23/12/2024

Ինչու սպառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետը, ինչ խախտում էր թույլ տվել դատավորը. ԲԴԽ նախագահը մանրամասնել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են:

ԲԴԽ-ն միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարություն՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ դատավորը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Ընդդիմությունը պնդում է, որ այս որոշումը քաղաքական հետապնդում է դատավորի նկատմամբ՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց՝ այդ որոշումը փոքր կաթիլ է աշխարհում այսօր տեսած բոլոր անարդարությունների օվկիանոսում:

«Հասարակության մի զանգվածի համար սա ուրախալի որոշում է: Ես հիշում եմ, թե ինչպիսի հարձակում տեղի ունեցավ ԲԴԽ-ի, ամբողջ դատական իշխանության նկատմամբ, երբ օրինակ, Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հայտարարվեց, որ կարճվում է վաղեմության ժամկետի հիմքվ և իհարկե որոշումը ոչ թե այդ հարձակման արդյունքն է, որովհետև դրանք անվերջանալի են դատական իշխանության նկատմամբ, ուղղակի զուգակցվեց տարբեր հանգամանքներով:

Որոշումը կայացվեց էն ալիքի վրա, որ մարդիկ ասում էին՝ ինչու սպառվեց վաղեմության ժամկետը, որից հետո դատական դեպարտամենտը, որը նաև պարտավոր է իրականացնել մոնիթորինգ և վերահսկողություն, թե ինչ է կատարվում դատական համակարգում, իրականացրեց ուսումնասիրություն մի շարք գործերով, որտեղ հասարակությունն անվերջ քննադատում էր դատական իշխանությանը:

Նախարարությունը վարույթ հարուցեց, գործը բերեց ԲԴԽ: ԲԴԽ-ն էլ գտավ, որ էս որոշումը, էս գործը և Աննա Դանիբեկյանի արածը մեծապես հեղինակազարկել է դատական իշխանությանը: Եվ դա այնքան վտանգավոր է, որ կարող ենք ունենալ հարյուր հազարներով արդար վճիռներ, բայց մեկ հեղինակազրկող վճիռը հողին հավասարեցնի ամբողջ դատական իշխանության ու բոլոր դատավորների արածը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Ինչ խախտում էր թույլ տվել դատավորը, ինչ է արել: Անդրեասյանն ասաց՝ ավելի շատ անգործություն է դրսևորել, պատշաճ քայլերը բացակայել են:

«Ոչ թե դիտավորությամբ, օրինակ մեր կարծիքով, ձգձգել է, կամ հատուկ նիստերը ուշացրել է կամ չի մասնակցել նիստերին, այլ հակառակը, չի կանխել, չի ձեռնարկել միջոցներ, որ այդ ձգձգումն արհեստական տեղի չունենա: Ընդհանրապես մեր արդարադատության, մեր երկրի ամենամեծ պրոբլեմն այն է, որ թացը չորից գրեթե չի տարբերվում, և շատ քիչ մասնագիտական օբյեկտիվ քննարկում կա, որ մարդիկ հասկանան՝ որ հարցում ով ինչում է պատասխանատու:

Կարող է պարոն Քոչարյանն էլ դեմ լիներ, որ իր գործը ձգձգվում է: Թող շուտ կայացներ վճիռն իր որոշումով, իր խղճով, կապ չունի ում օգտին: Այստեղ հարցը հետևյալն է. ինչու է թույլ տրվել, որ գործն այնքան ձգվի, որ հետո դառնա անիմաստ, արդարադատությունը ոչնչանա և վարկաբեկվի մի ամբողջ երկրի դատական համակարգ»,- ասաց Անդրեասյանը:

Այսինքն՝ Դանիբեկյանը միտումնավոր չի գործել՝ հարցին, ԲԴԽ նախագահն ասաց, եթե լիներ միտումնավոր, այլ խոսակցություն կլիներ: Նույնիսկ, եթե դա արվել է մասնագիտական անփութության կամ ուղղակի բարդ գործերը ճիշտ, օպերատիվ իրականացնելու կարողություն չունենալու պատճառով, միևնույնն է, դատական իշխանության համար արդյունքը եղել է ողբալի:

«Ես չեմ հիշում ավելի սարսափելի քարկոծում դատական իշխանության, քան գոնե այս գործի հետ կապված: Սա անձի հարց չէ, տիկին Դանիբեկյանի մասին չէ խոսքը: Սա մարդկային վերաբերմուքն է դատական իշխանության նկատմամբ: Սա մենք չենք արել որևէ խմբի գոհացնելու կամ չգոհացնելու համար: Սա ազդակ է բոլոր դատավորների համար»,- ասաց Անդրեասյանը: