08/09/2024

Հայ – ամերիկյան զորավարժությունը քաղաքական գերագնահատման առիթ կամ պատճառ չէ

Երեւանում մեկնարկել է Արծիվ գործընկեր 2024 հայ-ամերիկյան զորավարժությունը, որին մասնակցում են Հայաստանի խաղաղապահ բրիգադի, ինչպես նաեւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժության նպատակն է Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացումը: Հայ-ամերիկյան զորավարժությունը բնականաբար դարձել է մեծ տեղեկատվա-քաղաքական աղմուկի պատճառ: Ինչ է այն գործնականում եւ կա՞ն արդյոք այն քաղաքական տողատակերն ու շերտերը, որ ներկայացվում են տարբեր կերպ:

Թերեւս այստեղ աղմուկն իսկապես ավելին է, քան հիմքերը: Հայ-ամերիկյան գործակցությունը՝ մասնավորապես Հայաստանի բանակի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ, ունի արդեն ավելի քան երկու տասնամյակի պատմություն, պարբերական համատեղ միջոցառումներով, պարբերական փոխայցերով եւ այլն:

Եվ ավելորդ է ասել, որ այդ գործակցությունը եղել է ու կա Հայաստանի Զինուժի մարտունակության ապահովման կարեւոր գործոններից մեկը: Հայաստանում տարիներ շարունակ գործում է նաեւ խաղաղապահների ԶԱՌ ուսումնական կենտրոնը, որ ստեղծվել է դեռեւս 2018-ից առաջ՝ ԱՄՆ աջակցությամբ, որտեղ նույնպես պարբերաբար իրականացվել են համատեղ միջոցառումներ: Այլ կերպ ասած, հայ-ամերիկյան պաշտպանական գործակցությունն ունի բավականին նկատելի պատմական հետագիծ, եթե այն չափենք հետխորհրդային շրջանի համար:

Իհարկե, այսօր գուցե այդ գործակցությունը ունի այլ տեսակարար կշիռ՝ հատկապես Ռուսաստանի հետ գործակցության, Ռուսաստանի տեսակարար կշռի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով նվազման պարագայում: Բայց, սա նա առկա աշխարհաքաղաքական իրողությունների բերումով ստեղծված իրավիճակ է, որը սակայն առավել եւս պահանջում է պատասխանատու մոտեցում, ինչի հարցում կարեւոր է քաղաքական մանիպուլյատիվ աղմուկի բացակայությունը:

Միացյալ Նահանգները, որպես համաշխաչհային գերտերություն, որպես անվտանգության ոլորտում հսկայական թե տեխնոլոգիական, թե մեթոդական փորձառություն ունեցող խաղացող, չի կարող չլինել Հայաստանի համար պաշտպանության, անվտանգության բնագավառում առանցքային գործընկեր:

Այդ գործընկերությունն ինքնին չի կարող համարվել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության հանգամանք: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ պաշտպանական միջոցառումները գոնե առայժմ մեղմ ասած խիստ հեռու են այնպիսի ծավալից ու բնույթից, որոնք թույլ կտան խոսել այդպիսի ռեգիոնալ փոփոխության մասին:

Այդ գործակցությունը կարող է փոխել Հայաստանի պաշտպանական ներուժն ու կարողությունները, իսկ դա էլ ռեգիոնալ կայունության համար կարեւոր գործոններից ու հանգամանքներից մեկն է, ռեգիոնալ բալանսի ապահովման միջոցներից մեկը: Իհարկե ոչ միակը:

Այսօր իրավիճակը միջազգային անվտանգության համակարգում այնպիսին է, որ չկա ռեգիոնալ անվտանգություն ապահովող մեկ մեխանիզմ, միակ խաղացող, եււ դա չի վերաբերում լոկ Հայաստանին: Հետեւաբար, հայ-ամերիկյան պաշտպանական գործակցությունն իր կարեւորությամբ հանդերձ, պետք է ուղեկցվի անշուշտ կարեւոր այլ ուղղություններով գործակցությամբ:

Որեւէ մեկի, օրինակ Ադրբեջանի պարագայում չգիտես ինչու չեն բարձրաձայնվում աշխարհաքաղաքական «ճակատագրապաշտական» հիացմունքներ կամ մտահոգություններ, երբ Բաքուն թե սպառազինության գնման, թե գործակցության այլ ձեւերի հարցում գործում է Չինաստանից մինչեւ ՆԱՏՕ, Ռուսաստանից Իսրայել, Պակիստանից Սերբիա:

Իսկ պատճառներից մեկն էլ թերեւս այն է, որ Բաքուն այդ ամենը իրականացնում է հնարավորինս նվազ, գրեթե զրոյական «կողմնակի աղմուկով», ի տարբերություն Հայաստանի, որտեղ աղմուկի մեջ սովորաբար խլանում, նենգափոխվում է էականը, ինչը միմիայն խանգարում է աշխատանքի այսպես ասած հավելյալ արժեքային հեռանկարին:

Այդ առումով, հայ-ամերիկյան զորավարժությունը թե քաղաքական գերագնահատման առիթ կամ պատճառ չէ, եւ թե նաեւ այսպես ասած մասնագիտական: Այն հնարավորություն է, Հայաստանի պաշտպանական արդիականացման գերխնդիրը հնարավորինս արդյունավետ սպասարկելու հնարավորություն:

Քաղաքականության առաքելությունը կամ նույնիսկ պարտականությունն է ֆիլտրելով «կոնյուկտուրային միջամտությունների» մոտիվներն ու փորձերը, ապահովել այդ հնարավորության առավելագույնս արդյունավետ եւ ինստիտուցիոնալ իրացումը: