IRNA գործակալությունը հատվածաբար հրապարակում է Tehran Times պարբերականում Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ միջազգային հանրությանը հղած ուղերձը: Ուշագրավ է եվրոպական երկրներից ակնկալիքների մասին նրա դիտարկումը: Փեզեշքիանն ասում է, որ անհամբեր սպասում է եվրոպական երկրների հետ կառուցողական երկխոսության մեկնարկին:
Նրա գնահատմամբ՝ համագործակցության բազմաթից բնագավառներ կան, որ Իրանը եւ Եվրոպան կարող են ուսումնասիրել, եթե եվրոպական տերությունները հաշտվեն իրողության հետ, որ «իրանական ժողովուրդը հպարտ է եւ առաջնորդվում է ազգային շահերի գերակայությամբ,»: Փեզեշքիանը թվարկում է համագործակցության հնարավոր բնագավառները՝ տնտեսական եւ տեխնոլոգիական համագործակցություն, էներգետիկ անվտանգություն, տարանցիկ երթուղիներ, ահաբեկչության դեմ պայքար, շրջակա միջավայրի պահպանում։
Բրյուսելում կամ եվրոպական առաջատար երկրների մայրաքաղաքներում ի՞նչ արձագանք կունենա Իրանի ընտրված նախագահի առաջարկած «մոդուսը»՝ ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է, որ Իրան-Եվրամիություն սեպարատ համագործակցություն հնարավոր չէ, այդ հարցում որոշիչ է լինելու իրանա-ամերիկյան հնարավոր համաձայնության գործոնը:
Բայց Փեզեշքիանի առաջարկությունը հետաքրքիր է այն առումով, որ նա Եվրամիությանը, եվրոպական երկրներին տարածաշրջանային անկայունություն կամ աշխարհաքաղաքական մրցակցություն հրահրելու վերագրում չի անում: Տառացիորեն մեկ օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը «հարեւան բոլոր երկրների դեմ հետախուզական տվյալներ է հավաքագրում»:
Գալուզինի «բացահայտման» հասցեատեր է նաեւ Իրանը, ավելի վաղ նա կոնկրետ մատնանշել է, որ եվրոպացի դիտորդները «նաեւ Իրանի դեմ» են գործում: Այս համատեքստում Իրանի ընտրված նախագահը Եվրոպային միայն խորհուրդ է տալիս հրաժարվել Իրանի նկատմամբ վերամբարձ վերաբերմունքից, երկխոսություն սկսել հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով։
Միանշանակ ասել, թե նա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ անհանգստություններ չունի, անշուշտ չափազանց պրիմիտիվ կլիներ: Այդուհաներձ, Իրանի ընտրված նախագահի ուղերձի տոնայնությունը կոնֆրոնտացիոն չէ: Մանավանդ որ նա համագործակցություն է առաջարկում նաեւ տրանզիտային երթուղիների հարցում, իսկ դա մի բնագավառ է, որ ուղղակիորեն շոշափում է Հայաստանի ազգային շահերը, հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Իրանը մտադիր է ԲՐԻԿՍ-ի հոկտեմբերին Կազանում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի հետ համապարփակ հարաբերությունների մասին պայմանագիր ստորագրել: Որքանով հասկացվում է, այն ներառնում է նաեւ Իրան-ԵՏՄ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խնդիրը: Հարավային Կովկասում ԵՏՄ անդամ է միայն Հայաստանը:
Ռուս-իրանական պայմանագիրը Իրան-ԵՏՄ հաղորդակցության ի՞նչ լոգիստիկա է նախատեսում: Եվրոպայի հետ կառուցողական երկխոսություն սկսելու Իրանի պատրաստակամությունը Հայաստանին հնարավորություն կտա՞ Սյունիքի լոգիստիկայի հարցում դիվանագիտական աջակցություն ապահովել:
Բաց մի թողեք
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին