08/09/2024

Ինչպե՞ս է պատրաստվելու վճռորոշ շրջափուլին Հայաստանը

Կովկասի անվտանգության միջավայրի վրա շոշափելի ազդեցություն, Կովկասում դերակատարման հավակնություն ունեցող խոշոր խաղացողների շրջանում ներքին վերադասավորումները կարծես թե մոտենում են ավարտին:

Մասնավորապես, արդեն հայտնի է Իրանի նոր նախագահի անունը՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով նշանակված արտահերթ ընտրության արդյունքում: Ավելի վաղ, Հնդկաստանում խորհրդարանի ընտրության արդյունքում իշխանությունը պահպանեց վարչապետ Մոդիի գլխավորած ուժը:

Նախորդ տարի նախագահի ընտրությամբ իշխանության պահպանման հարցը լուծեց Էրդողանը, իսկ ընթացիկ տարում՝ Պուտինը: 2023-ի գարնանը իշխանության ամրապնդման հարցը լուծեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Բրիտանիայում օրերս կայացած արտահերթ ընտրության հետեւանքով թորիների 14-ամյա կառավարումից հետո իշխանության եկան եւ կառավարություն են կազմում լեյբորիստները: Հուլիսի 7-ին շատ բան պարզ կլինի Ֆրանսիայի առնչությամբ, որտեղ կայանալու է խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը:

Առաջինում, ինչպես հայտնի է, ավելի քան 34 տոկոս ձայնով հաղթել են աջերը, իսկ նախագահ Մակրոնի կուսակցությունը ընդամենը 20 տոկոսով զբաղեցրել էր երրորդ տեղը: Ինչ կփոխվի այդ պատկերում հուլիսի 7-ի քվեարկության արդյունքում, արդյո՞ք հնարավոր է սցենար, երբ նախագահ Մակրոնը կդիտարկի նաեւ նախագահհի արտահերթ ընտրության հնարավորություն, թե՞ կպահպանի իշխանությունը երկրորդ տեղը զբաղեցրած ձախերի հետ կոալիցիայով:

Այս հարցերի պատասխանները կախված են հուլիսի 7-ի քվեարկությունից: Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ընտրության արդյունքից էլ կախված է այն, թե իշխանության հարցն ինպես կհանգուցալուծվի Սպիտակ տանը: Այդպիսով, մեծ հաշվով, Կովկասում էական, շոշափելի քաղաքական զարգացումները պայմանավորող ուժային կենտրոնների «բարձրագույն խմբում» իշխանության հարցի անորոշություն է առայժմ միայն Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում:

Առաջիկա օրերին, շաբաթներին եւ ամիսներին կորոշակիանան նաեւ այդ հարցերը եւ սա թերեւս կնշանակի, որ «բարձրագույն խմբի» մրցակցությունը՝ ինչպես այլ ռեգիոններում, այդպես էլ Կովկասում կարող է մտնել իսկապես վճռորոշ փուլ:

Դրան ընդառաջ, Իլհամ Ալիեւը անցկացնում է նախագահի, հիմա էլ խորհրդարանի արտահերթ ընտրություն: Աշնանը խորհրդարանի հերթական ընտրություն է Վրաստանում: Ինչպե՞ս է պատրաստվելու վճռորոշ շրջափուլին Հայաստանը: