Մոսկվայում գումարվել է ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական համաժողով: Մասնակիցներից մեկի հարցին՝ «հնարավոր չէ՞ սառը պատերազմի դարաշրջանի փորձով Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնել», ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը կարճ եւ շատ ենթատեքստային պատասխան է տվել. «Իրավիճակն արմատապես փոխվել է»։
Ըստ էության, նա հնչեցրել է միջազգային քաղաքականությանը Մոսկվայի գնահատականը. Արևմուտքի հետ դիմակայությունը հատել է սառը պատերազմի դարաշրջանի գիծը, ինչից հետևում է, որ Ռուսաստանը Եվրոպայում պատերազմական իրավիճակ է հայտարարում: ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական համաժողովը կազմակերպվել է կառույցի գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում: ԲՐԻԿՍ-ը գագաթաժողով կգումարի հոկտեմբերին՝ Կազանում:
Հուլիսի 9-ին Իրանի ընտրված նախագահ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Պուտինին հավաստիացրել է, որ համապարփակ համագործակցության մասին պայմանագրի քննարկումներն ավարտված են, և Թեհրանը պատրաստ է այն ստորագրել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Այսինքն, նա հաստատել է, որ կմասնակցի գագաթաժողովին: Կազան կմեկնի նաև Հնդկաստանի վարչապետ Մոդին, ինչպես նաև Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը:
Այս ֆոնին չափազանց ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական համաժողովին հրավիրվել է նաեւ Ադրբեջանի արձակված Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան: Նրան ելույթի հնարավորություն է ընձեռվել: Գաֆարովան խոսել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակի՝ «երկխոսությանը, համագործակցության և համերաշխությանն աջակցելու» մասին և մասնավորեցրել, որ դա վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, որին «միանալու ցանկություն արդեն արտահայտվել է»:
Անցյալ ամիս Նիժնի Նովգորոդում կայացել է ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպում, որին մասնակցել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը՝ հույս հայտնելով «ինչ-որ բանի հասնել» և համաձայնեցնել կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Կրեմլում Պուտին-Ֆիդան հանդիպումից հետո, սակայն, ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման ծրագիր չկա:
Այդ դեպքում, ո՞րն է ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական համաժողովին Ադրբեջանի մասնակցության իմաստը, ո՞վ է կազմակերպել, որ արձակված Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան հրավիրվի, ելույթ ունենա և հնչեցնի կազմակերպությանն անդամակցելու Բաքվի ցանկությունը: Մանավանդ որ ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը Ադրբեջանը չի մասնակցել:
Հնարավո՞ր է, որ Ալիեւը պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրվի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, ինչպես դա տեղի ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթաժողովում: Ադրբեջանն ինչու՞ է միանգամից ձգտում ԲՐԻԿՍ-ի անդամության՝ շրջանցելով ՇՀԿ հարթակը:
Աստանայում Ալիեւը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել: Նույնանուն փաստաթուղթ նա ՌԴ նախագահ Պուտինի հետ Ալիեւը ստորագրել է 2022 թ. փետրվարի 22-ին:
Տարեսկզբին Ադրբեջանը Հնդկաստանում նոր դեսպան է նշանակել, որ հավատարմագիրը հանձնելուց հետո տևական առանձնազրույց է ունեցել այդ երկրի նախագահի հետ, կարևորվել է կողմերի միջև ինտեգրացիոն համագործակցությունը: Բաքվում ակնկալվում է նոր պայմանագրի ստորագրում Իրանի հետ: Ադրբեջանցի փորձագետները բաց տեքստով խոսում են աշխարհում ուժի և տնտեսա-կոմունիկացիոն հնարավորությունների առաջնահերթության մասին:
Քաղաքականությունը միշտ շահ է, կառուցվում է շահերի համադրման սկզբունքով։ Ալիեւը նախընտրել է եվրասիական ինտեգրացիան։ Բայց որն է երաշխիքը, որ Արեւմուտքն այդ ճամբարի հետ կմնա մրցակցային դիմակայության ռեժիմում։ Ինչպե՞ս եւ որտե՞ղ է դիրքավորվելու Հայաստանը, եթե վաղը ԵՏՄ-ն ինտեգրվի ԲՐԻԿՍ-ին։
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից