ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը Հայաստան այցի շրջանակում հանդիպելով Նիկոլ Փաշինյանին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է հետեւողական աջակցություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումներին:
Սամանթա Փաուերն իր այցի ընթացքում հանդիպել է տարբեր խմբերի հետ, գործարարներ, պետական կառույցներ, Արցախից բռնի տեղահանվածներ, քննարկելով ԱՄՆ ՄԶԳ աջակցության հնարավոր ուղղությունները:
Նկատելի է, որ Փաուերի հայաստանյան այցի այսպես ասած գործնական օրակարգում այս անգամ զգալի տեղ է զբաղեցրել տեխնոլոգիական բաղադրիչը, առավել նկատելի են եղել շփումները տեխնոլոգիական ոլրտի թե ոչ կառավարական, թե կառավարական ինստիտուտների հետ:
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ ՄԶԳ հայտարարել է Հայաստանում «Բարձրտեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն» ստեղծելու մասին՝ Ինժեներական քաղաքում, ինչպես նաեւ այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ ՄԶԳ 5 միլիոն դոլար է հատկացնելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:
Խոշոր հաշվով, բարձրտեխնոլոգիական ոլորտը ժամանակակից աշխարհում դառնում է հանրային ու պետական կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների շարժիչն ու զարգացման հիմքը, եւ ԱՄՆ ՄԶԳ տնօրենի այցը փաստացի հնարավոր է բնորոշել որպես այդ հիմքի խորացմանը կամ ձեւավորմանը միտված քայլ:
Տվյալ պարագայում սակայն կա գերկարեւոր մի հանգամանք: Ավելորդ է ասել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխարհում ամերիկյան շահերի առաջմղման կարեւոր, առանցքային գործիքներից մեկն է: Եվ սա ոչ միայն զարմանալի կամ տարակուսելի չէ, այլ միանգամայն օրինաչափ է ցանկացած գերտերության պարագայում:
Հետեւաբար, ԱՄՆ ՄԶԳ տնօրենի հայաստանյան այցը դիտարկելիս, կարեւոր նախաձեռնություններն ու գնահատականները արձանագրելիս հարկ է չմոռանալ այն մասին, որ արդյունավետությունը պայմանավորված է «հանդիպակաց» տրամաբանության ապահովմամբ:
Այլ կերպ ասած, դիտարկել այցը ոչ թե Հայաստանին արվող բարեգործություն կամ «լավություն», այլ ամերիկյան քաղաքականության նախաձեռնություն, որին ընդառաջ պետք է իհարկե պատասխանատու եւ լրջմիտ կերպով դրվի Հայաստանի շահերի վրա հիմնված կոնցեպտուալ մոտեցումների փաթեթ, որի հիմքում էլ պետք է լինի Հայաստանի արդյունավետ եւ որակյալ կառավարումը:
Այդ դեպքում միայն հայ-ամերիկյան գործակցության տվյալ հարթությունը կունենա փոխադարձ շահի վրա հիմնված առաջընթաց, երբ կողմերը կգործակցեն, լավ պատկերացնելով ոչ միայն ընդհանուր հետաքրքրությունները, այլ նաեւ այն հանգամանքներն ու գործոնները, որտեղ այդ հետաքրքրությունները կարող են կանգ առնել կամ ավարտվել: Սա է ցանկացած միջպետական գործակցության առանցքային, աքսիոմատիկ բանաձեւը:
Ըստ այդմ, ամերիկյան կարեւոր նախաձեռնությունների հայաստանյան շահերին էլ համահունչ ու ներդաշնակ ադապտացիան եւ գեներացիան կախված է նրանից, թե Հայաստանում այդ նախաձեռնությունները ինչպիսի մենեջմենտի կարժանանան թե հանրային, թե առավել եւս պետական կառավարման տիրույթում, այդ մենեջմենտը որքանով կլինի պատասխանատու, հետեւողական եւ կոմպետենտ, խորապես գիտակցելով, որ հարցի արժեքը ոչ թե Հայաստանի համար արդյունավետ խնամակալի փնտրտուքն է, այլ Հայաստանը որպես պատասխանատու եւ արդյունավետ գործընկեր դիրքավորելը:
Բաց մի թողեք
Անկարան չի ուզում հայ-թուրքական հարաբերության կարգավորում, քանի դեռ անորոշ է դրա «միջազգային գինը»
«Ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն
Ազգային ժողով, այս ինչ է դարձել․ Ինչ որ տեղ, ինչ էր բան սխալ է․ Անկեղծ ու ցավոտ զրույց