22/12/2024

Փաշինյանին հարց տված ու անհետացած երիտասարդի հետքերով

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չնայած բոլոր ջանքերը գործադրել էր՝ մոնտաժված կադրերով եւ բեմադրված հանդիպումներով ցույց տալու, որ Արագածոտնում իբր Փաշինյանը հանրային մեծ աջակցություն ունի՝ մարդիկ նրան սիրով ու գրկաբաց են ընդունել, ծափահարել, շնորհակալություն հայտնել եւ այլն, սակայն ուրբաթ օրվա այցից հետո մամուլում սկանդալային տեղեկություն հայտնվեց այն մասին, որ վարչապետին իր դժգոհությունները ներկայացրած Ծաղկահովիտ համայնքի բնակիչն անհետացել է, ընտանիքի անդամներն էլ հաղորդում են ներկայացրել իրենց որդու անհետացման վերաբերյալ։

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի այցի գիշերը, մասնավորապես, հայտնի դարձավ, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին են դիմել Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ՝ 32-ամյա Սերոբ Ներսիսյանի հարազատները եւ հայտնել, որ նա առավոտյան ժամերին տնից դուրս է եկել՝ Շիրակի մարզ մեկնելու՝ դեղ գնելու նպատակով, սակայն մինչեւ այժմ նրանից տեղեկություններ չունեն։ Եվ հայտնել են, թե ունեն կասկածներ, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել: Հարազատների փոխանցմամբ՝ անհետացածը Լեռնապար գյուղում վարչապետին դժգոհել է ճանապարհների ոչ որակյալ ասֆալտապատման համար, հայտնել է, որ ավարտին չեն հասցվում Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները, եւ իրենց համոզմամբ՝ հենց դա է եղել պատճառը, որ նրան առեւանգել են: Անհետացած երիտասարդը հայտնաբերվել է միայն հաջորդ օրը՝ երեկոյան։

Ուշագրավ է, որ վարչապետի հետ կապված այս միջադեպի վերաբերյալ իրավապահ կառույցները չշտապեցին պաշտոնական հաղորդագրություն տարածել, ՔԿ-ից երեկ մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին․ «Կա նախաձեռնված վարույթ՝ անձի անհետ կորելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ավելի ուշ անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Ստուգվել են նրա կողմից ներկայացված իրարամերժ տվյալները, ստացված տվյալներով՝ հերքվել են հնարավոր առեւանգման ու բռնության ենթարկման հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է»։

Միջադեպին առավել խորհրդավորություն է հաղորդում նաեւ այն, որ սրա մասին մարզային իշխանությունների ներկայացուցիչները կա՛մ չեն ուզում խոսել, կա՛մ էլ կցկտուր տեղեկություններ են հաղորդում։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է՝ եթե, ինչպես ՔԿ-ն է հաղորդում, այս պատմությունը շինծու է, ապա այդ մասին առաջինն իշխանականները կթմբկահարեին։

Նշենք, որ որոշ շրջանակներ վերջին օրերին համառորեն տարածում են, թե անհետացողը մոլի նիկոլական է, եւ նրա հետ չէին կարող հաշվեհարդար տեսնել, պարզապես երիտասարդ ատամնաբույժն անձամբ բեմադրել է իր առեւանգումը, որ արտագաղթի Հայաստանից ու առեւանգման պատմությունը հօգուտ իրեն օգտագործելով, որեւէ եվրոպական երկրում քաղաքական ապաստանի հարց լուծի։ Սակայն այս վարկածն էլ ավելի է խայտառակում իշխանությանը․ ստացվում է, որ անգամ նիկոլականներն են դժգոհ «ժողովրդավարության բաստիոնից» եւ այնքան դժգոհ են, որ արտագաղթի մասին են մտածում։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երեկ ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանն էլ երդում-պատառ կերավ, թե իրեն ոչինչ հայտնի չէ։ «Օրգանը մենակ գիտի, ես բան էլ չգիտեմ»,- ասաց Հակոբյանը։ Հարցրինք՝ իսկ չե՞ք խոսել Ձեր համագյուղացիների հետ։ «Խոսել եմ, բայց բան չգիտեմ, օրգանը գիտի մենակ»,- կրկնեց նա եւ անգամ չհամարձակվեց խոսել ասֆալտապատման, հիվանդանոցի կառուցման մասին, որոնց վերաբերյալ անհետացած տղամարդը խոսել էր։ «Երեխեքի արեւ, խաբար չեմ»,- ասաց նա։ Փոխարենը երիտասարդին բնորոշեց իբրեւ խելացի, կազմակերպված, աշխատասեր մարդու, որն ատամնաբույժ է եւ իր մասնագիտությամբ է զբաղվում։

Միջադեպի գլխավոր հերոսի հեռախոսահամարն անհասանելի էր, խոսեցինք երիտասարդի հոր՝ Սայաթ Ներսիսյանի հետ։ Նա չհերքեց, որ ինքն է իրավապահներին հաղորդում ներկայացրել որդու անհետացման վերաբերյալ, սակայն դժվարությամբ եւ ընտրողաբար էր պատասխանում մեր հարցերին։ Հարցրինք՝ արդեն պա՞րզ է, թե ով է եղել իր որդուն առեւանգողը։ «Չեմ կարա ասեմ, ինձ անհայտ է՝ ով է առեւանգել, ինչի համար»։ Իսկ Ձեր որդին վերադառնալով ի՞նչ է պատմել, ո՞վ է իրեն առեւանգել, կամ գուցե ինքնակա՞մ է գնացել։ «Չգիտեմ, չեմ հարցրել»։ Ձեր որդուն չե՞ք հարցրել։ «Լավ, ես աշխատանքի եմ, չեմ կարող էլ խոսել»։ Սայաթ Ներսիսյանին հարցրինք նաեւ որդու քաղաքական հայացքների մասին, կոնկրետացնելով՝ իշխանություններին դե՞մ է, թե՞ կողմ։ «Ոչ մի իշխանությանն էլ ինքը դեմ չի, ես չեմ կասկածում, որ իշխանությունների կողմից պիտի լինի ինչ-որ բան արած»։ Իսկ ճի՞շտ է, որ հատուկ է սարքել, որ քաղաքական ապաստան ստանա արտերկրում։ «Չեմ կարող ասել, ինքը կասի»։ Հայաստանից հեռանալու մտադրություն ունի՞։ «Չեմ իմանում․․․ Կարող ա ունի, ինձ չի ասել ինքը»։ Միասին եք ապրում, չէ՞։ «Այո, բայց ես աշխատանքի մեջ եմ, անջատում եմ, ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, իրեն չեմ մոտեցել, չեմ հարցրել»։