08/09/2024

Շահրամանյանը Սարգիս Գալստյանին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել նույն օրը, երբ ստորագրել է ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագրերը

«Ստեփանակերտի պարետ», լրտեսության մեղադրանքով կալանքի տակ գտնվող Սարգիս Գալստյանը, որը ԼՂՀ-ից տիկնոջ հետ ՀՀ է վերադարձել այս տարվա մարտի 29-ին, վերստին ԶԼՄ-ների «թոփ նյուզի» գլխավոր հերոսն է։ Նա այդ կարգավիճակում մեկ էլ հայտնվել էր 2023-ին, ԼՂՀ-ի նկատմամբ ռուս-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո, երբ լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Գալստյանի՝ Ադրբեջանի կողմից «Խանքենդիի պարետ» նշանակվելու մասին (Ստեփանակերտն այդ անունով կոչել էր ինքը՝ Գալստյանը՝ կապ հաստատելով իր հարազատների հետ)։

Թ. Հակոբյանի այս գրառումը մեծ աժիոտաժ առաջացրեց, Գալստյանի հարազատները սկսեցին հերքել «պարետ» նշանակվելու մասին լուրն, ու ընդհուպ բանը հասավ լրագրողի հասցեին վիրավորանքներ հնչեցնելուն, Գալստյանի հարազատներն էլ սպառնացին Հակոբյանին դատի տալու մասին։ Սակայն որևէ հայց Հակոբյանի դեմ այս պահին ներկայացված չէ։

Հարգելով անմեղության կանխավարկածը՝ նկատենք. արցախցի Գալստյանին առնչվող քրեական գործը, հիրավի, սկանդալային է ոչ միայն այն պատճաառվ, որ ազգությամբ հայը հավաքագրվել և լրտեսություն է արել թշնամի պետության կողմից և «ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել և հանձնել», այլ նաև այն տեսանկյունից, որ ազգությամբ հայ այդ մարդը երկար տարիներ աշխատել է ԼՂՀ պետական ապարատում և տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալից մինչև Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավար, ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի օրոք՝ 2019-ին, եղել է նաև Շուշի քաղաքի զորակոչային հանձնաժողովի անդամ։ Այսինքն՝ ԼՂՀ պետական պաշտոնյան, որը 2018-2023 թթ. Արցախում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, գործել է ընդդեմ ԼՂՀ հարցով բանակցող երկրի, «մայր հայրենիքի»՝ Հայաստանի Հանրապետության։

Անդրադառնալով Սարգիս Գալստյանի վերաբերյալ քրեական գործին՝ Թաթուլ Հակոբյանը կրկին ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որում մասնավորապես առաջարկել է, որ լրագրողներն անպայման հետևյալ հարցերն ուղղեն ԼՂՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։ «ա/ սեպտեմբերի 27-ի հրամանագրով ինչո՞ւ էիր Սարգիս Գալստյանին նշանակում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երբ դրանից օրեր առաջ ստորագրել էիր ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր,

բ/ Սարգիս Գալստյանի նշանակումը և՞ս պարտադրված էր Բաքվից…»։

Նշենք, որ Գալստյանի՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի նշանակման վերաբերյալ Ս. Շահրամանյանի հրամանագիրը, ի տարբերություն ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագրի, որի «իզն ու թոզն» այդպես էլ չտեսանք, դեռ 2023-ի հոկտեմբերին հայտնվել էր մամուլում։ Թե ում թեթև ձեռամբ էր արտահոսքը կազմակերպվել՝ ասել չենք կարող, սակայն ռուսերենով (ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է) հրամանագիրը թվագրված է ոչ թե սեպտեմբերի 27-ով, այլ՝ 28-ով։ Հենց այդ օրն էլ, ի դեպ, հայտնի դարձավ, որ Շահրամանյանը ստորագրել է նաև Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը, որը, նկատենք, նույնպես «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող ֆեյսբուքյան էջում հրապարակվեց նախ ռուսերենով, ապա՝ հայերենով։ Հարկ է նկատել, որ այս տխրահռչակ, խորհրդավոր հրամանագրի վերաբերյալ տեքստը ջնջվել է «Արցախի տեղեկատվական շտաբ»-ի էջից՝ համենայնդեպս անհասանելի է, չկա այս պահին։ Իմիջիայլոց, հունվարի 1-ից, ըստ այդ հրամանագրի, ԼՂՀ-ն պետք է դադարեցներ իր գոյությունը, սակայն այս ընթացքում կցկտուր հայտարարություններ արվեցին այն՝ իբրև թե առ ոչինչ համարելու վերաբերյալ։ Որպես այն չեղարկելու հիմք վկայակոչվում էր այն փաստարկը, թե Շահրամանյանն ամոթալի փաստաթուղթը ստորագրել է ադրբեջանական սպառնալիքի տակ, ճարահատյալ և այդ հրամանագրով իբրև թե երաշխավորել է արցախցիների ապահով վերադարձը ՀՀ։ Որևէ փաստական գրավոր ապացույց առ այն, որ հրամանագիրը չեղարկվել է, նկատենք, մինչև այս պահը չի հրապարակվել։

Նշենք, որ Շահրամանյանը առերեսվել է իր կողմից նշանակված նախկին պաշտոնյայի հետ։ Եվ, ինչպես ֆեյսբուքում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը, «առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ»։

Փաստաբանի խոսքով՝ Ս. Շահրամանյանը նշված վարույթով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն՝ որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել։ Երիցյանի խոսքից, սակայն, պարզ չէ՝ Շահրամանյանն ի՞նչն է հերքել՝ այն, որ ինքը աշխատակազմի ղեկավարի տեղակա՞լ է նշանակել Գալստյանին, թե՞ այն, որ երբեմնի ենթական լրտեսությամբ է զբաղվել։ Ի դեպ, Շահրամանյանը 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն է եղել, 2018 թ. հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, 2020 թ. մայիսի 29-ին էլ նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, 2021 թ. հունվարի 18-ին՝ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։ 2022 թ. մայիսից եղել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, 2023թ. հունվարի 10-ին էլ նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, ապա՝ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, հետո էլ առաջադրվել և ընտրվել է ԱՀ նախագահ։ ՔԿ հաղորդագրության մեջ նշված ժամանակաշրջանում՝ 2018-2023 թթ., Շահրամանյանը եղել է պատասխանատու պաշտոններում, մասնավորապես նաև ԱԱԾ տնօրեն, և ի պաշտոնե պետք է որ իմացած լիներ Գալստյանի լրտեսական «հակումների» մասին։

Հատկանշական է, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ուներ ինչպես Շահրամանյանի, այնպես էլ ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ (ըստ քաջատեղյակների՝ քավոր-սանիկական կապի մեջ էր), ինչպես նաև հայտնի մտավորական շրջանակների, մասնավորապես ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր-տնօրեն Գուրգեն Մելիքյանի հետ։ Մելիքյանն ու նրա որդին՝ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, նախկին դեսպան Վահագն Մելիքյանը, ի դեպ, «սրբազան շարժման» ակտիվ աջակիցներից են, իսկ Սարգիս Գալստյանի եղբորորդի, ԼՂՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանին կարելի է ոչ միայն տեսնել շարժման ակցիաների ժամանակ, այլ նաև Բագրատ Գալստանյանի մասնակցությամբ փակ հանդիպումներին։ Գալստյաննն ինքը արևելագետ է, ԵՊՀ շրջանավարտ, եղել է Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենը։ Ի դեպ, Թ. Հակոբյանն ավելի վաղ՝ դեռ 2023-ին էր իր գրառմամբ հայտնել, որ Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»:

Նկատենք, որ ֆեյսբուքյան իր էջում (այն տևական ժամանակ անհասանելի է) գրառումներ անելիս Սարգիս Գալստյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին թույլ էր տալիս գռեհիկ արտահայտություններ, նրան անվանում թուրքերեն «էֆենդի»։ Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական օպերացիայից մեկ օր առաջ, ի դեպ, Գալստյանն այսպիսի գրառում էր արել՝ պաշտպանելով իր մտերիմ, երբեմնի «շեֆ» Շահրամանյանին. «Իմ խորհուրդը բոլոր ծակ փիլիսոփաներին և աջ ու ձախ ԱՀ իշխանությանը քննադատող անտեղյակ վերլուծաբաններին, հակապետական փողոցային շարժման միջոցով նիկոլ էֆենդի իշխանության բերած, մի քանի անգամ այդ վիժվածքին ընտրած, անտարբերությամբ և վախկոտությամբ պահող ՀՀ հպարտ քաղաքացիները առնվազն պետք է լռեն։ ԱՀ նոր իշխանության բոլոր գործողությունները ճիշտ են և բխում են Արցախի ու Արցախի ժողովրդի շահերից»։ Թե ինչի հանգեցրին ԱՀ նոր իշխանության գործողությունները, հայտնի է բոլորին, երևի «ճիշտ ու Արցախի շահերից բխող» որոշում ասելով լրտեսության մեջ մեղադրվողը նկատի ուներ այն ավերն ու ողբերգությունը, որը օրեր անց համակեց Արցախին, և որի արդյունքում էլ ինքը պաշտոնեական առաջխաղացում ունեցավ… «պարետ» նշանակվեց։

Հ.Գ. Հատկանշական է, որ վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտի մասին ՔԿ-ն հայտնեց այն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում քննարկվեց, ապա ընդունվեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու նախագիծը։ Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը տարակուսել և այսպիսի հարցադրում են արել՝ Արցախի ԱԱԾ-ն, որը պատասխանատու էր այդ երկրի ազգային անվտանգության համար, ձախողել է իր առաքելությունը, ինչի ապացույցը լուծարված Արցախն է։ Հետևապես, իրենց առաքելությունը տապալած, ոչ կոմպետենտ ԱԱԾ-ականներին պետք է ոչ թե ՀՀ ԱԱԾ-ում աշխատելու հնարավորություն տալ, այլ հնարավորինս հեռու պահել այդ ոլորտից, այլապես ՀՀ ազգային անվտանգությունը նույն կերպ կպաշտպանեն:

Հ. Մանուկյան