1998թ.-ից հետո Երեւանում ոչ այնքան բաց, Ստեփանակերտում՝ գրեթե իշխանական-պետական մակարդակով մի հարց է հնչել. «Ինչի՞ դիմաց պիտի վերադարձնենք ԼՂ շուրջ տարածքները,» ոչ ոք համարձակություն եւ կամք չի դրսեւորել՝ բացահայտելու, որ 1994թ. մայիսի 12-ին հրադադար հաստատվել է, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները: Ովքեր կասկածում են, թող կարդան Բիշքեկի Կոմյունիկեն, որտեղ այդ դրույթը պարզ, տարընթերցումների տեղ չթողնող ամրագրված է:
Արխիվներից կարելի է վկայաբերումներ անել, երբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը թույլ է տվել այսպիսի ձեւակերպում. «Մադրիդյան սկզբունքները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի են տանում,» Հայկական «քաղաքական» դիստրոֆիայի ապոթեոզը 2017թ. խորհրդարանական ընտրություններն էին, երբ մյուս գրեթե բոլոր կուսակցությունները «քիրվայություն» որակեցին ՀԱԿ-ի կարգախոսը: Քսան տարվա շրջափուլով Լեւոն Տեր-Պետրոսյանի արժանապատիվ խաղաղության կոնցեպցիան երկրորդ անգամ մերժվեց:
Այսօր «քաղաքական» դիստրոֆիան դրսեւորվում է նրանով, որ Հայաստանը Սյունիքի հարավի կոմունիկացիաների հարցում սկզբունքային որոշում չի ընդունում: Իսկ ինստիտուցիոնալ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ եթե «միջանցք տրամադրվի, ապա դա Հայաստանի պետականության վերջն է»: Իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ կոմունիկացիաների բացմանը կողմ է, եթե հարգվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հաղորդակցության իրավական ռեժիմ սահմանելու իրավունքը:
Ի՞նչ է անում Ադրբեջանը: Արտաքին քաղաքական եւ մյուս բոլոր ռեսուրսները ծառայեցնում է, որպեսզի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ձեւավորի միջազգային աջակցություն: Դա Ալիեւին ազատում է «անհամաչափ պայմաններ թելադրողի» պատասխանատվությունից: Պարզ ասած, նա մի կեցվածքի մեջ է, որ կարելի է այսպես հասկանալ. «Այդ միջանցքն ինձ պետք չէ, կարող եմ Իրանի տարածքով կապվել Նախիջեւանի հետ, եթե ձեզ պետք է՝ Հայաստանին համոզեք»:
Հայաստանին ի՞նչ եւ ինչպե՞ս են համոզում՝ փակ թեմա է: Միայն գիտենք, որ Ռուսաստանը պնդում է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցության հսկողությունը պետք է իր սահմանապահ զորքերն իրականացնեն: Պետք է, երեւի, ընդունել, որ Հայաստանի հարավում հաղորդակցությունն, այնուամենայնիվ, բացվելու է: Եւ խնդիրը ոչ այնքան Հայաստանի համաձայնության, որքան աշխարհաքաղաքական այդ նախագծին նրա բովանդակային, սուբյեկտային ներգրավվածության, մեջ է:
Այս իմաստով «քաղաքական» դիստրոֆիա է, երբ ասում են, որ իշխանությունը գնում է Էրդողան-Ալիեւ տանդեմի «հերթական պահանջի բավարարմանը,»: Ձեւավորվում է մթնոլորտ, որ իշխանությանը մղում է սպասողականության, երկմտության, գուցե թե՝ նաեւ ներքին տարակարծության: Երբ «հող հանձնողին հանձնենք հողին,» էին ասում, որ իշխանությունը վճռականություն եւ անկեղծություն չունեցավ, չասաց, որ «որպեսզի հազարավոր երիտասարդների հողին չհանձնենք, պետք է ԼՂ շուրջ տարածքները վերադարձնենք»:
Այսօր նույն վիճակն է «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Արտաքին, Հայաստանի իշխանությունը ներգրավում է աջակցություն, երբ այն իր ներսում պետք է կոնսենսուսի գա, որ եթե այդ «միջանցքն» իրոք աշխարհաքաղաքական է, ապա մի օր բացվելու է: Հայաստանը չի կարող մնալ տարածաշրջանի «կույր աղիք»: Եւ մեկուսացումը հաղթահարելու նախաձեռնություն, Երեւանը պետք է ցուցաբերի: «Քաղաքական» դիստրոֆիան հաղթահարելու հույս, եթե անկեղծ լինենք, չկա: Մնում է իշխանության վճռականությունը կամ՝ փոփոխությունը:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»