Օրերս հրապարակված Հայաստանի տնտեսական հարաբերությունների պաշտոնական վիճակագրության մեջ կան ուշագրավ ցուցանիշներ: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար-մայիսին աճել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։
Եթե նախորդ տարվա հինգ ամսում իրականացվել է 2,8 մլրդ դոլարի առևտուր, ապա ընթացիկ տարում արդեն այդ թիվը հասել է 7,6 մլրդ դոլարի։ Արտաքին առևտրաշրջանառության մեջ գերակա բաժինը Ռուսաստանի հետ շրջանառությունն է՝ 7,5 մլրդ դոլար, որը կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 45.9 տոկոսը։
Նվազել է ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը. 2023թ․ առաջին հինգ ամսում իրականցվել է 1,1 մլրդ դոլարի առևտուր, իսկ այս տարի՝ 877,4 մլն դոլարի։ Սա ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության 5.1 տոկոսն է։ Այլ երկրների հետ առեւտուրը 2023 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 3,4 մլրդ դոլար է կազմել, ընթացիկ տարում 7,7 մլրդ դոլար։
Գերազանցապես աճել է ԱՄԷ-ի և Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Տնտեսությունը, տնտեսական միտումները Հայաստանում այսպես ասած տեղեկատվա-օրակարգային դաշտում հետին պլանում են, թերեւս այն պատճառով, որ դրանք չունեն էպատաժային «ներուժ»:
Ժամանակակից մեդիասպառման ապրանքը ավելի շուտ «էպատաժն» է: Մինչդեռ, իրական քաղաքականությունը զգալիորեն նաեւ հենց տնտեսությունն է: Տնտեսական դաշտում են ձեւավորվում քաղաքականության հետ փոխկապակցված պատճառահետեւանքային մոտիվները, այդ դաշտում է ձեւավորվում ընդհանրապես որեեւէ միջազգային իրավունքի սուբյեկտի սուբյեկտային ներուժի ահռելի մասը, ողնաշարը:
Օրինակ, ի՞նչ է հնարավոր արձանագրել Հայաստանի տնտեսության առնչությամբ, երբ հետեւում ենք հրապարակված այդ թվերին: Անշուշտ, տնտեսությունը պետք է մանրազնին եւ հանգամանալից վերլուծության ենթարկվի շատ ավելի բազում թվային ցուցանիշների հիմքով, որովհետեւ տնտեսության՝ մակրո եւ միկրո շերտերը խիստ շատ են ու բազմազան:
Սակայն, ներկայացվող վիճակագրությունը բավականին տեսանելի է դարձնում, որ իրական տնտեսական պրոցեսներն ու քաղաքական օրակարգերը Հայաստանում գտնվում են տարբեր «կիսագնդերում»:
Մինչդեռ, այդպես չի լինում: Բարեգործության մեջ է լավ, երբ չկա այսպես ասած կապը աջ ու ձախ ձեռքերի միջեւ եւ մեկը չգիտե, թե ինչ է անում մյուսը: Քաղաքականության մեջ, ինչպես նշեցի, տնտեսության ու քաղաքական օրակարգերի կապը օրգանական է, եւ, եթե այն չկա, ապա կնշանակի, որ իրականում չկա սուբյեկտային եւ իրատեսական քաղաքականություն: Ներկայացված վիճակագրությունը վկայում է, որ այդ կապը չկա կամ առնվազն չկա գոնե համադրելի պատկեր:
Օրինակ, մի կողմից կարող ենք լսել տնտեսական դիվերսիֆիկացիայի, անգամ անվտանգային ու արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին անմնացորդ խոսակցություններ ու հավաստիացումներ, բայց տնտեսական չոր վիճակագրությունն արձանագրում է, որ չկա ոչ մի տարբերակում եւ Հայաստանի տնտեսությունը գերազանցապես կապված է ռուսական տնտեսական հարթությանը եւ դրանից ծավալվում է նաեւ այն ուղղություններում, որոնք եւս այդ հարթության հետ են կոմունիկացված:
Ինչ խոսք, տնտեսական դիվերսիֆիկացիան ահռելի աշխատանք պահանջող երկարաժամկետ ու ծանր աշխատանքի խնդիր է, որն ի դեպ չի կարող լինել նաեւ աշխարհաքաղաքական գետնի վրա կատարվող գործընթացներից կտրված:
Բայց, այդ դեպքում գուցե պետք է «չշոյել» հանրային ականջները դիվերսիֆիկացման մասին անընդհատ ճառասացությամբ, այլ շատ ավելի իրական գործով քայլ առ քայլ զբաղվել տնտեսական պատկերը «գետնի» վրա որակապես փոխելու աշխատանքով: Իսկ դրա համար, տարբերակված տնտեսական հարաբերություններ ունենալու համար նախ պետք է ունենալ այսպես ասած ձեւավորված տնտեսություն, որը հենված է արտադրողականության, այլ ոչ թե տարանցիկ վերաարտահանումների աճի վրա:
Բաց մի թողեք
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մայիսին կազմել է 790 հազար 320․ ՊԵԿ
Հուլիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են