22/11/2024

Ալիեւը էապես ազատվել է ժողովրդավարական եւ արդիական այլ արժեքների առնչությամբ թե ամերիկյան, թե եվրոպական հարցադրումներից եւ պահանջներից

Տեղեկություն է տարածվել, որ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը մեկնել է Վրաստան և Հայաստան, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։

Շատ հետաքրքիր է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ռեգիոն է ժամանել ժողովրդավարության, թափանցիկության, հաշվետվողականության օրակարգով, չի լինի Ադրբեջանում:

Մի կողմից սա թվում է օրինաչափ, ի վերջո հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահ Բայդենի պաշտոնավարման տարիներին նախաձեռնված Ժողովրդավարական երկրների վեհաժողովների ընթացքում Վաշինգտոնը Կովկասից հրավիրում էր միայն Հայաստանին ու Վրաստանին: Մյուս կողմից սակայն, դա նշանակում է, որ Ադրբեջանը ազատվու՞մ է ժողովրդավարական պարտավորություններից: Իհարկե Նահանգները երբեմն-երբեմն հիշեցնում է մարդու իրավունքների, քաղկալանավորներին ազատ արձակելու, ազատ մամուլի, խոսքի ազատության մասին, բայց կարծես թե այդ հիշեցումները ավելի շատ հիշեցնում են այսպես ասած՝ արարողակարգ, այնքանով, որքանով հնարավոր չէ Ադրբեջանի պարագայում ընդհանրապես լռել այդ մասին:

Բայց նկատելի է, որ Ալիեւը էապես ազատվել է ժողովրդավարական եւ արդիական այլ արժեքների առնչությամբ թե ամերիկյան, թե եվրոպական հարցադրումներից եւ պահանջներից: Իհարկե, եվրոպացի ու ամերիկացի խորհրդարանականները ակտիվ են այդ հարցերում, բայց նաեւ անկասկած է, որ քաղաքականությունն իրականացնում են գործադիր կառույցները, իսկ նրանց քաղաքականության բաղադրությունում վերը թվարկած արժեքների եւ հարցադրումների առնչությամբ Ադրբեջանի համար ստեղծվել է առնվազն «հրադադարի» ռեժիմ:

Ո՞րն է դրա գինը՝ էներգակիրնե՞րը, Ադրբեջանի՝ դեպի Կենտրոնական Ասիա անփոխարինելի դարպաս լինելու հանգամա՞նքը, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ «սե՞պ» լինելու հանգամանքը:

Հնարավոր է բոլորը միաասին, բայց ամեն դեպքում կասկածից վեր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն այդ հանգամանքը օգտագործում է այդ թվում Հայաստանի հետ հարաբերության կարգավորման հարցում առավելապաշտության, ուժի, շանտաժի դիրքերից խոսելու եւ գործելու համար:

Եվ դրանով, ի դեպ, նա մեծ հաշվով նաեւ կամա, թե ակամա, բայց հարվածի տակ է դնում Հայաստանի հանրության մոտ այդ արժեքների պաշտպաության մասին միջազգային օրակարգերի ընկալումն ու վարկը, քանի որ հերթական անգամ ակնառու է դառնում, որ դրանք ոչ թե քաղաքականության սկզբունք են, այլ գործիք՝ որ հարկ եղած դեպքում կկիրառվում է, իսկ, երբ պետք չէ՝ հանգիստ դրվում մի կողմ: