22/11/2024

Արտակարգ դեպք՝ էլիտար շենքում․ վերամբարձ կռունկն ընկել է 27-ամյա աշխատակցի վրա, պայքարում են նրա կյանքի համար

Հուլիսի 8-ին Երևանում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել, որի ժամանակ չի պահպանվել աշխատանքային կանոնների անվտանգությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Քանաքեռ ՀԵԿ» հասցեում գտնվող «Էլիտար թաղամասում» աշխատանքի ընթացքում վերամբարձ կռունկը վրան ընկնելու հետևանքով։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Մյասնիկ Զ․-ն է։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ղափանցյան փողոցի 1/10 հասցեում։

Արտակարգ դեպք՝ էլիտար շենքում․ վերամբարձ կռունկն ընկել է 27-ամյա աշխատակցի վրա, պայքարում են նրա կյանքի համար