22/12/2024

Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն

Ադրբեջանական կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ները, փորձագետներն ու բնապահպանները հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում շարունակաբար բարձրաձայնում են Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական լուրջ վնասների» մասին։

Վերջերս Զանգիլանում (Կովսական) տեղի ունեցած՝ ադրբեջանական ՀԿ-ների համագործակցության ֆորումի՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը կից գործող հասարակական խորհրդի նախագահ Ամին Մամեդովը նշել էր, թե իբր «Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին», ինչի կապակցությամբ բազմիցս նախազգուշացումներ են արվել: Նա նաև նկատել էր, որ չնայած Հայաստանի բնական ռեսուրսները բավականին սակավ են, սակայն տարածաշրջանում բնապահպանական հետևանքների մեջ դրա մասնաբաժինը մեծ է։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ արդյո՞ք Հայաստանի հանքարդյունաբերությունն իսկապես այդքան վատ է անդրադառնում Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վրա, ինչպես հայտարարում են այդ երկրից, և ի՛նչ բնապահպանական խնդիրներ ունի այդ հարցի նկատմամբ նման զգայունություն ցուցաբերող Ադրբեջանը։

Հայաստանում գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների դեմ ադրբեջանական արշավը, կարելի է ասել, սկսվել է Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման մեկնարկից հետո։ Նախ, Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի գործողությունները, որոնք հարվածում են տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և հակասում միջազգային իրավունքի նորմերին, կոչ ենք անում միջազգային հանրությանը հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Այնուհետև՝ այս հայտարարությունից մի քանի օր անց, ադրբեջանական կողմը սկսեց կրակոցներ արձակել գործարանի շինհրապարակի ուղղությամբ։ Ավելի ուշ որոշում կայացվեց Երասխի մետաղաձուլական գործարանը կառուցել այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան ադրբեջանական բողոքների, հայտարարել էր՝ գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։

«Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է»,- ասված էր նախարարության հայտարարության մեջ:

Շրջակա միջավայրի նախարարությունն ավելի ուշ  կրկին անդրադարձել էր Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

2023 թ․ հուլիսի 7-ին ադրբեջանական 24 հասարակական կազմակերպություններ  բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը, որոնք, նրանց պնդմամբ, բնապահպանական միջազգային չափանիշներին չեն համապատասխանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ի կառավարության նիստին, անդրադառնալով ադրբեջանական ՀԿ-ների պահանջին, հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են։

ՀՀ վարչապետը կիսվել էր նաև մի ցուցիչով. ԱՄՆ Յեյլի համալսարանի՝ պետությունների բնապահպանական վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում Հայաստանը 56-րդն է 180 երկրների շարքում, Ադրբեջանը՝ 104-րդը:

Ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» հայտարարության, Հայաստանի հասարակական կազմակերպությունները նույնպես հանդես էին եկել բաց հայտարարությամբ՝ պնդելով, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի կառավարության ագրեսիվ քաղաքականության մասն են կազմում` կատարելով ավտորիտար պետական ռեժիմի պատվերը, միանալով Հայաստանի դեմ տարվող ռազմական, տեղեկատվական ագրեսիային և փորձելով  ահաբեկել Հայաստանի բնակչությանը:

Ադրբեջանական ՀԿ-ների բաց նամակին անդրադարձել էր նաև ՀՀ  հանքագործների և մետալուրգների միությունը՝ հայտարարելով․ «Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որևէ գիտելիքի հետ, այլև չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա և այլն»։ Հայտարարություն էր տարածել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Իսկ «ԷկոԼուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը, խոսելով Ադրբեջանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից հրապարակված բաց նամակի մասին, այն համարել էր ադրբեջանական հերթական բնապահպանական մանիպուլյացիա։ «Նրանց էկոլոգների հայտարարությունները դիտարկում եմ քաղաքականության տեսանկյունից, որը բնապահպանության հետ որևէ աղերս չունի։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն կա, որը միջազգային լուրջ գործընթաց է, և դրան անդամակցում է նաև Հայաստանը, իսկ Ադրբեջանը դադարեցրել է իր անդամակցությունը, որպեսզի իրենց երկրում մոնիթորինգներ չլինեն»,- նշել էր Զարաֆյանը։

Տեղին է նշել, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական թեզերով 10 ամիս շրջափակման մեջ էր պահել Արցախը և վերջնարդյունքում զինված հարձակում կազմակերպել, էթնիկ զտման ենթարկելով արցախահայությանը։ Շրջափակումը մեծ վնաս էր հասցրել նաև բնությանը, մասնավորապես՝ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայից զրկված Արցախը ստիպված էր հոսանք արտադրել սեփական ուժերով՝ ՀԷԿ-երի միջոցով, ինչը հանգեցրել էր Սարսանգի ջրամբարի ցամաքելուն։

2024 թ․ ապրիլի 12-ին Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների:

«Ադրբեջանը կարծես հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային և ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները: Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաև վտանգված են Ադրբեջանի անդադար քանդման և շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված են կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք»,- ընդգծել էր Կիրակոսյանը:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը

Հանքարդյունաբերության ոլորտը հիմնականում կարգավորվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով (2011 թ.) և դրանից բխող իրավական ակտերով։

2017 թ. մարտին Հայաստանի Հանրապետությունը ստացել է ԱՃԹՆ-ի (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) թեկնածու երկրի կարգավիճակ, ինչը հիմքեր է ստեղծել ոլորտի թափանցիկության ու հաշվետվողականության, ինչպես նաև պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի այլ բաղադրիչների հետագա բարելավման համար։

2024 թ․ ապրիլին ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը Հայաստանի երկրորդ վավերացման եզրակացության արդյունքում Հայաստանին շնորհել է բարձր գնահատական՝ 2019 թվականի EITI Ստանդարտը իրականացնելու գործում (89․5 միավոր):

ՀՀ կառավարությունը 2023 թ․ մայիսի 11-ի նիստում հաստատել էր հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող մինչև 2035 թ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ հանքարդյունաբերության ոլորտը երբեք ռազմավարություն  չի ունեցել և չափազանց կարևոր է դրա առկայությունը․ «Դրանով նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմները»։ 

Նույն նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր․ «Հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում՝ ոչ միայն շահագործման ընթացքում ի հայտ եկող, այլև շահագործումից հետո, մասնավորապես, ռեկուլտիվացիայի, այսինքն՝ հանքերի փակման, հետագայում այդ տարածքները, այսպես ասած, քաղաքացիական շրջանառության վերադարձնելու գործընթացը և այդպես շարունակ»:

Հայաստանի բնապահպանները բազմիցս են հայտարարել, որ ներկայումս հանքարդյունաբերության ոլորտն ամբողջ աշխարհում է խնդրահարույց, և գիտակցելով կլիմայի փոփոխության և կայուն զարգացման գլոբալ ռիսկերը, Հայաստանում քաղհասարակությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ նվազեցնելու դրանք, բարձրաձայնում կոնկրետ խնդիրների մասին, բանակցում կառավարության և բիզնեսի հետ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում: Բացի այդ, հայաստանյան բնապահպաններն առանձին հարցերի շուրջ փորձում են հասնել օրենսդրական փոփոխությունների, որոնք կարող են ուղղված լինել ռիսկերի նվազեցմանը և սոցիալական ու բնապահպանական իրավունքների պաշտպանությանը:

Ադրբեջանի բնապահպանական խնդիրները

Ադրբեջանում, սակայն, քաղհասարակությունը խնդիրների բարձրաձայնման դեպքում ենթարկվում է հետապնդումների, հալածանքների ու բռնության։ Իսկ բնապահպանական խնդիրներն այդ երկրում բազմաթիվ են՝ սկսած մթնոլորտի և ջրային ռեսուրսների աղտոտվածությունից մինչև նավթարդյունաբերության հետևանքով առաջացող խնդիրները:

Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի Կասպից ծովը նավթային ածխաջրածիններով աղտոտելու գործում, որն առաջին հերթին նավթի և գազի արդյունահանման ու վերամշակման հետևանք է։ Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող Ապշերոնի թերակղզու 21․3 հազար հեկտար տարածքն աղետալի տնտեսական գործունեության հետևանքով խիստ աղտոտված է նավթով և նավթամթերքներով, որոնք չեն կարող վտանգ չներկայացնել նաև Կասպից ծովի ավազանի մյուս երկրների՝ Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի համար։

Բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է մթնոլորտի, ինչպես նաև ջրային ռեսուրսների աղտոտմամբ, ինչն էլ կապված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ։ Դա հանգեցնում է ոչ միայն մեծ քանակությամբ մեթանի մթնոլորտ արտանետման, որն այսօր մեզ հայտնի ամենաուժեղ ջերմոցային գազերից մեկն է, այլև ածխածնի երկօքսիդի, որն իր արտանետման ծավալներով առավել վտանգավոր է։

Ադրբեջանի Նեֆթչալայի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գիշլագ գյուղերի բնակիչները դժգոհում են ռադիոակտիվ յոդի արտանետումներից, որոնք «Ազեր Յոդ» ՍՊԸ-ին պատկանող Նեֆթչալայի յոդի և բրոմի գործարանի թափոններն են: Մամուլն անդրադարձել էր ահազանգին՝ պատրաստված հոդվածում նշելով, թե բողոքները չեն համապատասխանում իրականությանը, և հղում անելով միայն ձեռնարկության աշխատակիցներին։

Ադրբեջանում է գտնվում նավթի և գազի արդյունահանման ամենամեծ տերմինալներից մեկը՝ Սանգաչալի տերմինալը։ Տերմինալի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներն ունեն սրտային անբավարարության և շնչառական խնդիրներ, որոնք կապված են տերմինալի մոտ ապրելու հետ:

2023 թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել երկրորդ պոչամբարի կառուցմանը՝ նշելով, որ առաջին պոչամբարն արդեն իսկ վնասում է իրենց առողջությանը։ Բնակավայրի մերձակայքում է գտնվում բրիտանական Anglo Asian Mining ընկերության ոսկու հանքավայրերից մեկը։

Նշենք, որ 2017 թ. դադարեցվել էր Ադրբեջանի անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը` նախաձեռնության սկզբունքների խախտման համար։

Այսպիսով, Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին  հայտարարություններով Ադրբեջանը փորձում է կոծկել սեփական բնապահպանական խնդիրները և բնության հանդեպ իր գործած հանցագործությունները։

Սյուզաննա Համբարձումյան