ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել է կրակոց: Նա ընդհատել է իր խոսքը, սկզբում՝ վախեցած իջել խոսափողի տակ, այնուհետ՝ թիկնապահների ուղեկցությամբ հեռացել արնահոսող ականջով:
Հրաձիգը, ինչպես նաև հավաքի առնվազն մեկ մասնակից սպանվել են, հայտնել է շրջանի դատախազը։
Կրակոցների սկսվելուց անմիջապես հետո Թրամփը կռացել է ամբիոնի տակ, իսկ թիկնապահները վազել են նրա մոտ, շրջափակել մի քանի րոպե և տարել։ Հեռանալուց առաջ քաղաքական գործիչը բռունցքը սեղմած թափահարել է։
Տեսանյութում երևում է, որ Թրամփի աջ ականջը արյունոտված է։
Նախագահի հանրապետական թեկնածուն ելույթ էր ունենում աջակիցների հետ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որը վճռորոշ ռիթմային նահանգ է գալիք նոյեմբերի ընտրություններում:
Թրամփի հետևում կանգնած են եղել նրա կողմնակիցները՝ պաստառներով։ Երբ հնչել են կրակոցները, նրանք նույնպես կռացել են:
Դատելով հեռարձակվող կադրերից՝ կրակոցներ են հնչել, երբ Թրամփը խոսում էր ԱՄՆ-ում անօրինական միգրանտների թվի մասին։
Թրամփի խոսնակ Սթիվեն Չանգը հայտնել է, որ նախկին նախագահը հիվանդանոցում է, որտեղ բժիշկները գնահատում են նրա վիճակը: «Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնում իրավապահ մարմիններին և արտակարգ իրավիճակների աշխատակիցներին այս սարսափելի իրադարձության ժամանակ արագ արձագանքելու համար: Նա լավ է և հետազոտվում է տեղի հիվանդանոցում»,-ասել է նա։
BBC-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ հայտարարություն է տարածել ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է Թրամփի պաշտպանության համար։ Հաղորդվում է, որ հարձակվողը մի քանի կրակոց է արձակել դեպի բեմը «հանրահավաքի վայրից դուրս գտնվող բարձր տարածքից»:
«ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել է կրակողին, նա մահացել է, նախկին նախագահ Թրամփը ապահով է։ Մեկ հանդիսական զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։ Միջադեպը հետաքննվում է։ Գաղտնի ծառայությունը տեղեկացրել է ՀԴԲ-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրակողի ինքնությունը դեռ չի հաղորդվում։
Ավելի վաղ Բաթլերի շրջանային դատախազ Ռիչարդ Գոլդինգերը The Associated Press-ին հայտնել էր, որ հրաձիգը սպանվել է: Բացի այդ, նրա խոսքով, Թրամփի հանրահավաքի առնվազն մեկ մասնակից զոհվել է, եւս մեկ հանդիսատես վիրավորվել է, որը գտնվում է ծանր վիճակում։
Associated Press-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների երկու պաշտոնյաների, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի հանրահավաքում կրակոցները հետաքննվում են որպես մահափորձ։
CBS-ն իր ուղիղ եթերում ընդգծել է, որ նման հանրահավաքների ժամանակ մարդկանց շրջանում իրականացվում են ուժեղացված անվտանգության միջոցներ, մարդիկ անցնում են հատուկ մետաղորսիչ և զենքորսիչ սարքերով:
Թրամփը կապի է դուրս եկել դեպքից մոտավորապես 2,5 ժամ անց:
«Ինձ փամփուշտ է հարվածել, այն անցել է իմ աջ ականջի վերևից: Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոց, կրակոցներ և անմիջապես զգացի, որ գնդակը պատռում է մաշկս: Ես սկսեցի ուժեղ արյունահոսել, ուստի հասկացա, թե ինչ է կատարվում»:
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին՝ կրակոցներին արագ արձագանքելու համար, ինչպես նաև ցավակցություն է հայտնել ցույցի ժամանակ զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
«Անհավանական է, որ նման արարք կարող է տեղի ունենալ մեր երկրում»,- գրել է Թրամփը։
Տեղական ժամանակով 21:02-ին (ՀՀ ժամանակով 05:02-ին) ոստիկանությունը Բաթլերի հիվանդանոցում հավաքված քաղաքացիներին ասել է որ Դոնալդ Թրամփը ավտոշարասյունով հեռացել է մեկ այլ ելքով:
Երկրի նախագահ Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին, հայտնել են Սպիտակ տանը: Ճեպազրույցը վարել են Գաղտնի ծառայության և ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարները, ինչպես նաև Բայդենի ներքին անվտանգության հարցերով խորհրդականը։
Ճեպազրույցից հետո ամերիկացի նախագահն այսպես է ասել.
«Ինձ տեղեկացրել են Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգության մասին։ Ես ուրախ եմ, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա, իր ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր եղել են հանրահավաքում։ Սպասում ենք տեղեկատվության։
Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան ապահով պահելու համար: Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի և դատապարտի այս բռնությունը»։
Ավելի ուշ Բայդենը կարճ խոսել է լրագրողների հետ Դելավերում: Նա ասել է, որ Թրամփն իրեն «լավ է զգում»։ ԱՄՆ նախագահի խոսքով, ինքը փորձել է զանգել իր մրցակցին, բայց դեռ չի կարողացել դա անել։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Թրամփին փորձել են սպանե՞լ, Բայդենն ասել է, որ ավելի ուշ կխոսի այդ հարցի շուրջ.
«Ես կարծիք ունեմ, բայց փաստեր չունեմ»,-նշել է Բայդենը:
Այս տարվա մայիսին Դոնալդ Թրամփը, դիմելով իր նախագահական արշավի պոտենցիալ դոնորներին, վստահեցրել է նրանց, որ Ջո Բայդենը «պատրաստ է վերացնել նրան»։
Սա Թրամփի փորձն էր վկայակոչելու իր Մար-ա-Լագոյի նստավայրում կատարված խուզարկության զեկույցը, որտեղից առգրավվել էին գաղտնի փաստաթղթեր, որոնք Թրամփը թողել էր իր նախագահությունից հետո։ Խուզարկության այդ արձանագրությունը նշում էր, որ մահաբեր ուժը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե առկա է «սպաների (խուզարկություն իրականացնող) կամ այլ անձանց մահվան անմիջական սպառնալիք կամ լուրջ ֆիզիկական վնաս։
Մի խոսքով, եթե Մար-ա-Լագոյում Թրամփի թիկնապահներից կամ աշխատակիցներից ինչ-որ մեկը սպառնար սպաներին զենքով, նրանք իրավունք կունենային կրակ բացել: Թրամփը որոշել է օգտվել դրանից և Բայդենին մեղադրել է, թե իբր թույլ է տվել սպաներին կրակել իրեն։
Փաստորեն, այս կերպ Թրամփը փորձել է հիմքեր գտնել Մար-ա-Լագոյում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի գործը փակելու համար։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին