22/12/2024

Տրամպի փոխնախագահի ընտրությունը, աջերն ու խնդիրների բույլը

Դոնալդ Տրամպը, որ հուլիսի 15-ին հանրապետական կուսակցության համագումարում պաշտոնապես առաջադրվել է նախագահի թեկնածու, ընտրել է նաեւ իր փոխնախագահին: Եվ այդ ընտրությունը շատերը համարում են անսպասելի, քանի որ Օհայո նահանգից 39-ամյա սենատոր Ջեյ Դի Վենսը փոխնախագահի հնարավոր թեկնածուների շարքում չի եղել ֆավորիտ:

Դի Վենսը Տրամպի վառ հետեւորդ է, ինչը թույլ է տալիս վերլուծաբաններին եզրակացնել, որ նրա ընտրությունը եղել է հենց այդ սկզբունքով՝ հավատարմության, նվիրվածության:

Մյուս կողմից, նա հայտնի է օրինակ Ուկրաինայի հարցում ԱՄՆ աջակցությունը դադարեցնելու դիրքորոշմամբ: Դի Վենսը աջ գաղափարների ու հայացքների կրող է: Այդ ընտրությունը, ըստ դիտորդների, չի ավելացնի Դոնալդ Տրամպին քվեարկողների ձայները, բայց առավել կհամախմբի նրա հետեւորդներին: Չի բացառվում, որ Տրամպը ունենալով սեփական դիրքի ամրության զգացում, հատկապես Բայդենին հեռուստաբանավեճում հաղթելուց, ինչպես նաեւ իր դեմ անհաջող մահափորձից հետո, մտածում է այլեւս ոչ թե ավելի շատ ձայների, այլ այսպես ասած եղածը ամուր պահելու եւ մոբիլիզացնելու մասին:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահի ընտրությունը թերեւս Տրամպի այսպես ասած վարչակազմի, կամ հնարավոր վարչակազմի ձեւավորման առաջին քայլն է, սակայն թերեւս կարեւոր է լինելու նաեւ այն, թե նա ի՞նչ ընտրություն ունի ամերիկյան դիվանագիտության առաջնագծի՝ պետքարտուղարության ղեկավարի հարցում:

Նաեւ շատ կարեւոր է լինելու, թե Դոնալդ Տրամպը ու՞մ է ընտրելու ազգային անվտանգության հարցերի իր խորհրդական, որը այլ կերպ ասած ԱՄՆ անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակ է:

Սրանով իհարկե չեն սահմանափակվում վարչակազմի առանցքային պաշտոնները, թիմի շրջանակը, սակայն խոշոր հաշվով այս պաշտոնյաներն են էական մասնակցություն ունենում արտաքին քաղաքականության ձեւավորմանը, իսկ Հայաստանի համար մասնավորապես կարեւոր եւ շոշափելի է լինելու հենց այդ հանգամանքը:

Այդ հարցում կողմնորոշումները թույլ կտան Հայաստանին առավել ստույգ ուրվագծել Տրամպի նոր վարչակազմի հնարավոր «ուղղվածությունը», «ոճն» ու մեթոդաբանությունը, ըստ այդմ նախանշել նաեւ դրա հանդեպ Հայաստանի դիրքավորման ու անելիքերի շրջանակը:

Փոխնախագահի ընտրությունը առայժմ թույլ է տալիս եզրակացնել, որ Տրամպի նոր վարչակազմը կարող է ունենալ ընդգծված աջ ուղղվածություն, միաժամանակ շարունակել «Առաջինն Ամերիկան» տրամաբանությունը, որով նախագահում էր Տրամպը իր նախորդ ժամկետը:

Այլ կերպ ասած, դա կնշանակի, որ Տրամպի հնարավոր վարչակազմը՝ իշխանության գալու դեպքում, միջազգային քաղաքականության առումով կարող է ավելի շատ ապավինել այսպես ասած «աջ գործընկերների»: