08/09/2024

Խորհրդա-իրանական սահմանը խորտակվել է, տասնյակ հազարավոր մարդիկ Արաքսի ջրերում տոնել են «միավորումը»

Բաքվի վարչական դատարանը մերժել է Իրանի քաղաքացի Փույա Փուրհամաթիի ընդդեմ Ադրբեջանի միգրացիոն ծառայության բողոքը: Տեղեկությունը «Թուրան» գործակալությանը հայտնել է անձամբ Փուրհամաթին:

Վերջինս էթնիկ ազերի է, իրանա-ադրբեջանական սահմանը հատել է 2023թ. հոկտեմբերի 9-ին և հայտարարել, որ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրում: Նա ենթարկվել է երկամսյա կալանքի, ապա՝ վարչական տուգանքի և ազատ արձակվել:

Դատարանը նրան չի ճանաչել «Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության» անդամ, որը ընդհատակյա գործունեություն է ծավալում Իրանում: Փուրհամաթին «Թուրանի» թղթակցին ասել է, որ դատավորին հարց է ուղղել. «Երբ մենք ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ակցիաներ էինք կազմակերպում, խոչընդոտում Իրանի միջոցով Հայաստան ռուսական սպառազինությունների առաքմանը, մեկ-միասնական ազգ էինք, իսկ հիմա՝ ո՞չ»,- ինչին հետևել է պատասխան, որ «Իրանում բնակվող ադրբեջանցիներն Ադրբեջանական հանրապետության հետ ոչ մի կապ չունեն»:

Ինչպե՞ս է Փուրհամաթին հատել իրանա-ադրբեջանական սահմանը, ինչու՞ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել կամ ինչու՞ նրան անմիջապես չեն արտահանձնել Իրանին՝ քաղաքական, Իրան-Ադրբեջան միջպետական տիրույթի հարցեր են: Ամենեւին էլ բացառված չէ, որ Փուրհամաթին տարիներ շարունակ հանդիսացել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, եւ Իրանից նրա փախուստը կազմակերպված էր:

Բաքու-Թեհրան հարաբերություններն այդ շրջանում լարված էին, Ադրբեջանը պահանջում էր, որ իր դեսպանատան «դեմ զինված հարձակում գործած անձը ենթարկվի մահապատժի»: Իրանի դատարանը հենց այդ վճիռն էլ կայացրել է: Երկու օր առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը: Այս իրավիճակում Ալիևը չէր կարող արտոնել, որ միգրացիոն ծառայությունը Փուրհամաթիին քաղաքական վտարանդի ճանաչի:

Փուրհամաթին ասել է, որ եթե իրեն արտահանձնեն, ապա «Իրանում ինքը կենթարկվի մահապատժի»: Նրա դեմ «քրեական գործ» է հարուցված, բայց թե ի՞նչ մեղադրանքով, նա չի մանրամասնել: Լռում է նաեւ ադրբեջանական լրատվամիջոցը, ինչքնն հասկացվում է, որ Փուրհամաթին մեղադրվում է Իրանում անջատողականություն քարոզելու, այդ ուղղությամբ գործունեություն ծավալելու մեջ:

Փաստացի ստացվում է, որ նա «միասնական Ադրբեջանի» քարոզիչ է, իսկ այդ գաղափարը Բաքվում պաշտոնապես ճանաչված է. դեկտեմբերի 31-ը նշվում է որպես «աշխարհի ադրբեջանցիների» օր: 1989թ. այդ օրը Նախիջեւանի հատվածում խորհրդա-իրանական սահմանը խորտակվել է, տասնյակ հազարավոր մարդիկ Արաքսի ջրերում տոնել են «միավորումը».

Ադրբեջանի խորհրդարանում արդեն մի քանի տասնամյակ է՝ գործում է «Հարավային Ադրբեջանի հետ համերաշխության» պատգամավորական խումբ, որ գլխավորում է բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին, գրանցված է «Ամբողջական Ադրբեջան» կուսակցությունը, որի առաջնորդ Հասնագուլիեւը Միլլի մեջլիսի պատգամավոր է:

Փուրհամաթին Ադրբեջանի իշխանություններին փաստացի մեղադրել է իր եւ իրանական Ադրբեջանի «դեմոկրատական շարժման» վաստակն ուրանալու եւ Թեհրանի վրեժխնդրությանը հանձնելու մեջ: Բաքվում Իրանի հետ հարաբերությունների խորացման ակնկալիքներ ունեն: Քաղաքական նպատակահարմարությունը, փոխադարձության սկզբունքը պահանջում են, որ Ալիեւը կայացնի Փուրհամաթիին արտահանձնելու որոշում:

«Բայց նա, ըստ երեւույթին, ժամանակ շահելու մարտավարություն կընտրի: Փուրհամաթին ասել է, որ Բաքվի վարչական դատարանի որոշումը բողոքարկելու է՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Ադրբեջանում, իհարկե, ոչ ոք նրան հրապարակային աջակցություն չի հայտնի:

Բայց դա չի նշանակում, թե քաղաքական, մտավորական, գիտական շրջանակներից Ալիեւի հասցեով դիմումներ չեն արվելու, խնդրագրեր չեն ներկայացվելու: Հարցի հանգուցալուծումը կախված կլինի նաեւ Թեհրանի հետեւողականությունից»: