08/09/2024

Երեւանի խնդիրն այս դեպքում ոչ թե որեւէ «ռեժիմի» ընտրությունն է, այլ սուվերենության սկզբունքի հաստատումը

Գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների Գործընկերության հարցերի ԱՄՆ հատուկ համակարգող Հելայնա Մացան հուլիսի 14-19-ը այցելելու է Ուզբեկստան ու Ղազախստան:

Նրա այցի նպատակը տեղի թե կառավարական, թե գործարար շրջանակների հետ Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային միջանցքի, կամ այսպես կոչված Միջին միջանցքի ստեղծմանը միտված ռազմավարական ներդրումների հարցեր քննարկելն է:

Այդ մասին հայտնելլ է ԱՄՆ պետքարտուղարությունը: ԱՄՆ պաշտոնյայի կենտրոնասիական այցը հնարավոր է դիտարկել որպես պատասխան Չինաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրին, որն անշուշտ «Միջին միջանցքի» վերահսկողության համար պայքարում Չինաստանի դիրքերն ամրապնդելու քայլն էր: Ինչպես շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել էր պետքարուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ԱՄՆ նպատակն է ստեղծել Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով միջանցք, որը կանցնի Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի տարածքով, եւ որը դուրս կլինի Ռուսաստանի եւ Չինաստանի վերահսկողությունից:

Հելայնա Մացայի կենտրոնասիական այցի առնվազն հայտարարված, ներկայացված նպատակը ըստ էության այդ միջանցքի ստեղծման ուղղությամբ գործնական առաջարկներ ներկայացնելն ու պայմանավորվածությունների գալն է: Սա վկայում է, որ հաղորդուղիների, ենթակառուցվածքային վերահսկողության համար պայքարը ստանում է ավելի ու ավելի սուր բնույթ, ինչը բնականաբար առաջացնում է ռիսկեր թե հնարավոր ապակայունացման առումով, թե նաեւ այսպես ասած ավելի համեստ պետությունների համար՝ արտաքին ճնշումների առումով:

Հասկանալի է, որ բոլոր կողմերում եմ բավականին ուժեղ խաղացողներ են եւ այստեղ ուղղակի անմիտ է քննարկել որեւէ կողմի ընտրության, կողմնորոշման հարց, հատկապես այն պարագայում, երբ չկան անգամ այդպիսի ընտրության շատ թե քիչ որոշակի ռացիոնալ ելակետեր: Կասկածից վեր է, որ Հայաստանի համար այդ մարտահրավերների լուծումները կարող են լինել միմիայն ներքին դիմադրունակության եւ կենսունակության ավելացման տիրույթում:

Երեւանի խնդիրն այս դեպքում ոչ թե որեւէ «ռեժիմի» ընտրությունն է, այլ սուվերենության սկզբունքի հաստատումը, այն խաչմերուկի տրամաբանությամբ, որ փորձ է արվում առաջ քաշել եւ դրա միջոցով կառավարել աշխարհաքաղաքական շահերի բախումը:

Դա հնարավոր է անել միայն ներքին կարողությունների համապարփակ մոբիլիզացիայի շնորհիվ, ընդ որում «ներքին» ձեւակերպմանն այս դեպքում թերեւս պետք է տալ ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ ներհայկական շրջանակ: