08/09/2024

Մեղադրել են իրար Փաշինյանին իշխանության բերելու կամ պահելու համար, խոսել Սերժ Սարգսյան-Փաշինյան պայմանավորվածության մասին

Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը հուլիսի 9-ին շարունակել է մեկ օր առաջ իր իսկ սկսած «փոխհրաձգությունը» մեկ այլ նախկին ոստիկանապետ, իր նախկին ենթակա Վալերի Օսիպյանի հետ, նրան դարձյալ անվանելով դավաճան:

Նախօրեին մեկնարկած պատմությանը արդեն ծանոթ են թերեւս շատերը: Այսօր Վովա Գասպարյանը արձագանքելով Օսիպյանի պատասխանին, ասել է, որ նրան դավաճան է բնորոշում, որովհետեւ 2018-ին նա եղել է իշխանության ու Նիկոլ Փաշինյանի միջեւ կապավորը, փոխանցելով իրենց ասելիքը:

Սրան ինչ կարձագանքի Օսիպյանը, թերեւս կերեւա շատ շուտով, բայց էականն այստեղ նախկին ոստիկանապետերի այդ զբաղմունքը չէ: Դրա «նկարագրին» առիթ ունեցել եմ անդրադառնալ: Տվյալ դեպքում ուշադրության առարկան այն է, որ Գասպարյանի հայտարարությունը հանրային, քաղաքական տարբեր շերտերի վերստին տվել է 2018-ի իրադարձությունների վերաբերյալ «խորհրդապահական» մտագրոհների ու եզրահանգումների առիթ, այն տրամաբանությամբ, որ տեղի ունեցածը ոչ թե «թավշյա հեղափոխություն» էր, այլ կազմակերպված, փոխանցված իշխանափոխություն:

Այս առնչությամբ տարբեր գնահատականները, կասկածները, հարցադրումները գոյություն են ունեցել միշտ՝ հենց ապրիլ-մայիսյան օրերից, եւ ունեն բնականաբար մինչ այսօր, ու յուրաքանչյուրը այս ընթացքում ձեւավորել է իր համոզումները:

Մտածել, թե դրանք երբեւէ ստաննալու են նույնքան համոզիչ եւ աներկբա, անհերքելի ապացույցներ ու հավաստիացումներ, կամ հերքումներ, մոլորություն է: Հետեւաբար, որեւէ հարց չի ենթադրելու սպառիչ ու ամբողջական պատասխան, ամեն պատասխան սպառելով գուցե մեկ անհայտ, բերելու է իր հետ նորանոր անհայտներ:

Այդ առնչությամբ սակայն հարկ է թերեւս չտրվել քաղաքական կոնյուկտուրայից բխող տարբեր մոլորությունների, երբ որեւէ քաղաքական թեւի կարող է ըստ նպատակահարմարության մեղադրել մյուսին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու կամ պահելու համար, խոսել Սերժ Սարգսյան-Փաշինյան պայմանավորվածության մասին: 2018-ին չի եղել այսպես ասած մեկ պայմանավորվածություն:

2018-ին եղել է բոլորի պայմանավորվածությունը բոլորի հետ, խորքում՝ «բոլորը բոլորի դեմ» տրամաբանության մեջ հայտնված եւ սպառվածծ համակարգի շրջանակում, ինչին «հավելագրվել» է նաեւ գործնականում նույնական համաշխարհային միջավայրը: Հենց դա է բերել նրան, որ Հայաստանում բավականին արագորեն կատարվել է մինչ այդ անհավատալի եւ անհավանական թվացող փոփոխությունը:

Մի բան, որ այդ պահին բավարարել է գործնականում բոլորին, որում յուրաքանչյուրը տեսել է իր համար էական մի հնարավորություն կամ լուծում: Իսկ այդ իրավիճակը Հայաստանում այսպես ասած «թավշյա» տրամաբանությամբ հասունացել է այն կառավարման հետեւանքով, որ եղել է Հայաստանում գրեթե քառորդ դար եւ որի «փիլիսոփայությունը» եղել է ռեսուրսների մսխումը, այլ ոչ թե արժեքի ստեղծումը:

Ստեղծվել են լոկ բաժակաճառեր կամ լավագույն դեպքում՝ ճառեր, որոնք որեւէ կապ չեն ունեցել իրականության հետ, որտեղ պարզապես յուրացվել ու մսխվել է ամեն ինչ: 2018-ը եղել է այդ ամենի «դուրսգրումը»՝ «մեկը բոլորի համար, բոլորը մեկի» բանաձեւով: