08/09/2024

Փեզեշքիանը էթնիկ ազերի է, Իլհամ Ալիեւը նրան շնորհավորել է օկուպացված Շուշիից

Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է ռեֆորմիստների թեկնածու Մասուդ Փեզեշքիանը: Նրան, թերեւս, առաջինը շնորհավորել է Իլհամ Ալիեւը եւ հրավիրել Ադրբեջան: Փեզեշքիանը էթնիկ ազերի է: Իլհամ Ալիեւը նրան շնորհավորել է օկուպացված Շուշիից, որտեղ Թուրական պետությունների կազմակերպության գագաթաժողով է գումարվում:

Իրանի նախագահի ընտրությունները հաջորդեցին Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթաժողովին, որտեղ Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը եռակողմ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել, իսկ Չինաստանը եւ Ադրբեջանը՝ ստորագրել ռազմավարական համագործակցության հռչակագիր:

Իրանի նախագահ Ռեիսիի ուղղաթիռի կործանումից հետո Ռուսաստանի նախագահը երկու հեռախոսազրույց է ունեցել առաջին փոխնախագահ Մոխբերի հետ, Աստանայում նրա հետ բանակցություններ վարել: Ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը, որի շուրջ քննարկումներն սկսվել են 2021-ի տարեվերջին, այդպես էլ չի ստորագրվել:

ՌԻԱ-Նովոստին, ներկայացնելով նախագահական ընտրությունների արդյունքները, Մասուդ Փեզեշքիանին ներկայացրել է որպես Իրանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության կողմնակից, ով կողմ է Արեւմուտքի հետ մերձեցմանը եւ համարում է, որ թիվ մեկ առաջնահերթությունը մեկուսացվածության հաղթահարումն է: Արեւմտյան փորձագիտական կենտրոնների գնահատմամբ՝ Ռուսաստանը մտադիր է Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ ռազմական դաշնակցության հասնել:

Ուշագրավ է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Չինաստանը հանդես եկավ Իրանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու մասին հայտարարությամբ: Ըստ որոշ տեղեկությունների, անցյալ տարի Իրանի եւ Պակիստանի միջեւ սահմանային լարվածությունը շատ արագ հաղթահարվել է Պեկինի միջնորդությամբ:

Հուլիսի 12-13-ին Իլհամ Ալիեւը կգտնվի Իսլամաբադում: Օրակարգում ներառնված է նաեւ Պակիստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի հետ նրա հանդիպումը: Զուգահեռաբար նախատեսված է կողմերի արտաքին գործերի նախարարների բանակցություն: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը եւ Պակիստանը սկզբունքային նշանակության համաձայնագիր են քննարկում: Ըստ երեւույթին, Իսլամաբադը կմիանա 2021թ. Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագրին: Դա Ադրբեջանի անվտանգության երաշխիքն է:

Ռուս-թուրքական ներկայիս սառնության բուն պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ Լեռնային Ղարաբաղում «համատեղ բարդ օպերացիայից» հետո Մոսկվան չի ստացել եւ չի ստանում այն, հանուն ինչի քառասունչորսօրյա պատերազմում աջակցել է Էրդողանին: Ադրբեջանը մերժում է եւ ԵՏՄ-ին, եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը: Չինաստանի հետ ռազմավարական համագործայցության հռչակագիրը Բաքվի կարգավիճակը բարձրացնում է ռեգիոնալ դերակատարի մակարդակի:

Ի՞նչ որոշում կընդունի Իրանը՝ կհարի Չինաստան-Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքի՞ն, թե՞ ավարտին կհասցնի Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագիրը եւ կստորագրի այն: Երբ նախագահի թեկնածուները դեռեւս գրանցված չէին, Բաքվում Իրանի նախկին դեսպան, էթնիկ ադրբեջանցի Սուլեյմանին, որ վերլուծական կենտրոնի տնօրեն է, դժգոհել է. «Ռուսաստանը Կովկասում Իրանին ոչինչ չի թողել,»: Իրանին ի՞նչ կտա Մասուդ Փեզեշքիանի «թուրքական սիմվոլիկական»: Հայաստանի համար նա մարտահրավե՞ր է, թե՞ հնարավորություն:

Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթանակ է տոնում ռեֆորմիստական թեւի թեկնածու Մասուդ Փեզեշկիանը: Պահպանողականների թեկնածու Սայիդ Ջալալին, չնայած առաջին փուլում երրորդ տեղը գրաված պահպանողական, խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի աջակցությանը, չկարողացավ հաղթել Փեզեշկիանին, որը առաջինն էր նաեւ առաջին փուլում:

Հաղթող թեկնածուն ստացել է ձայների ավելի քան 53 տոկոսը, թեեւ առաջին փուլում երկրորդ եւ երրորդ տեղը գրաված պահպանողականները միասին հավաքել էին նրանից ավելի շատ:

Փաստացի, երկրորդ փուլում ռեֆորմսիտական թեւին հաջողվել է ավելի արդյունավետ մոբիլիզացիա, քան պահպանողականներին, ինչը իր հերթին թերեւս նշանակում է, որ Իրանի իշխանության, կառավարման համակարգի պահպանողական թեւում ներքին մրցակցությունն ու բաժանարար գծերը թերեւս ավելի շատ են ու խորը, քան ռեֆորմիստական թեւում: Միեւնույն ժամանակ, ռեֆորմիստների թեկնածուի հաղթանակը վկայում է, որ Իրանի հանրությունը որոշակիորեն դժգոհ է պահպանողականներից եւ ուզում է փոփոխություններ: Իհարկե, նրանք գործադիր իշխանության ղեկը վերադարձրել էին ընդամենը 2021 թվականի ընտրությամբ, իսկ մինչ այդ 2013-2021 թվականները երկու ժամկետ նախագահել են ռեֆորմիստները:

Ընդ որում, դժվար է միարժեք ասել, թե արդյո՞ք ռեֆորմիստական թեւից նախագահ Հասան Ռոհանիից հետո նրանք չէին պահպանի իշխանությունը գործադիրում, եթե օրինակ 2020 թվականի հունվարին չլիներ պահպանողական թեւի եւ ընդհանրապես Իրանի պետական իշխանության առանցքային ֆիգուրներից մեկի՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը Բաղդադում, ԱՄՆ նախագահի քաղաքական որոշմամբ եւ ամերիկյան ուժերի կիրառմամբ:

Ի դեպ, հատկանշական է «յուրօրինակ» կոնտրաստային միտումը: Միացյալ Նահանգներում դարձյալ իշխանության ճանապարհին է Թրամպը, որը կամա, թե ակամա օգնել էր պահպանողականներին մոբիլիզացվել 2021-ի ընտրությունից առաջ եւ հեռացնել ռեֆորմիստներին, իսկ Իրանում նախագահ Ռեյիսիի հետ տեղի ունեցածծ ողբերգությունից հետո գործադիր իշխանության ղեկը վերստին ստանձնում է ռեֆորմիստական թեւը: Ի՞նչ սպասել Հայաստանին, բնականաբար ամենից շատ հետաքրքրող հարցն է: Հայաստանում Իրանի դեսպանը նախօրեին հայտարարել էր, որ նախագահի փոփոխությունը չի բերելու Հայաստանի հանդեպ բարեկամության փոփոխության:

Եթե իհարկե դա վերագրենք զուտ դիվանագիտական նրբանկատությանը, ապա, միեւնույն է, Իրանի իշխանության կառուցվածքն ու փիլիսոփայությունը հուշում է, որ նախագահի փոփոխությունը Իրանում ըստ էության իշխանափոխություն չէ, քանի որ գերագույն իշխանությունը, որը սահմանում է Իրանի պետական ընթացքը, գաղափարախոսությունը, ռազմավարությունը, առաջնահերթությունները, պատկանում է Գերագույն հոգեւոր առաջնորդին:

Այստեղ կարծես թե չկան անկայունության նշաններ, հետեւաբար, գործադիր իշխանության փոփոխությունը կարող է ավելի շուտ ենթադրել Իրանի ներքին հարաբերությունների որոշակի վերանայում՝ ռեֆորմիստների մոտեցումների տրամաբանությամբ, որոնք, ի դեպ, կարող են Իրանն ավելի ճկուն ու դիմադրունակ դարձնել արտաքին մարտահրավերների հանդեպ, արտաքին հարաբերությունների շարունակության համատեքստում:

Հայ հանրության ուշադրությունը գրավում, եւ մտահոգում է այն փաստը, որ Մասուդ Փեզեշկիանը ծագումով ադրբեջանաբնակ շրջանից է, թյուրքախոս: Սակայն, Իրանի կառավարող էլիտայում դա ամենեւին բացառիկ հանգամանք չէ, Իրանը բազմազգ երկիր է, կայսրություն՝ իր հազարամյա ավանդույթներով, եւ անկած էթնիկ ծագումից, այդ երկրի ղեկկին հայտնվում են իրանցիները, որոնք առաջնորդվում են իրանական պետականության շահերով: