09/05/2025

Առանց «Զանգեզուրի միջանցքի», Թուրքիան չի դիտարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատում

«Հուսով ենք՝ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն», Վաշինգտոնից վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մասին:

Դե ֆակտո, Էրդողանն ասում է, որ առանց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», Թուրքիան չի դիտարկում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատում: Անկարայի դիրքորոշումն այստեղ անսպասելի չէ, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն Անկարայի համար նշանակություն ունի միայն այդ դեպքում, երբ Թուրքիան կարող է «միջանցքով» միանալ Ադրբեջանին, այդ կերպ բարձրացնել իր ազդեցությունը թե Ադրբեջանի հանդեպ, թե Կովկասում ընդհանրապես, եւ թե ավելացնել իր հնարավորությունները Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, որտեղ առաջիկայում կծավալվի թերեւս աշխարհաքաղաքական բավականին թեժ պայքար:

Էրդողանի հայտարարության մեջ ուշադրության է արժանի այն, որ «միջանցքի» բացումը նա համարում է «վերջին քայլ»: Հարց է առաջանում, իսկ մինչ այդ անհրաժեշտ քայլերը նա համարում է արվա՞ծ, թե՞ դեռ անելիք, պարզապես մատնացույց անում կարեւորը, առանց որի Անկարան չի գնա խաղաղության պայմանագրի կայացմանը գործնական աջակցության, անկախ մնացյալ բոլոր քայլերից կամ պայմաններից: Ինչպես ավելի վաղ դիտարկել եմ, այստեղ ըստ ամենայնի որոշակի տարամետ տրամադրություններ են Բաքվի եւ Անկարայի միջեւ:

Համենայն դեպս, եթե ուշադրության արժանացնենք Ադրբեջանի հռետորաբանությունը, ապա վերջին շրջանում դրանում «միջանցքային» թեման գրեթե բացակայում է եւ պարբերաբար մատնացույց է արվում Սահմանադրության պայմանը: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, ըստ ամենայնի, Ռուսաստանն ու Իրանը Ադրբեջանին համոզում են կենտրոնանալ Հյուսիս-Հարավ երթուղու վրա, իսկ Արեւելք-Արեւմուտք առնչությամբ էլ հիմնական տարանցիկ գերակա ուղի դիտարկել Վրաստանը: Հատկանշական է, օրինակ, որ Միացյալ Նահանգներն էլ հիմնական ուղի դիտարկում է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհը: