26/12/2024

Վրաստանի իշխանությունների մոտ այն հաշվարկն էլ կա, որ միգուցե Թրամփը գա իշխանության, և նրա հետ կարողանան օրակարգ ձևավորել

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է:

Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում լրագրողների hետ զրույցում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին ասել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։

Գերչինսկին նկատել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն երկիրը հեռացնում է ինը քայլի կատարումից, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս որոշումը՝ վրացագետ Ջոնի Մելիքյանն ասում է, որ «հարցականները շատ են, և յուրաքանչյուր կողմ ինքն իր մասով գնացել է վաբանկ»:

«Կտրուկ քայլեր ու հայտարարություններ են արվում, որոնք լուրջ հարվածում են Վրաստան-ԱՄՆ, Վրաստան-ԵՄ հարաբերութուններին, սակայն ստատուս-քվոն ինչ-որ չափով կպահպանվի, և բոլորը սպասելու են գալիք ընտրություններին, առաջին հերթին՝ Վրաստանում, դրանից հետո՝ Վաշինգտոնում, որից հետո շատ բան կարող է փոխվել»,- նկատում է Մելիքյանը:

Վրացագետի խոսքով՝ այս գործընթացները ռիսկային են նաև Հայաստանի համար. «Այն քայլը, որը արվում է Վրաստանի նկատմամբ, ինչ-որ չափով Վրաստանին ԵՄ-ից հեռացնելու է, և եթե անդառնալիորեն փոխվեն այդ հարաբերությունները, դա ուղղակի ազդեցություն կունենա մեզ վրա: Ինչքան էլ ակտիվ օրակարգ ունենանք մյուսների հետ, մենք շրջափակված ենք լինելու պետություններով, որոնք ունեն խնդիրներ Բրյուսելի հետ: Պետք չէ հիշեցնել, որ 4 հարևաններից 3-ը շատ տիպիկ հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ, ուստի այս պարագայում, եթե Վրաստանը ևս հեռանա եվրոպական այս ուղուց, ապա այս ամենը մեզ վրա լուրջ ազդեցություն կունենա: Մեզ համար շատ կարևոր է, որ առնվազն այս տարվա վերջ հարաբերությունները Թբիլիսիի և Բրյուսելի միջև կայունանան, ինչը նաև դրականորեն կազդի մեզ վրա»:

Զրուցակիցը ընդգծում է՝ շատ կարևոր է, որ Վրաստանն ունենա մի կողմից կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչը տնտեսապես Հայաստանի համար շատ կարևոր է, մյուս կողմից լինի առողջ օրակարգ ԵՄ-ի հետ, ինչը թույլ կտա զարգացնել թե՛ առևտրաշրջանառությունը դեպի Եվրոպա, թե՛ նաև առաջ շարժվել եվրոատլանտյան քաղաքականության մեջ և հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

Միաժամանակ վրացագետն ասում է, որ երկու կողմն էլ շատ պրագմատիկորեն իրենց հաշվարկով փորձում են իրավիճակն իրենց օգտին օգտագործել:

«Վրաստանի իշխանությունները, վստահ լինելով, որ այս քայլով իրենք հոկտեմբերին վերընտրվելու են, գնացին խնդրահարույց օրենքի ընդունմանը՝ հասկանալով՝ ինչ ազդեցություն կունենա այն: Մյուս կողմից՝ Բրյուսելում էլ պաշտոնյաները, որոնք շատ կոշտ ու կոպիտ հայտարարություններ են անում, մոտ ապագայում փոխվելու են, և տարվա վերջ, կարծում եմ, կվերականգնվեն հարաբերությունները, քանի որ, ի վերջո, կա աշխարհաքաղաքական պայքար՝ մրցակցություն, և ԵՄ-ն, չունի այն շռայլությունը, որ հետ թողնի Վրաստանին դեպի այլ տարածաշրջանային խաղացողներ՝ սկսած Չինաստանից, վերջացրած ՌԴ-ով: Ուստի այս պարագայում Բրյուսելը ևս անգամ այս իշխանությունների հաղթանակի դեպքում երկխոսություն է սկսելու, միգուցե ավելի կոշտ օրակարգով: Այս ամենը սև սպիտակի մեջ դիտարկել, այսօրվա կոշտ հռետորաբանությունը երկու կողմից էլ կարող է փոխվել»,- նկատում է Ջոնի Մելիքյանը:

Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունների մոտ այն հաշվարկն էլ կա, որ միգուցե Թրամփը գա իշխանության, և նրա հետ կարողանան օրակարգ ձևավորել. «Մյուս կողմից մտածում են, որ նույնիսկ, եթե Թրամփը չընտրվի, բայց իրենք վերընտրվեն, կկարողանան վերականգնել հարաբերությունները: Այս իշխանությունները շատ պրագմատիկ են և փորձում են բալանսավորել իրենց արտաքին քաղաքականությունը: Արևմուտք-ՌԴ բախման ֆոնին Վրաստանը փորձում է սեղանի շուրջ լինել, այլ ոչ թե սեղանի վրա: Վրաստանի իշխանությունները նաև փորձում են չլինել զենք ՌԴ-ի դեմ, մյուս կողմից չլինել նաև ՌԴ ազդեցության տակ»:

Կրկին վերադառնալով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս քայլը Հայաստանի վրա, և ի՞նչ հետևություններ պետք է անել այս ամենից՝ Ջոնի Մելիքյանն ասում է՝ Վրաստանի վերջին տասնամյակների փորձը՝ թե՛ դրական, թե՛ բացասական, մեզ համար շատ կարևոր է:

«Ով էլ Թբիլիսիում գա իշխանության, հարաբերությունները բարձր մակարդակով պետք է շարունակել: Շատ հարցեր կան, որտեղ մենք պետք է ակտիվ աշխատենք, Վրաստանն ունի եվրոինտեգրման փորձ, որը մենք պետք է միշտ ի նկատի ունենանք: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ն անում է մի բան, ինչը Բրյուսելին դուր չի գալիս, դրա շարունակությունը կարող է նույն ճգնաժամն առաջացնել արդեն մեր նկատմամբ: Ուստի շատ նուրբ իրավիճակ է, և նույնիսկ այս ճգնաժամը մեզ համար լավ փորձառություն է, որը պետք է ուսումնասիրենք և մեր ապագա քայլերում չպիտի թույլ չտանք»,- եզրափակում է վրացագետը: