Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիեւի տարածած տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանն իբրեւ հրաժարվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպում անցկացնելու Բրիտանիայի նորանշանակ վարչապետի առաջարկից, ինչը Բաքուն, ըստ Հաջիեւի, գնահատում է հետքայլ խաղաղության գործընթացում:
Ադրբեջանական այդ տեղեկատվություն ավելի քան մեկ ժամ անց Հայաստանն արձագանքեց ԱԳՆ մակարդակով, ասելով, որ Երեւանը չի հրաժարվել Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, այլ հակառակը՝ առաջարկել է երկկողմ հանդիպում Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում, ինչից հրաժարվել է Բաքուն:
Նախ, արձանագրենք, որ հայկական կողմը թույլ է տվել տեղեկատվական բացթողում, եւ բանը մեկ ժամ ուշացումով արձագանքը չէ: Երեւանն ընդհանրապես չպետք է լիներ արձագանքողի դերում եւ այդ փաստի առաջ պետք է դներ Բաքվին, առաջինը տարածելով Ադրբեջանի ապակառուցողականությունը վկայող տեղեկությունը, որ Բաքուն հրաժարվել է ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման առաջարկից: Հերթական անգամակնառու է տեղեկատվական քաղաքականության էական բացը, որ առկա է Հայաստանի պետական քաղաքականության համատեքստում:
Իսկ Ադրբեջանն օգտվում է այդ բացերից: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա դեռ գագաթնաժողովի նախօրեի արձանագրել եմ, որ Ադրբեջանը չունի հանդիպման շահագրգռություն եւ դժվար է պատկերացնել, որ Լոնդոնում կայանալիք միջոցառմանը դրսեւորի կառուցողականություն, եթե լինի հանդիպման նախաձեռնություն: Այստեղ իհարկե կարող է հարց առաջանալ, թե, այդ դեպքում ի՞նչ էր անելու Բաքուն, եթե Երեւանը համաձայներ Լոնդոնի առաջարկին՝ եռակողմ հանդիպում Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո:
Չի բացառվում, որ Լոնդոնն այդ առաջարկն արել է Բաքվի խնդրանքով՝ Երեւանի առաջարկից խուսափելու հարցում դեմքը փրկելու համար: Փաշինյանն ու Ալիեւը Լոնդոնում են Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի առիթով, եւ կլիներ տրամաբանական, եթե նրանց հանդիպումը անցկացվեր հենց այդ ձեւաչափի ներքո, այլ ոչ թե փաստորեն առաջարկվեր բոլորովին նոր ձեւաչափ՝ Բրիտանիայի նոր կառավարության ղեկավարի հովանու ներքո: Հարցն անշուշտ Բրիտանիան չէ, այլ այն, որ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռննության շրջանակում կա Փաշինյան-Ալիեւ հանդիպումների որոշակի հետագիծ:
Իհարկե, Ադրբեջանը փորձեց նախորդ տարի Գրանադայում կայացած երրորդ գագաթնաժողովից հրաժարվելով, հրաժարվելով այդ ժամանակ սպասվող հնգակողմ հանդիպումից՝ կտրել այդ հետագիծը, բայց Լոնդոնում ընդունելով դրանից դուրս նոր ձեւաչափով հանդիպելու առաջարկը, Երեւանն ընդամենը կարող էր օժանդակել Ադրբեջանին, ինչը հազիվ թե նպաստեր խաղաղության հեռանկարի հարցում Բաքվի հավասարակշռվածությանն ու կառուցողականությանը:
Բաց մի թողեք
Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը