08/09/2024

«Թուրքական աշխարհ» – Պակիստան աշխարհաքաղաքական նոր բևեռ է ձևավորվում

Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալության տեղեկացվածությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 12-13-ին Պակիստան երկօրյա աշխատանքային այց կկատարի:

Նախատեսված են նրա հանդիպումները Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Շահբազ Շարիֆի եւ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրի հետ: Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բանակցություններ կվարի պակիստանցի գործընկեր Իսհակ Դարի հետ:

Բայրամովը Պակիստան է այցելել անցած ամիս, վարչապետ Շահբազ Շարիֆի հետ Իլհամ Ալիեւը հանդիպում ունեցել է հուլիսի 3-ին, ընդ որում՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ: Եւ եթե ՏԱՍՍ-ի տեղեկատվության աղբյուրը հավաստի է, ուրեմն Ալիեւն Իսլամաբադ է մեկնում, որպեսզի նախնական պայմանավորվածությունները բերվեն ընդհանուր հայտարարի: Պակիստանի եւ Ադրբեջանի սերտ համագործակցությունը շուրջ երեսունհինգ տարվա պատմություն ունի: Թուրքիայից հետո Պակիստանը երկրորդ երկիրն է, որ Ադրբեջանի անկախությունը ճանաչել է դեռեւս մինչեւ ԽՍՀՄ իրավական փլուզումը:

Բայց Ալիեւը այս այցը հազիվ թե վերաբերում է միայն Պակիստանից սպառազինությունների ձեռքբերմանը: Ինչպես ասում են՝ այն մակարդակը չէ. նման գործարքներ կնքվում են միջգերատեսչական մակարդակով: Ալիեւ պակիստանյան այցը, հավանաբար, ավելի խորքային նպատակներ է հետապնդում: Հաջորդ տարի Չինաստանում կգումարվի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողով:

Ադրբեջանը ՇՀԿ գործընկեր երկրի կարգավիճակ ունի, որ մտադիր է բարձրացնել կառույցի դիտորդ-անդամի մակարդակի: Միաժամանակ դիտարկվում է ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցության միտում:

Ադրբեջանցի փորձագետները բաց տեքստով ասում են, որ Ռուսաստանի հովանու ներքո պոստխորհդային տարածքի ինտեգրացիոն նախագծերը Բաքվի «ուսերի համար նեղ են». Քառասունչորսօյա պատերազմից հետո Ալիեւը հանդես է գալիս ոչ միայն Կովկասի, այլեւ աշխարհագրական ավելի լայն տիրույթի դերակատար, ձգտում ինքնահաստատվել որպես աշխարհաքաղաքական դերակատար։

Այս իմաստով, սակայն, Բաքվի սեփական ռեսուրսները բավարար չեն: Նման կարգավիճակ կարող է ունենալ «թուրքական աշխարհը», որպես աշխարհաքաղաքական, այսպես ասած, ենթաբեւեռ: Ըստ երեւույթին, Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններ միավորումը, եթե անգամ կայանա, նույնպես աշխարհաքաղաքական դերակատարության անհրաժեշտ ներուժ չունի: Պակիստանն, իհարկե, տնտեսապես զարգացած չէ, բայց ազդեցիկ ռազմական ներուժ ունի՝ միջուկային զինանոցով հանդերձ։

Եթե Պակիստանի եւ «թուրքական աշխարհի» ռազմավարական համագործակցության դաշինքը ձեւավորվի, ապա այդ ձեւաչափում Ադրբեջանի կարգավիճակը իրոք կփոխվի: Ալիեւը Պակիստան կայցելի Շուշիում թուրքախոս պետությունների առաջնորդների ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո: Բաքվի մամուլն անոնսավորել է, որ Շուշիում կհավաքվեն Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի նախագահները, ակնկալվում է ԹՊՀ դիտորդ անդամ երկրների մասնակցությունը: Շուշիում կգտնվի, ամենայն հավանականությամբ, նաեւ Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ղեկավար Էրսան Թաթարը։

Եթե այդ հավաքն իրոք նախանշված ձեւաչափով կայանա, ապա բացառված չէ, որ հռչակվի «թուրքական աշխարհի» ինստիտուցիոնալ կայացումը, եւ Իլհամ Ալիեւը Պակիստանում կներկայացնի այդ կառույցը. «Թուրքական աշխարհ,»-Պակիստան տանդեմը, կարծես, կանխածրագրվում է որպես Գլոբալ հարավի եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ «բուֆերային ենթաբեւեռ.» Այդ դեպքում շատ կարեւոր է լինելու Հնդկաստանի դիրքորոշումը: Նյու-Դելին կընտրի այդ տանդեմի հետ ներդաշնակվելու տարբերակը, թե՞ կձգտի հակակշիռ ստեղծել. Իրանի նախագահական ընտրությունները վճռորոշ են նաեւ այդ իմաստով. Կարելի է ենթադրել, որ Էրդողանը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովում սկանդալ է ստեղծելու, որպեսզի այլընտանքի հիմնավորում ունենա:

Աշխարհաքաղաքական նման դասավորության դեպքում Ռուսաստանը կդադարի լինել համակարգաստեղծ: Միջուկային տերության կարգավիճակը Մոսկվային չի փրկի, որովհետեւ մյուս կողմում ճանաչված միջուկային գերտերություն Չինաստանն է՝ պակիստանյան զինանոցով եւ «թուրքական աշխարհի» հետո Մետաքսի ճանապարհի ժամանակներից քաղաքակրթական ընդհանրությամբ: