08/09/2024

Մոսկվան նաեւ Թուրքիայի, թուրքական աշխարհի հետ է մեծ հույսեր կապում

Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ աշխարհաքաղաքական հակասություններ եւ շահերի ֆունդամենտալ հակամարտություն չկա: Չինաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները ռազմավարական նշանակություն եւ գլոբալ ազդեցություն ունեն,-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Իր հերթին Հունգարիայի վարչապետն ասել է, որ պաշտպանում է ուկրաինական կարգավորման Չինաստանի նախաձեռնությունը:

Ուկրաինական կարգավորման չինական նախաձեռնությունը պաշտոնապես հրապարակվել է անցյալ տարի՝ այդ երկրի արտաքին գործերի նախարարության կողմից: Պեկինի առաջարկության «մեկը» հակամարտությունը կողմերի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի հիման վրա կարգավորման գերակայությունն է: Մնացածը հումանիտար բնույթի հարցերի թվարկում է:

Վիկտոր Օրբանը Պեկին է մեկնել Թուրքական պետությունների կազմակերպության ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո, որտեղ, երեւում է, ուկրաինական կարգավորման հարցում հօգուտ Ռուսաստանի ինչ-որ «նոտա հնչեցնելու» նրա առաքելությունը չի կայացել. Ամփոփիչ փաստաթղթում հստակ արձանագրված է, որ ԹՊԿ-ն սատարում է վիճելի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով եւ երկրների տարածքային ամբողջականությամբ հարգման գերակայությամբ կարգավորելու «անխախտելի սկզբունքներին»:

Ձեւակերպումը հասկանալի է, ինչպես ռուսներն են ասում՝ «անգամ ոզնուն». Թուրքիան հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Ղրիմի ռուսաստանապատկանությունը: Նույն դիրքորոշումն ունենա ԹՊԿ անդամ երկրները, որոնցից երկուսը՝ Ղազախստանը եւ Կիրգիզիան, ի դեպ, Ռուսաստանի հետ անվտանգության նույն համակարգի՝ ՀԱՊԿ-ի մաս են կազմում:

Սի Ծինփին-Օրբան բանակցությունները կարելի է համարել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գլոբալ մեկուսացվածության հստակ արձանագրում. եթե Չինաստանը Եվրամիության հետ շահերի ֆունդամենտալ հակամարտություն չունի, իսկ ԵՄ –ում Ռուսաստանի լոբբիստ Հունգարիան ընդունում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությամբ, ինչը փաստացի ձեւակերպել են նաեւ ԹՊԿ անդամ երկրները, ապա ո՞րն է Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրելու՝ Ռուսաստանի նպատակի քաղաքական աջակցությունը:

Նման աջակցություն չկա, որովհետեւ ՌԴ նախագահ Պուտինը մերժել է շփման գծում հրադադար հաստատելու առաջարկությունը: Մոսկվային մնում է մի կռվան՝ տակտիկական միջուկային զենքի կիրառման սպառնալիքը: Ըստ երեւույթին, հաշվարկն այն է, որ եվրոպական երկրները, ելնելով սեփական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, կընդդիմանան Միացյալ Նահանգներին:

Դատելով Հունգարիայի վարչապետի հայտարարությունից, Վիկտոր Օրբանը չափազանց զգուշորեն է գնահատում իրավիճակը: Եւ առհասարակ ո՞վ է երաշխավորում, որ նախագահի փոփոխության դեպքում ԱՄՆ-ը Ռուսաստանին «արտոնելու է Եվրոպայի հետ վարվել» ինչպես ցանկանում է: Մոսկվան նաեւ Թուրքիայի, թուրքական աշխարհի հետ էր մեծ հույսեր կապում: Ինչ ստացվեց իրականում, Շուշիում ԹՊԿ գագաթաժողովն է վկայում, որից երկու օր անց Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Կիրգիզիան եւ Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Չինաստան այցից հետո, իհարկե, Պուտինը կարող է Հունգարիայի վարչապետին ասել: «Եւ դու՞, Վիկտոր»: Բայց նման դեպքի համար իրենք՝ ռուսները, հայտնի արտահայտություն ունեն. «Քո անկման համար ես մեղավոր չեմ»: