27/12/2024

Մոսկվան ամեն ինչ վերագրում է Ռուսաստանը «ներսից պայթեցնելու արեւմտյան ծրագրին»

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինն օրերս սկանդալային հայտարարություն է արել՝ Ինչու՞ շատ երկրներ հանրային վայրերում մուսուլման կանանց արգելում են նիկաբ կրել, իսկ մեզ մոտ թույլատրված է,- ասել է նա եւ հռետորական հարցում արել. «Ովքե՞ր են Ռոստովի քննչական մեկուսարանը գրավել, ովքե՞ր են Դերբենտում եւ Մախաչկալայում ահաբեկչություն իրականացրել»:

Բաստրիկինը «Կրոկուսի» սպանդի մասին չի խոսել: Այստեղ մեղավորն արդեն նշանակված է՝ Ուկրաինան: Իսկ Դերբենտի եւ Մախաչկալայի մասով էլ վերդիկտ կայացրել է Չեչնիայի առաջնորդ Կադիրովը. «Մուսուլմաններն Ռուսաստանում ահաբեկչություն չեն իրականացրել»: Նա Բաստրիկինին խորհուրդ է տվել «բառեր ընտրելիս զգույշ լինել»:

Իսկ Քննչական կոմիտեն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Դաղստանի Սերգոկալեի շրջանի ղեկավար, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության տեղական կառույցի ղեկավար Օմարովի որդիները եւ զարմիկները մասնակցել են Դերբենտի եւ Մախաչկալայի ահաբեկչությանը եւ կալանավորված են, իսկ պաշտոնյայի դեմ կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Ստացվում է, որ Բաստրիկինը չի լսել «զգուշորեն բառեր ընտրելու» խորհուրդը եւ հրապարակայնացրել է, որ մուսուլմանները Ռուսաստանում ահաբեկչություն են կազմակերպել ու իրականացրել:

Ի՞նչ որոշում կընդունի Կրեմլը, Ռուսաստանի տարածքում նիկաբը կարգելվի՞: Երեւում է՝ Վլադիմիր Պուտինը դժվար ընտրության առջեւ է: Ըստ տեղեկությունների, Ռուսաստանի մուսուլմանների առաջնորդարանը պատկան մարմիններից ապացույցներ է պահանջում, որ ահաբեկչությունները «նիկաբ կրելու հետ կապ ունեն»: Անվտանգության դաշնային ծառայությունը գտնում է, որ նիկաբը թույլ չի տալիս, որ հանրային վայրերում տեղադրված տեսախցիկները «նույնականացնեն անձին»:

«Նեզավիսիմայա գազետա»-ն, որ, թերեւս, Ռուսաստանի համեմատաբար ազատ լրատվամիջոցներից է օրերս Դաղստանում տեղի ունեցած դեպք է հրապարակայնացրել: Տեղացի երիտասարդ կինը մանկաբարձական կոնսուլտացիայի է ներկայացել նիկաբով, իսկ երբ բժշկուհին խնդրել է, որ գլխանոցը հանի, նա բոողքել է: Կնոջն օգնության են հասել պոլիկլինիկայի դաղստանցի բժիշկները: Արդյունքում ռուս բժշկուհուն պարտադրել են, որ ներողություն խնդրի, նա հրաժարվել է եւ աշխատանքից հեռացվել:

Եթե նման դեպք տեղի ունեցած լիներ եվրոպական կամ պոստխորհրդային որեւէ երկրում, ապա Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, անկասկած, շանթուկրակ կթավեր «նեխած Արեւմուտքի» հասցեին, կմեղադրեր ռուսաֆոբիայի եւ երկակի ստանդարտների մեջ:

Ազգությամբ ռուս բժշկուհուն աշխատանքից հեռացրել են մուսուլման կնոջ կրոնական զգացմունքները վիրավորելու համար: Սա ահազանգ է:

Նիկաբն, իհարկե, ահաբեկչի հագուստ չէ, մահապարտի գոտի չէ, ոչ էլ կարելի է կրոնական սովորույթները գնահատել որպես «հակվածություն ահաբեկչությանը»: Բայց եթե թեման հրապարակայնացվել է, ուրեմն խնդիրներ կան: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի «սուվերեն քաղաքակրթության» պուտինյան դոկտրինը գործնականում իրեն չի արդարացնում կամ առնվազն ոչ լիովին է արդարացնում:

Մոսկվան, իհարկե, ամեն ինչ վերագրում է Ռուսաստանը «ներսից պայթեցնելու արեւմտյան ծրագրին»: Բացառված չէ, որ արեւմտյան հատուկ ծառայությունները նման քայլեր ձեռնարկում են: Բայց նրանք հաջողություն չեն ունենա, եթե Ռուսաստանի իսլամադավան հանրության շրջանում սոցիալական հենարան չունենան:

Երեւում է՝ Ռուսաստանին չի հաջողվել ձեւավորել պատմական ընդհանուր հիշողություն, եւ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մոտ, այնուամենայնիվ, նվաճվածի, հպատակեցվածի բարդույթ կա: Աշխարհաքաղաքական էքզիստենցիալ դիմակայության մեջ դա, իրոք, Ռուսաստանի համար սպառնալիք է: Պուտինը կընտրի՞ ֆեդերալ օրենսդրությամբ հանրային կյանքի կանոնակարգումն ունիվերսալացնելու տարբերակը թե՞ կվերակագնի Ելիցինի սահմանած ստատուս-քվոն. «Վերցրեք այնքան ինքնուրույնություն, որքան կարող եք իրացնել»: