08/09/2024

Սամանթա Փաուերի այցը այն խնդիրների ու նպատակների ընդհանուր շրջանակում է

Հուլիսի 8-11-ին Հայաստան է այցելում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:

Նա իր այցի ընթացքում Հայաստանում տարբեր շրջանակների հետ քննարկելու է աջակցության ծրագրեր, որոնք ըստ հաղորդագրության միտված են լինելու Հայաստանի դիմակայունության բարձրացմանը: Փաուերը կքննարկի նաեւ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրեր: Անկասկած է, որ Սամանթա Փաուերի այցը այն խնդիրների ու նպատակների ընդհանուր շրջանակում է, որ հետապնդում է Միացյալ Նահանգները թե ռեգիոնալ զարգացումների, թե այդ համատեքստում նաեւ Հայաստանի հետ հարաբերության իմաստով:

Դրանց մասին առավել հստակ եւ բաց տեքստով խոսել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Ջեյմս Օ Բրայանը, որն ինքն էլ մեկ ամիս առաջ Հայաստանում էր: Անցնող ամիսն ըստ էության Հայաստանում առատ է եղել ամերիկյան բարձրաստիճան տարբեր պատվիրակությունների այցերով, սակայն ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի այցը թերեւս պետք է առանձնացնել:

Ոչ միայն այն պատճառով, որ նախագահ Օբամայի պաշտոնավարման տարիներին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, այդ պաշտոնը թողնելուց հետո նաեւ որոշ ժամանակահատված Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնախմբի անդամ եղած Սամանթա Փաուերը մշտապես բավականին ջերմ վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի հանդեպ:

Ի վերջո, պետք է նկատել, որ Փաուերը ներկայումս ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է, որը իր առաքելությունն իրականացնում է ոչ թե իր սուբյեկտիվ մոտեցումների, այլ ԱՄՆ շահերի եւ քաղաքականության համատեքստում:

Այդուհանդերձ, նաեւ անկասկած է, որ մարդկային զգացումների ջերմությունը կարող է կատարել աշխատանքային արդյունավետության նպաստող դեր: Իսկ Սամանթա Փաուերի այցը հարկ է առանձնացնել նաեւ հենց այն առումով, որ նա ղեկավարում է ամերիկյան քաղաքականության՝ այսպես ասած պրակտիկ, շոշափելի գործիքներից մեկը՝ ԱՄՆ ՄԶԳ գործակալությունը, որը հայ-ամերիկյան հարաբերության առարկայականության համար կարեւոր ձեւաչափերից մեկն է, ըստ այդմ հարաբերության մասին բավականին հնչեղ խոսակցությունների պարագայում՝ դրանք շոշափելի գործի վերածելու պատեհ հարթակ ու հնարավորություն:

Ի վերջո, միջպետական հարաբերություններում կա թերեւս ոսկե մի կանոն՝ որքան էլ հնչեղ ու պերճ չլինի հռետորաբանությունը, մտադրությունների եւ պատրաստակամությունների մասին բարձրաձայնումները, միեւնույն է՝ փոքր, բայց առարկայական եւ շոշափելի գործերը, ծրագրերը, տնտեսական փոխշահեկան հարաբերությունները շատ ավելի խոսուն ու ամուր են, հետեւաբար նաեւ բարձր՝ իրենց ՕԳԳ-ով: