը եւ այլք։ Քննարկվել են շարժման մարտավարությունը եւ խոսնակների դերը: Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտություն կա, ամեն մեկը պետք է խոսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացահայտումներ անեն, իշխանության ստերը վեր հանեն՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ու հոգեւոր եւ այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտավոր կարողությունները եւ հորդորել է ակտիվ ներգրավվել իշխանության դեմ պայքարին՝ կլինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թե հեռուստատեսության: Ասել է, որ պետք է թիրախային աշխատանք տանել, սակայն հստակ հանձնարարականներ չի տվել, նշել է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանատվություն վերցնի եւ ակտիվ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշվել է, որ տեղեկատվական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Translate »