22/12/2024

Սիրո և ատելության արանքում․ Քևին Սփեյսի

Հոլիվուդյան հայտնի օսկարակիր դերասան Քևին Սփեյսին (Kevin Spacey) «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է ու այս օրերին գտնվում է Հայաստանում։ Հուլիսի 7-ին նա մասնակցել է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, իսկ այսօր՝ հուլիսի 9-ին, Կինոգործիչների միությունում հանդիպում է հանդիսատեսի հետ։ 

Սակայն վերջին տարիներին սեռական սկանդալի կենտրոնում հայտնված դերասանին Հայաստանում խաղաղ չեն դիմավորում․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի անդամ են շուրջ 10 հասարակական կազմակերպություններ, պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել Կինոգործիչների միության մոտ։ Մինչ ակցիան, Կոալիցիան պահանջել էր կազմակերպիչներից չեղարկել Սփեյսիի այցը Հայաստան։ «Կո՛չ ենք անում քաղաքապետարանին՝ որպես համայնքային հարկերից ֆինանսավորվող և իր ենթակայության տակ գործող կառույցներում սեռական ոտնձգությունը կանխարգելելու պարտավորություն ունեցող կառույցի,  հովանավորելուն նախընթաց կատարել ամբողջական քննություն և չաջակցել անցյալում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող անձանց»,- հայտարարության մեջ նշել էին ՀԿ-ները։

Բանն այն է, որ 2017 թվականից Քևին Սփեյսին հայտնվել է սեռական սկանդալի ու դրա հետևանքով դատական քննությունների կենտրոնում․ նրա անունը կապված է մի շարք սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների, վկայությունների ու անվերջ ձգվող դատաքննությունների հետ։

Սփեյսիի հետ հուլիսի 9-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը չեղարկվեց համալսարանի ուսանողների ստորագրահավաքի և, ըստ երևույթին, ՀԿ-ների արձագանքի արդյունքում։ Փառատոնի գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանը հուլիսի 6-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Սփեյսիի հետ Ամերիկյան համալսարանի փոխարեն հանդիպումը կանցկացվի Կինոյի տանը։ «Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո (Սփեյսիի կատարմամբ,-խմբ․), ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,- գրել էր Ավետիսյանը։

Ինչպես սկսվեց պատմությունը, որը մթագնեց Սփեյսիի կարիերան

2017 թ․ հոկտեմբերին 5-ին New York Times ամսագրի հրապարակած հետաքննությամբ ամերիկացի հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Ուայնշթայնը (Harvey Weinstein) մեղադրվեց կինոինդուստրիայի ներկայացուցիչ բազմաթիվ կանանց սեռական բռնության ենթարկելու համար։ Ամերիկյան երկնակամարում մեկնարկեց #Metoo (բառացի թարգմանությամբ՝ ես նույնպես) արշավը, երբ սեռական բռնության ու ոտնձգությունների ենթարկված կանայք ու տղամարդիկ խոսում էին իրենց հետ կատարվածի մասին։

Այդ արշավից անմասն չմնաց նաև Քևին Սփեյսին։ Հոկտեմբերի 29-ին, ոգեշնչվելով Ուայնշթայնի մասին բացահայտումներից, դերասան Էնթընի Ռափփը (Anthony Rapp) հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով Քևին Սփեյսիին իր նկատմամբ 1986 թվականին սեռական ոտնձգություններ կատարելու համար, երբ ինքը՝ 14, իսկ Սփեյսին 26 տարեկան էր։

Մեկ օր անց X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում Սփեյսին տարածեց հայտարարություն՝ պնդելով, որ չի հիշում այդ դեպքի մասին, այդուհանդերձ ներողություն է խնդրում ըստ ամենայնի «ալկոհոլի ազդեցության տակ» իր դրսևորած «անընդունելի վարքագծի» համար։ Հայտարարության նույն տեքստում Սփեյսին առաջին անգամ խոստովանեց, որ չնայած նախկինում բիսեքսուալ է եղել, բայց այժմ նույնասեռական տղամարդ է։

Այդուհանդերձ, այս քայլը ոչ մի կերպ չփրկեց Սփեյսիի գահավիժող հեղինակությունը։ Ավելին, ըստ Vox ամերիկյան ամսագրի, 50 անձինք՝ մեծամասամբ տղամարդիկ, մեղադրել են Սփեյսիին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Նույն կայքում նաև ասվում է, որ Սփեյսին, օգտագործելով իր դիրքն ու հնարավորությունները, երկար տարիներ փորձել է գրավել երիտասարդ տղաների ուշադրությունը։

Դատական հայցերը և արդարացված դերասանը

2018 թ․ ապրիլի 11-ին Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը հայտարարեց, որ հետաքննում է Սփեյսիի կողմից սեռական ոտնձգության մասին մեղադրանքը, որը վերաբերում էր 1992 թվականին Արևմտյան Հոլիվուդում դերասանի կողմից մի տղամարդու նկատմամբ սեռական ոտնձգության դեպքին։ Տղամարդը չէր ցանկացել հրապարակել իր անունը։ Նույն տարվա սեպտեմբերին դատախազությունը հայտարարեց, որ մերժում է շարունակել քրեական հետապնդումը, և քրեական գործը կարճվում է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Մի քանի ամիս անց, սակայն, 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, Սփեյսիի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց՝ 2016-ին Նանտաքետ կղզու ակումբներից մեկում տեղի ունեցած ենթադրյալ սեռական ոտնձգության համար՝ այս անգամ Բոստոն հեռուստաընկերության նախկին հաղորդավար Հիդեր Ունրուհի 18-ամյա որդու նկատմամբ։

Այդուհանդերձ, 2019 թվականի սկզբին Սփեյսին արդարացվեց, սակայն դատարանը պահանջեց, որ դերասանը հեռու մնա տղայից և նրա ընտանիքից։

Հրապարակային մեղադրանքներից երեք տարի անց՝ 2020-ի սեպտեմբերին, Էնթընի Ռափփը և մեկ այլ տղամարդ, որը ցանկացել էր անանուն մնալ և հանդես էր գալիս միայն «C.D.» սկզբնատառերով, հայց են ներկայացրել Սփեյսիի դեմ։ «C.D.»-ն, որը 1980-ականներին Սփեյսիի ուսանողն է եղել, պնդել է, որ դերասանն իր հետ սեռական հարաբերություն է ունեցել ու փորձել է բռնաբարել իրեն, երբ ինքը 14 տարեկան էր։ Դատարանը պահանջել էր «C.D.»-ից բացահայտվել և դրա համար նրա պաշտպաններին 10 օր ժամանակ էր տվել, սակայն հայցվորը չէր կատարել դատարանի պահանջը, ինչի արդյունքում նա հրաժարվել էր հայցից՝ նախընտրելով մնալ չբացահայտված։

Նյու Յորքի «Երեխաների զոհերի մասին օրենքում» կատարված փոփոխությունների հիմքով Էնթընի Ռափփը կարողացել է հայց ներկայացնել՝ չնայած ենթադրյալ միջադեպի վաղեմության ժամկետի ավարտին: 2022 թ․ հոկտեմբերի 5-ին՝ Սփեյսիի դեմ առաջին հրապարակային մեղադրանքից 5 տարի անց, Նյու Յորքի դատարանում նշանակվեց դեպքի առթիվ առաջին դատավարությունը։

Դատի ընթացքում Ռափփը ցուցմունք էր տվել, որ 1986 թ․-ին, երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսիի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ 26-ամյա դերասանը հյուրերի հեռանալուց հետո բռնությամբ փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ։

Այդուհանդերձ, երեքշաբաթյա քննությունից հետո դատարանը դարձյալ Սփեյսիի օգտին որոշում կայացրեց՝ համարելով, որ Սփեյսին Ռափփին սեռական ոտնձգության չի ենթարկել և առաջադրված մեղադրանքները համոզիչ չեն։

Անդրադառնալով ավելի վաղ X-ի իր միկրոբլոգում արված գրառմանը, որտեղ նա ներողություն էր խնդրել Էնթընի Ռափփից, Սփեյսին հայտարարել էր, որ գրառումը պարզապես իրավաբանների կողմից ճնշման արդյունքում էր արվել։ «Ես սովորեցի, որ երբեք չպետք է ներողություն խնդրել մի բանի համար, որը չես արել»,- դատարանում հայտարարել էր դերասանը։

2023 թ․ հուլիսի 26-ին՝ իր 64-ամյակի օրը, Սփեյսին արդարացվեց մեկ այլ գործով, այս անգամ արդեն՝ Մեծ Բրիտանիայում։ Չորս տարբեր տղամարդկանց հանդեպ 2005-ի մարտից մինչև 2008-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ենթադրյալ սեռական ոտնձգության 9 մեղադրանքներն առնչվում էին Սփեյսիի՝ Լոնդոնի Old Vic թատրոնում որպես տնօրեն պաշտոնավարման 12 տարիներին։ Դատավճռի հրապարակման պահին Սփեյսին շնորհակալություն էր հայտնել և հեռացել դատարանից։ «Կուզեի ասել, որ չափազանց երախտապարտ եմ երդվյալ ատենակալներին, որ ժամանակ են գտել ու ուսումնասիրել են բոլոր այս ապացույցները, փաստերը, վկայությունները՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։ Ես ցնցված եմ այսօրվա արդյունքներով»,- դատարանում ասել էր Սփեյսին։

Ըստ Variety ամսագրի՝ Սփեյսին հաջորդ տարի նորից է կանգնելու բրիտանական դատարանի առջև, այս անգամ՝ քաղաքացիական հայցի շրջանակում։ Սեռական բռնության մեղադրանք ներկայացրած անձը նախընտրել է անանուն մնալ։

Սեռական ոտնձգության մեղադրանքների ու դատական քաշքշուկների հետևանքով Սփեյսին ֆինանսական խոշորագույն կորուստներ է ունեցել։

Հունիսի 11-ին Փիրս Մորգանի հետ հարցազրույցում նա խոստովանել էր, որ դատական քաշքշուկներից հետո պարտքերը վճարել չկարողանալու պատճառով աճուրդի է դրված նաև Բալտիմորի այն տունը, որտեղ ապրում է։ «Այնքան էլ վստահ չեմ, թե որտեղ եմ ապրելու հետագայում»,- ասել էր օսկարակիր դերասանը։

Ներկայացված մեղադրանքները չհաստատվելուց հետո Հոլիվուդից շուրջ 6 տարի վտարված դերասանն այժմ վերադառնալու փորձեր է անում՝ նկարահանվելով մի քանի ֆիլմերում:

Արփինե Հովհաննիսյան