22/12/2024

Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը. Լուսանկարներ

1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր կարճատև կյանքի ընթացքում փոփոխությունների երկար ճանապարհ է անցել։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է փոփոխությունների ճանապարհը, որի միջով անցել է երկրի Մայր օրենքը։

Սահմանադրական առաջին համաժողովրդական հանրաքվեն 1995 թվականի հուլիսի 5-ին էր, երբ մասնակիցների 68 տոկոսն «այո» ասաց Սահմանադրությանը։ Մայր օրենքն ուժի մեջ մտավ 1995-ի հուլիսի 7-ից։

«Սովետական Հայաստանի վերջին մնացորդն էլ ոչ ևս է: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- 1995 թ. հուլիսի 8-ին գրել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Տասը տարի անց Մայր օրենքին փոփոխություններ էին սպասում․ 1998-ին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրում խորհրդարանի դերը մեծացնելու համար սահմանադրական փոփոխություններ կատարելու խոստում կար։ Ավելի ուշ՝ 2003-ին, նրա նախագահության տարիներին, փորձ եղավ փոխելու Մայր օրենքը, սակայն ոգևորությունը մեծ չէր, և գործընթացը տապալվեց։

2005 թ․ նոյեմբերի 27-ին դարձյալ հանրաքվե էր, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փոփոխության ենթարկվեց ՀՀ Սահմանադրությունը։

2004-ի ապրիլյան իրադարձություններից հետո, երբ ընդդիմության բողոքի ձայնը բռնի ուժով լռեցվեց, անկուսակցական Քոչարյանին հանրաքվեի անցկացման հարցում անվերապահորեն աջակցում էր Հանրապետական-Օրինաց Երկիր-Դաշնակցություն կուսակցություններից կազմված կոալիցիան։ Պաշտոնապես բացատրվում էր, որ փոփոխությունները վերաբերում էին ՀՀ նախագահի լիազորությունների կրճատմանը և զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ապահովմանը։ Մյուս կողմից՝ Քոչարյանն ասում էր, որ 1995-ին ընդունված Սահմանադրությունը 10 տարում պարզապես հնացել է, ինչպես մի հին «ժիգուլի»․ «Արագությունը էն չի, աղմուկը շատ է, յուղ է վառում, բայց կարաս օգտվես, մինչև Սևան կհասնես, կգնաս, բուքսիրով հետ կգաս։ Որոշումը մերը պետք է լինի՝ ուզում ենք արագ զարգացում դեպի ապագա՞, թե՞ ուզում ենք յուղ վառել»։ Այդուհանդերձ, այդ ժամանակներում կային կարծիքներ, որ Քոչարյանն այդպիսով փորձում է ապահովել իշխանության վերարտադրությունը։

Այս հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավն իրականացնելիս Քոչարյանն ուսանողների հետ հանդիպմանը խոստովանել էր, որ նախագահի լիազորությունների առումով գործող Սահմանադրությունն ավելի ձեռնտու է իրեն: Նաև պատմել էր, որ փոփոխությունների փաթեթը տուն է տարել, որպեսզի ընտանիքի անդամներն էլ իրազեկված լինեն․ «Երբ որ զավակներս ծանոթացան, կարդացին, մեկը ինձ հարցրեց՝ պապա, էս քեզ պե՞տք ա։ Իմ պատասխանը ուղղակի հետևյալն էր՝ անձնապես ինձ պետք չէ, բայց քեզ պետք ա, տղաս: Քո համար եմ անում»:

Թեպետ ընդդիմադիր «Արդարություն» և «Ազգային միաբանություն» խմբակցությունները դեմ էին սահմանադրական փոփոխությունների նախագծին, այդուհանդերձ, հանրաքվեի մասնակիցների 94.5 տոկոսը կողմ էր քվեարկել։

Այս գործընթացը լրագրողական շրջանակներում անվանվեց «ուրվականների հանրաքվե», քանի որ լրագրողները պարզել էին՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել են անհայտ անձինք, մեռած հոգիներ, նույնիսկ մարդկանց անուններ էին հայտնվել ցուցակում, որոնք ընդհանրապես ընտրատեղամաս չէին գնացել։

Արդյունքում, ըստ նոր փոփոխված Սահմանադրության, կառավարությունը ձևավորվում էր խորհրդարանական մեծամասնության կողմից, մինչդեռ կառավարության կազմում ուժային կառույցները՝ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում էին գտնվել ՀՀ նախագահի ուղղակի ազդեցության ներքո։ Գլխավոր դատախազին ընտրելու էր Ազգային ժողովը, բայց՝ ՀՀ նախագահի առաջարկով։

Երրորդ հանրաքվեն ու Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական» համակարգը

Սովորության համաձայն, տասը տարի անց՝ 2015-ին, Հայաստանում նորից սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր, այս անգամ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։

Մինչ այդ՝ 2014 թվականի մարտին, Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը, և հենց այդ ժամանակ նա հայտարարեց, որ փոփոխություններից հետո երբևէ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն․ «Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Ընդդիմախոսները, սակայն, հայտարարում էին, որ այս սահմանադրական փոփոխություններն ունեին մեկ նպատակ՝ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության վերարտադրումը։ ՀՀ նախկին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր Պետրոսյանը, քննադատել էին Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրության նոր նախագիծը։ «Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քանդում են պետության հիմքերը»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Սակայն Սարգսյանն այս հայտարարություններին հակադարձել էր այսպես․ «Կարևորագույն խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն»:

Որպես սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հիմնավորում՝ նշվում էր կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավունքի գերակայության երաշխավորումը։

Չնայած քննադատություններին՝ 2015 թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին։

Ըստ ԿԸՀ-ի՝ փոփոխություններին «այո» էր քվեարկել հանրաքվեի մասնակիցների շուրջ 63 տոկոսը , իսկ «ոչ»՝ շուրջ 32 տոկոսը:

Այս հանրաքվեի արդյունքները մեծապես քննադատվեցին թե՛ ընդդիմության, թե՛ միջազգային կառույցների կողմից։ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը պնդեց, որ «ընտրական իրավունքի և միջազգային չափանիշների աննախադեպ քանակի խախտումներ» են գրանցվել հանրաքվեի ընթացքում։

«Մենք գտնում ենք, որ այս հանրաքվեի արդյունքները, որոնք բնութագրվում են մեծ քանակի ընտրակեղծիքներով և չարաշահումներով, քվեատուփերի լցոնմամբ, չեն արտացոլում ժողովրդի ազատ կամքը և չպետք է լեգիտիմ համարվեն»,- հանրաքվեի հաջորդ օրը հայտարարել էր Հելսինկյան կոմիտեի աշխատակից, դիտորդ Լեն Վեթլենդը:

Չնայած ընտրակեղծարարության մասին պնդումներին, դեկտեմբերի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները՝ դրանք համարելով ընդունված։

ԿԸՀ-ն, այսպիսով, մերժեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ու մի շարք ՀԿ-ների դիմումները՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր հանրաքվե նշանակելու մասին:

Այդուհանդերձ, Սարգսյանը չպահեց իր խոստումը և 2018 թվականի ապրիլին 9-ին՝ իր երկրորդ ժամկետի ավարտից հետո, նա ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց և ապրիլի 17-ին Ազգային ժողովում ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Ընդամենը մի քանի օր անց՝ ապրիլի 23-ին, հանրային ճնշման արդյունքում Սարգսյանը հրաժարական տվեց։

Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումն ու «սուպերվարչապետական» համակարգը, սակայն, շարունակում է գործել․ այժմ այն «օգտագործում» է Նիկոլ Փաշինյանը։

Հանրաքվե՝ ՍԴ դատարանի նախագահի դեմ 

2020 թվականին Հայաստանի Սահմանադրությանը հերթական փորձությունն էր սպասում․ 2018-ին հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունը սահմանադրական հանրաքվե նախաձեռնեց՝ փորձելով պաշտոնանկ անել այն ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Պլանավորում էին հանրաքվեն իրականացնել 2020 թվականի ապրիլի 5-ին, նույնիսկ սկսել էին «Այո»-ի քարոզարշավը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվեց, ապա չեղարկվեց։

Սահմանադրական փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Մասնավորապես, առաջարկող փոփոխություններով նախատեսվում էր դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չէր վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին (ՍԴ գործող նախագահն է-հեղ․) և Վահե Գրիգորյանին։

«Ե՞րբ կունենանք երազանքի Սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ: Կունենա՞նք թե չենք ունենա Սահմանադրական այդպիսի դատարան: Այո, կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք, ուշադրություն, 2035 թվականին: Կրկնում եմ, եթե ոչինչ չփոխվի, եթե ոչինչ չփոխենք, այդպիսի Սահմանադրական դատարան կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչո՞ւ, որովհետև գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ հին, այն հին ու մեզ հայտնի Սահմանադրական դատարանը շարունակի գործել հնարավորինս երկար»,- հանրաքվեի քարոզարշավի մեկնարկից 11 օր առաջ՝ 2020-ի փետրվարի 6-ին, ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի օր անց՝ փետրվարի 9-ին, նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ նշանակելով հանրաքվեի անցկացման օրը․

«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը։ Դուխով»։

Սակայն այս ոգևորությունը կիսատ մնաց, և կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ինչի պատճառով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվեցին (Սահմանադրության 208 հոդված)։

Հունիսի սկզբին ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար հայտարարված հանրաքվեն չեղարկելու իրավունք էր տալիս։ Հանրաքվեն չեղարկվեց, ու միանգամից շրջանառության դրվեցին սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու «նախկին ռեժիմի» դատավորներին։ Արդյունքում, 2020-ի հունիսի 22-ին Ազգային ժողովը 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Հայաստանում այժմ էլ Սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներ ընթանում են․ գործում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը պարբերաբար կառավարությանը ներկայացնում է առաջարկներ։ Սակայն խորհուրդը և գործող իշխանությունները վերջնական տարբերակի շուրջ միասնական դիրքորոշման չեն եկել։

Արփինե Հովհաննիսյան