08/09/2024

Աննա Դանիբեկյանին հասկացրել են, թե՝ Քոչարյանին դատիր, չի դատե՞լ․ «քավության նոխազ»

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 16-ին միաձայն որոշում է կայացրել դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիաազորությունները, բավարարելով արդարադատության նախարարության դիմումը:

Իսկ դիմումը այն հիմնավորմամբ էր, որ Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը վարել է այնպես, որ այն ձգվել է եւ այսպես ասած հատել վաղեմության ժամկետը, ինչի հիմքով էլ Ռոբերտ Քոչարյանը խուսափել է պատասխանատվությունից:

Ըստ էության, Աննա Դանիբեկյանն այս դեպքում թերեւս դառնում է «քավության նոխազ», ըստ ամենայնի տեղեկատվա-քարոզչական նկատառումներով: Հիմնավոր է նրա գործողությունների հանդեպ հայցադիմումը, թե ոչ, անգամ կարեւոր էլ չէ:

Փաստ է այն, որ 2018-ից հետո այդքան տարփողված դատական ռեֆորմը, զանազան «գրավիչ» տերմինաբանություններով, պաարզապես բացակայել է:

Հայաստանում չի փոխվել դատաիրավական համակարգ, այն ընդամենը տրանսֆորմացվել է քաղաքական իրողություններին համահունչ, եւ այդ համակարգում առկա գործերն ու գործընթացները պարզապես ենթարկվել են արդեն տվյալ օրվա ու ժամանակի ներքաղաքական «փոխարժեքին», պայմանավորվածություններին, գործարքներին եւ այլն: Եվ սա չի վերաբերում լոկ Ռոբերտ Քոչարյանի գործին:

Սա վերաբերում է 2018-ից հետո ըստ էության քաղաքական հնչեղության գրեթե բոլոր գործերին: Քաղաքական հնչեղության այն իմաստով, որ այդ գործերը կառավարող մեծամասնությունն օգտագործել է իր հանրային PR-ի համար:

Բայց, մի ձեռքով զբաղվելով դրանով, մյուս ձեռքով իհարկե ապահովվել է քաղաքական իրողություններին համահունչ ընթացք եւ արդյունք: Ի վերջո, հենց այդ դաական գործերն ու հետապնդումներն էին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տվեցին ներքաղաքական դերակատարության «հենման կետ»:

Ի վերջո, հենց այդ դերակատարությունն էր, որ ստեղծեց գործող քաղաքական մեծամասնության դիրքերի պահպանման լավագույն ֆոն՝ նախկինների վերադարձի «հավերժական ահաբեկումով»: Տվյալ պարագայում, Աննա Դանիբեկյանին ենթարկելով պատասխանատվության, ըստ էության փորձ է արվում հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե նա է եղել պատասխանատուն, որ երկրորդ նախագահը խուսափել է պատասխանատվությունից:

Գործնականում, «նախկինների» դեմ քրգործերի վրա կառուցված ներքաղաքական քարոզչության, իսկ դրա ներքո էլ կոնյուկտուրային փոխհամաձայնությունների եւ այդ ամենի հիմքով պատասխանատվության հարցերի բարեհաջող չեղարկման պատասխանատուն հենց քաղաքական մեծամասնությունն է, առաջին հերթին փաստացի տապալված դատաիրավական ռեֆորմով հանդերձ:

Մնացյալը, թերեւս կշարունակի մնալ քարոզչական խաղարկումների տիրույթում: Այդ թվում հնարավոր է նաեւ Դանիբեկյանի պատմությունը: Ի վերջո, ապագա ներքաղաքական պայքարների պարագայում հազիվ թե տեսնենք տեղեկատվա-քարոզչական երեւակայության ավելի նոր ու մեծ դրսեւորումներ: