18/07/2024

Մտավորական, ով վաղվա սերունդի ժամանակակիցն է լինելու

Երվանդ Մանարյան-100

Անցած դարի հայ ճշմարիտ մտավորականների առատությունն արդեն կարոտախտ է դարձել։ Ներկայիս առկախ ժամանակներում քիչ թե շատ արժանավայել նշվեցին Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, Սերգեյ Փարաջանովի, Առնո Բաբաջանյանի, Պարույր Սեւակի, Շառլ Ազնավուրի 100-ամյակները։ Հուսանք, կգտնվեն մեծն Երվանդ Մանարյանին ու Գոհար Գասպարյանին հիշողներ, որոնց ծննդյան 100-ամյակները լրանում են այս տարի։

Այս նվիրյալ մտավորականներն այսօր անորոշության մորմոքից, եղկելի խառնակչությունների տարափից ինչքան պիտի նեղվեին, բայց դա ուրիշ խոսակցության նյութ է։ Ողջերիս համար ցավ է, որ լրջախոհ մտավորականների թափուր տեղն այդպես էլ մնում է դատարկ։ Կան, իհարկե, նրանց տեղին հավակնող պատեհապաշտներ՝ ինչքա՜ն ուզեք։ Դրանց մի մասը հանկարծակիի գալով լռվել է, մյուսը շատախոսությամբ լրացրել «հեքիաթասաց-քաղաքագետների» շարքը, եւ դեռ լավ է, որ նրանց «խոսույթից» հեռուստացույցները չեն պայթել։ Ամենամոտ 100-ամյակը Երվանդ Մանարյանինն է՝ օգոստոսի 10։ Փաստենք՝ որպես դերասան, նա հայտնի է բոլորին, որպես գրչի վարպետ՝ երեւի քչերին։ Ազգային զարթոնքի տարիներին թերթերից մեկում Երվանդ Մանարյանը ներկայացնում էր պարսկական դասական պոեզիայի ընտրանին։ Ցավոք, թերթը երկար կյանք չունեցավ, Մանարյանի սկսած գործը մնաց անավարտ։ Այն գրքի մարդու, որ մի գիշերում «Տժվժիկ» ֆիլմի հյութեղ արեւմտահայերենով սցենարը գրեց։

Խոսել Երվանդ Մանարյանի մասին եւ նրան չհամադրել Վահրամ Փափազյանի, Արման Կոթիկյանի հետ՝ ազնիվ չի լինի։ Նրանց միջեւ առկա է մի կարեւոր ընդհանրություն. որպես գրչի մշակներ՝ հիանալի տիրապետում էին գրավոր խոսք ու բանին, ասելիք ունեին՝ միտված գալիքին։ Ասելիքն այն է՝ երեքն էլ տիտղոսակիր մտավորականներ էին։ Մտավորական Մանարյանը մեզ ուղեկցելու է իր ինքնատիպ, ազատական շրջահայեցողությամբ։ Մի կարեւոր բան էլ բաց չթողնենք․ 1988-ից ի վեր Երվանդ Մանարյանը համաժողովրդական շարժման առաջամարտիկներից էր։ Մի առիթով, թեյի սեղանի շուրջ զրուցելիս, Երվանդ Մանարյանը կարծիք հայտնեց, որ մտավորականներից առավել լրջախոհն ու հայոց անկախ պետականության աներեր ջատագովն օպերային թատրոնի ղեկավար Տիգրան Լեւոնյանն է, հավելեց, որ Լեւոնյանի հայերենն անբասիր է, խոսքը՝ անմիջական եւ պատկերավոր, իսկ ամենակարեւորը՝ դիվանագիտորեն արժանավայել։

Ի դեպ, վարպետ Մանարյանն առիթը բաց չէր թողնում կրկնելու Տիգրան Լեւոնյանի կարապի երգը դարձած խիստ պատկերավոր խոսքը․ «Այս իշխանությունները (1998-ից սկսած՝ հեղ․) նման են կոկորդիլոսի։ Կոկորդիլոսի համար մարդը շարժվող կեր է»։ Երվանդ Մանարյան-մտավորականը չէր սիրում ծանծաղամիտ, անբովանդակ երգ-երաժշտություն։ Նա Շառլ Ազնավուրին համարում էր ոչ այնքան ազգային մեծություն, որքան համամարդկային արժեք, քանզի Ազնավուրը միայն մերը չէ, Ազնավուրը համայն մարդկությանն է։ 2018-ին, երբ Շառլ Ազնավուրն այլեւս մեզ հետ չէր, Մանարյան-մտավորականը գոհունակությամբ ընդունեց այն փաստը, որ Շառլ Ազնավուրը հուղարկավորվեց այն երկրում, որն իր արվեստի օրրան էր, չմոռացվեց, հավուր պատշաճի փաստվեց նրա ազգային տեսակը։ Մանարյան-արվեստագետն ընդդիմանում էր հանրության «էլիտար» տեսակին եւ իշխանություններին, որոնց խելքին փչել էր մայրաքաղաքի կենտրոնի փողոցների խաչմերուկում Ազնավուրի արձանը կանգնեցնել, եւ «Զվարթնոց» օդանավակայանն էլ մտադիր էին անվանափոխել՝ Ազնավուրի անունով կոչել։ Գիտե՞ք ինչու․ որովհետեւ «Մեր ժողովրդի եւ գործող իշխանությունների նմանությունը չափի զգացումի բացակայությունն է»։

Խորհրդային տարիներին Մանարյան-մտավորականն իրեն հեռու էր պահում իշխանավորների ստվերը դարձած կոչումնավոր «ընտրախավից»։ Նրա՝ «Կոստյո՞ւմն է, որ քեզ պիտի զարդարե․․․» թեւավոր խոսքը, կարծում ենք, ուղղված էր հենց նրանց՝ վերեւներում հայտնված կոչումնավոր պատեհապաշտներին։ Այսօր էլ խոսքի վարպետի այդ խոսքը խիստ այժմեական է․ «Կոչո՞ւմն է, որ ձեզ պիտի զարդարե․․․»։

Մարտին եւ Արամայիս Ասլանյաներ