Հայաստանը ներքաշում են հակառուսական նախագծերի մեջ, հայ-ամերիկյան զորավարժությանն անդրադառնալով հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Այս մասին խոսում է մի գերատեսչության ներկայացուցիչ, որը իր ղեկավարի, ընդ որում էթնիկ ծագումով հայ ղեկավարի գլխավորությամբ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանն է ներքաշել հակահայկական նախաձեռնությունների, քաղաքականության մեջ, դրանով պարզապես աղավաղելով եւ քայքայելով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունը:
Այժմ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ գերատեսչության տարբեր ներկայացուցիչներ պարզապես «զանգ են խփում», ընդամենը Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ձախողման համար իրենց պատասխանատվությունը քողարկելու համար, փորձելով պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա: Այդ սխեմային անդրադարձել եմ բազմիցս:
Իհարկե, կասկածից վեր է, որ Հայաստանը չպետք է ներքաշվի հակառուսական նախաձեռնությունների մեջ, ի դեպ այնպես, ինչպես չպետք է ներքաշվի որեւէ այլ տերության դեմ հականախաձեռնության դաշտ: Հայաստանը պետք է կառուցի իր շահերից բխող արդյունավետ քաղաքականություն բոլոր ուղղություններով, այնպես ու այնքան, որ դրանք օգնեն լուծել հարցեր, չառաջացնելով ավելի մեծ ռիսկեր եւ խնդիրներ:
Սա աքսիոմ է, որ պետք է լինի հայկական պետական արտաքին քաղաքականության հիմքում, ինչպես ի դեպ ցանկացած այլ պետության քաղաքականության հիմքում է: Սակայն, այստեղ էական հարցն այն է, որ արեւմտյան որեւէ դերակատարի հետ Հայաստանի հարաբերության սերտացման, Հայաստանի կարիքներից ու անհրաժեշտություններից բխող որեւէ նախաձեռնության, որեւէ օգտակար աջակցության միտված գործողության պարագայում անմիջապես գալիս է «հակառուսականության» պիտակը, այդ թվում այն գրասենյակից, որ ներկայացնում է Զախարովան:
Օրինակ, Ադրբեջանի եւ Արեւմուտքի որեւէ դերակատարի սերտ հարաբերություն չի արժանանում նույն վերաբերմունքին, թեեւ առնվազն 2022 թվականի փետրվարի 22-ից Մոսկվան ու Բաքուն ունեն դաշնակցային հռչակագիր, միմյանց դեմ չգործելու հավաստիացումով: Բայց, երբ Վաշինգտոնում Բայրամովն օրինակ հանդիպում է ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի հետ, դա չի արժանանում Զախարովայի կամ փոխնախարար Գալուզինի մտահոգությանը:
Իսկ պատճառը թերեւս այն է, որ, նախ նրանք չունեն դրա համարձակությունը, եւ երկրորդ՝ նաեւ մոտիվը, քանի որ չունեն Ադրրբեջանի հետ հարաբերության հարցում տապալման պատասխանատվություն լղոզելու խնդիր:
Հայաստանը պետք է ճշգրիտ կառավարի իր արտաքին հարաբերության, անվտանգային մեխանիզմների տարբերակվածության բարձրացման եւ այսպես ասած բազմաշերտ դարձնելու հարցերը, չշեղվելով այն հանգամանքների ուղղությամբ, որոնք պայմանավորվում են ինչ որ գրասենյակների՝ թերեւս ներռուսաստանյան խնդիրներով:
Ավելին, եթե Ռուսաստանում, ընդ որում նաեւ հարեւան Իրանում, կան Հայաստանի անվտանգ, կայուն, պաշտպանված անվտանգության միջավայրի առնչությամբ անկեղծ շահագրգռություններ, ապա Հայաստանի տարբերակված, հավասարակշռված քաղաքականությունը այն է, ինչ պետք է խորքային առումով բավարարի նաեւ նրանց:
Միաժամանակ, Հայաստանն էլ իհարկե պետք է խորապես գիտակցի ռեգիոնում գոյություն ունեցող որոշակի կարմիր գծերի գոյությունը եւ դրանց ոտնահարման պարագայում սեփական կարմիր գծերի հանդեպ մարտահրավերների ուժգնացման ռիսկը:
Այլ կերպ ասած, հարգել ռեգիոնում կենսական շահեր հետապնդողների կարմիր գծերը՝ սեփական կարմիր գծերի հուսալի պաշտպանության խնդիրը հաշվի առնելով: Սա է այսօր Հայաստանից պահանջվող արտաքին քաղաքական «փիլիսոփայությունը», իր բարդությամբ, ծանրությամբ, դժվարությամբ հանդերձ:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»