24/12/2024

Տրամպի՞ հաղթանակն է ձեռնտու մեզ, թե՞ Բայդենի` «շոուն» հօգուտ Տրամպի է

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպի դեմ մահափորձից հետո, որի հետեւանքով Տրամպը վիրավորվել է, բայց ոչ կյանքի ու կենսունակության համար վտանգավոր աստիճանի, գրեթե համընդհանուր է գնահատականը, որ կատարվածը ավելի է ուժեղացնում Տրամպի՝ առանց այդ էլ բավականին ուժեղ թվացող դիրքերը:

Մահափորձ իրականացնողը սպանված է: Տրամպը, նաեւ նրա դուստրը՝ առաջին իսկ րոպեներին տարածած հայտարարությամբ շնորհակալություն էին հայտնել ԱՄՆ հատուկ ծառայություններին՝ արագ եւ պրոֆեսիոնալ գործելու համար: Սա հատկանշական դետալ է:

Կա հանրության մի մեծ շերտ, որ, ելնելով այն հանգամանքից, որ կատարվածը ուժեղացնում է Տրամպին, այն որակում են «շոու»: Այստեղ իհարկե գերակշռողը այսպես ասած կոնսպիրոլոգիան է, որովհետեւ շատ բարդ է պատկերացնել, թե արդյո՞ք հնարավոր է կազմակերպել շոու, երբ կրակում են ոչ թե զոհի, այլ «շահառուի» վրա, եւ հաշվարկում են ամեն ինչ այնպես, որ գնդակն անցնում է կենսական նշանակության հատվածներից միլիմետրի շեղությամբ եւ վնասում միայն ականջը:

Եթե հնարավոր է կազմաակերպել այդպիսի շոու, ապա միայն հատուկ հմտությունների գերպրոֆեսիոնալ գործադրման միջոցով: Եվ հարց կառաջանա, թե ի՞նչ կազմակերպություններ կարող են ունալ լինել տնօրինելու այդպիսի միլիմետրի ճշգրտությամբ կազմակերպված «անվտանգ մահափորձ»:

Չմտնենք կոնսպիրոլոգիաների դաշտը, առավել եւս, որ մեզ՝ հայաստանցիներիս համար հարցը մահափորձի «իրական» կամ «արհեստական» լինելը պարզելը չէ, այլ հասկանալը, թե ինչ ազդեցություն այն կունենա թե ԱՄՆ ներքաղաքական կյանքում ու նախագահի ընտրության արդյունքի վրա, թե նաեւ միջազգային իրավիճակի վրա, հաշվի առնելով ԱՄՆ մեծ դերը միջազգային հարաբերություններում:

Այդ իմաստով, ի դեպ, Հայաստանում հարցը քննարկվում է հիմնականում հետեւյալ տրամաբանությամբ՝ Տրամպի՞ հաղթանակն է ձեռնտու մեզ, թե՞ Բայդենի: Սա բացարձակապես անիմաստ հարցադրում է: Այն կունենար իմաստ, եթե մենք ունենայինք որեւէ վճռորոշ ազդեցություն այդ ընտրության արդյունքի վրա:

Մենք՝ հայաստանցիներս, Հայաստանը, եւ անգամ հայերս, չունենք այդ ազդեցությունը: Հետեւաբար, մենք պետք է պատրաստ լինենք ԱՄՆ նախագահի ընտրության ցանկացած արդյունքի, պատրաստ լինենք ԱՄՆ որեւէ նոր վարչակազմի, այդ թվում Տրամպի հնարավոր վարչակազմի հետ աշխատանքի: Ի՞նչպես է զարգանալու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը, եթե նախագահ դառնա Տրամպը: Երեւանը պատրաստվու՞մ է դրան: Ինչ խոսք, թերեւս այդքան էլ ճշգրիտ չի լինի պնդելը, որ Տրամպն այլեւս ԱՄՆ նախագահն է, եւ ընտրությունը վերածվում է տեխնիկական գործընթացի:

Բոլորովին, ԱՄՆ հազիվ թե հնարավոր է դիտարկել որպես այդքան պարզունակ գործընթացների երկիր: Բայց, հենց այդ հանգամանքն է նաեւ, որ պարտադիր է դարձնում այդ գործընթացների հնարավոր տարբեր սցենարների պատրաստ լինելը: Անկասկած է, որ այստեղ կա մեծ աշխատանքի անհրաժեշտություն:

Ինչպես նշվում է շատ հաճախ, ԱՄՆ ռազմավարությունը նախագահների փոփոխությանը ենթակա չէ, բայց ենթակա է այդ ռազմավարությունըսպասարկող մարտավարությունը: Իսկ, հաշվի առնելով ԱՄՆ նշանակության, կարեւորության, կարողությունների մասշտաբը, այդ տակտիկական փոփոխությունները էապես զգալի են դառնում ավելի համեստ դերակատարների համար, ըստ այդմ շատ կարեւոր է դառնում հնարավոր փոփոխություններին առավելագույնս վաղ եւ առավելագույնս ընդգրկուն պատրաստ լինելը:

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ 2024 թվականին կայանալիք ԱՄՆ առաջնորդի ընտրություններում։

«Այժմ կարելի է վստահ ասել՝ նա արդեն հաղթել է, եթե նրան չսպանեն»,- գրել է Մեդվեդևը «X»-ի իր անգլալեզու միկրոբլոգում:

Նա հրապարակել է նաև Թրամփի բանտային լուսանկարը, որն արվել է 2023 թվականի օգոստոսին, երբ ԱՄՆ նախկին նախագահը անցել է ձերբակալման պաշտոնական ընթացակարգը։