23/07/2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ցավակցել է Սյունիքի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզում՝ Գորայք բնակավայրի հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:

Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

Տեղի ունեցած ողբերգական վթարին անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Ցավով տեղեկացա այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված ու վնասվածքներ ստացած զինծառայողների մասին։ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նվիրումով կատարած այս խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողությունների մեջ։

Սա անդառնալի կորուստ է ընտանիքների ու հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- գրել է դեսպանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը և ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ տուժած ուղևորներն են Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը: