Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում կայացրեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին, «Գոյ» թատրոնի աշխատակիցները Սունդուկյան թատրոնից ծանուցումներ ստացան աշխատանքային պայմանագրերի վերանայման մասով։
«Գոյ»-ի դերասան Սամվել Թոփալյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում էր արել՝ նշելով, որ ինքը եւս աշխատանքից ազատման նամակ է ստացել:
«Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն այս իրավիճակում տրամաբանական է համարում դերասանների՝ աշխատանքից ազատվելու փաստը, քանի որ․ ««Գոյ» թատրոնն այս տարի, կառավարության որոշման համաձայն, «ապօրինի» միացավ Սունդուկյան թատրոնին, եւ այլեւս իրավահաջորդ էր հանդիսանում Սունդուկյան թատրոնը: Սունդուկյան թատրոնն էլ «Գոյ» թատրոնի աշխատակիցներին ծանուցումներ ուղարկեց, որ՝ համեցեք, աշխատեք Սունդուկյան թատրոնում։ Այդ ծանուցումները տարբեր դերասանների տարբեր ժամկետներով են ուղարկվել, վերջիններից մեկն էլ Սամվել Թոփալյանն էր, ով նման գրառումով հանդես եկավ: Օրենքով ի՞նչ է նախատեսվում․ որ եթե պայմանների էական փոփոխման չես գնում եւ չես ստորագրում այդ պայմանագիրը, դա արդեն տնօրենի կողմից լուծարվում է, այսինքն՝ աշխատողին հեռացնում են աշխատանքից: Ընդամենը պարզ գործողություն է կատարվել, հատկապես որ մենք էլ հայտարարել ենք, որ չենք աշխատելու Սունդուկյան թատրոնի կազմում, ինչին հավատարիմ ենք մնացել։ Ըստ այդմ՝ Սունդուկյան թատրոնի տնօրենն էլ հեռացրել է մեզ աշխատանքից, որը նորմալ է, թեպետ մեծ աղմուկ է առաջացրել: Լավ չէր լինի, եթե մենք գնայինք ու աշխատեինք Սունդուկյան թատրոնում»:
Ինչ վերաբերում է «Գոյ»-ի կարգավիճակին, եւ թե նախարարության հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Սարգիս Արզումանյանը նշեց, որ նախորդ շաբաթ եւս մեկ անգամ հանդիպել են ԿԳՄՍ նախարարի հետ` քննարկելու «Գոյի»՝ անկախ թատրոն լինելու հարցը, որովհետեւ. «Այն պահից, երբ նստացույցը մենք դադարեցրինք, նախարարության հետ մինչ օրս անկախ թատրոնի այդ փաթեթի վրա աշխատում ենք, փորձում ենք կարգավորել խնդիրը, եւ կարծես թե այդ ամենը ստացվում է: Ի ուրախություն մեզ, կարծես ոչ թե 2025-ից, այլ հենց այս տարվա սեպտեմբերից այդ ամենը կլինի»:
Ի՞նչ ձեւաչափով է գործելու անկախ թատրոն դարձած «Գոյը», մնալո՞ւ են նույն տարածքում, թե՞ տեղափոխվելու են նոր հասցե։ Ս. Արզումանյանը նշեց, որ քննարկվում է նաեւ այդ հարցը. «Նախարարությունն ինչպես որ «Գոյ» թատրոնը ՊՈԱԿ-ից զրկելու նախագիծ ներկայացրեց կառավարությանը, ու վերջինս էլ դա հաստատեց, հիմա նույն նախարարությունը պատրաստակամություն է հայտնել, եւ անձամբ Ժաննա Անդրեասյանն ուզում է մեզ աջակցել…»։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։ «Վերաբերմունքը, այսպես ասած` կոմունիկացիա, շփում տեղի ունեցավ մեր եւ Ժաննա Անդրեասյանի միջեւ: Մենք խոսեցինք, բացատրեցինք, եւ այս մարդիկ հասկացան, որ իսկապես սխալվել են այս որոշումը կայացնելիս, եւ հիմա պատրաստակամություն ունեն օգնելու, եւ այն գումարը, որը տրամադրվում էր այդ ՊՈԱԿ-ին, պատրաստակամ են տալ անկախ թատրոնին: Հիմա այդ ծրագիրը կգրեն, կուղարկեն կառավարություն, հուսանք՝ կառավարությունն էլ կհաստատի, եւ սեպտեմբերից կլինի այն, ինչ կլինի»:
Պետական աջակցությունն ուղիղ «Գոյ»-ի՞ն է տրվելու, թե՞ այլ խողովակներով` Սունդուկյան թատրոնի միջոցով։ «Սունդուկյան թատրոնի հետ այլեւս կապ չունենք եւ չենք էլ ունենալու, տրվելու է «Գոյ» ՍՊԸ-ին` «Գոյ» անկախ թատրոնին: Թատրոնների անկախացման համար սա որպես նախագիծ, պիլոտային ծրագիր է լինելու, այսպես ասած՝ էքսպերիմենտ է կատարվում մեզ հետ, որ հետո մյուս թատրոնների համար էլ, որպես նախադեպային երեւույթ, ՊՈԱԿ-ներից դարձնեն անկախ թատրոն»,- ասում է Արզումանյանն ու նկատում, որ այս՝ մեծ պիլոտային ծրագրի առաջին շահառուն իրենք են լինելու: Ինչ վերաբերում է դատական գործերին, ապա դրանք զուգահեռաբար ընթանում են:
Մի հանգամանք եւս․ քանի որ թատրոնը դառնալու է անկախ, ապա գեղարվեստական ղեկավարի գործառույթը, ըստ Ս. Արզումանյանի, այլեւս արդի չի լինելու: Կա՞ որեւէ առճակատում թատրոնի գեղղեկավար Արթուր Սահակյանի հետ։ «Ոչ, որեւէ բան չկա կոլեկտիվի մեջ, Արթուր Սահակյանը «Գոյ» թատրոնից է եւ «Գոյ» թատրոնում անելու է բեմադրություններ»:
Այդուհանդերձ, սրբազան պայքարի շրջանակներում, երբ «Գոյ»-ի` «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացումը բացօթյա խաղացվեց, թատրոնից հաղորդագրություն տարածեցին՝ նշելով, որ դա չի հանդիսանում «Գոյ» թատրոնի նախաձեռնությունը, սա ընկալվեց ու մեկնաբանվեց որպես բաժանում։ «Ոչ, նման բան չկա, պարզապես թյուրիմացություն է եղել, ներքին պայմանավորվածության ոչ ճիշտ ընկալում է եղել, մենք միշտ ասել ու շեշտադրել ենք, որ մեր պայքարում «Գոյ» թատրոնը քաղաքական ենթատեքստեր չպետք է ունենա, բայց այդ քայլով կարծես թե քաղաքական ենթատեքստ էր լինելո։ Այսինքն՝ ընդամենը մեր ներքին պայմանավորվածությունն է խախտվել, բայց ոչ թե կոնֆլիկտ է եղել, ու մենք բաժանվել ենք»:
Նոր կազմավորվող անկախ «Գոյ» թատրոնի տնօրենը հենց Սարգիս Արզումանյանն է լինելու, ճիշտ է՝ թատրոնը փաստացի դեռ գործունեություն չի ծավալում, բայց իրավաբանական առումով արդեն կա: Զրուցակիցս նկատում է` անկախ թատրոնն էլ ունենալու է ոչ թե գեղղեկավար, այլ՝ գեղարվեստական խորհուրդ. «Այսինքն՝ այդ պատասխանատվությունը դրվելու է ոչ թե մեկ հոգու ուսերին, այլ մի քանի հոգու` էլի մեր թատրոնի անձնակազմից, որի մեջ ներառված է լինելու այդ թվում Արթուր Սահակյանը»:
Բաց մի թողեք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը. Լուսանկար
Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում․ Լուսանկար