2021-ի ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած (3,95 տոկոս) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է «քաղաքական դեպրեսիան» հաղթահարել ոչ թե քաղաքականության էջը փակելով՝ ինչպես դա արեց 2015-ի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ձախողումից և Սերժ Սարգսյանի կողմից «չարիք» անվանվելուց հետո, այլ… երիտասարդական պրոյեկտ հովանավորելով, մոտավորապես այնպիսի, ինչպիսին «Բազե»-ն էր։
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին, չէ՞, սիրում իրենց շրջապատել «բազեացած» ջահելներով և նրանց հետ փոխանակվել ռազմահայրենասիրական կենացներով։ Խոսքը «Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի» մասին է, որը ձևավորվել է մոտ մեկ ամիս առաջ, և որի ղեկավարը ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ, Լիանա Մանուկյանն է։ Հատկանշական է, որ ֆորումի բացմանը ներկա էին նաև «սրբազան պայքար»-ի հետ աֆիլացված ներկայացուցիչներ, մասնավորապես Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը, որը ողջույնի խոսքով դիմել է երիտասարդներին, Թովմաս ուրարակիր Առաքելյանը (Տավուշի թեմ), որը Բագրատ Գալստանյանի «աջ թևն» է և Տավուշ-Երևան քայլերթի ընթացքում Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջով ակտիվ «լուսաբանում էր» տեղի ունեցողը, դերասանուհի, արցախցիների հետ կպված բարեգործական ծրագրում ներգրավված Անաիս Սարդարյանը, որը մայիսի 10-ին սրբազան շարժման հանրահավաքի ժամանակ բեմ բարձրացավ ու ազդարարեց՝ «սրբազանն ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու երեխեքով», ապաև՝ «թքեմ ձեր երեսին» ասաց…
ԲՀԿ խորհրդի անդամ, պրոսրբազանական Արման Աբովյանը, որը, ըստ լուրերի, զբաղված է այս նոր պրոյեկտի կուրացիայով, երևի համոզել է ԲՀԿ առաջնորդին, որ «Արցախ», «արցախցի երիտասարդ» բառերի գործածումը «Գագիկ Ծառուկյան» անվան կողքին հրաշալի PR քայլ է և կարող է ծառայել ի բարօրություն ԲՀԿ-ի, հատկապես որ ԱԺ գալիք ընտրությունները սարերի հետևում չեն։ Արդ, 120 և ավելի արցախցիների քվեները իրենցով անելու ուղղությամբ պետք է հիմիկվանից միջոցներ ձեռնարկել՝ աշխատելով այնպիսի հեռանկարային՝ «թիրախային խմբի» հետ, ինչպիսիք երիտասարդներն են, որոնք էլ կարող են քաղաքականապես կողմնորոշել իրենց ընտանիքի անդամներին, շրջապատին գալիք ընտրությունների ժամանակ։
Նշենք, որ նախօրեին Ծառուկյանը վերստին հանդիպել է ֆորումի երիտասարդներին և ամփոփելով այս ընթացքում ֆորումի գործունեությունից ստացած իր տպավորությունները, քաջալերելով «նրանց ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում» ՝ ցնցող հայտարարություն է արել. «Արդեն հին կուսակցությունները իրենց ամեն ինչը կորցրել են, վաղեմության ժամկետը անցել ա, անկախ նրանից՝ ով ոնց կընդունի, ինչ չի ընդունի, ես ասում եմ այն, ինչ որ իրականում կա։ Արդեն ոչ էլ ժողովրդի մեջ վստահությունը կա, ոչ ժողովրդի հավատքը կա, հիմնական խնդիրը արդեն իրենց հին կուսակցությունները սպառել են, ժողովուրդը հոգնել ա»։ Տեսնես հատկապես ո՞ր կուսակցություններին նկատի ունի պարոն Ծառուկյանը, որոնք, ըստ նրա, իրենց սպառել են, և որոնց «վաղեմության ժամկետն անցել ա»՝ 134 տարեկան ՀՅԴ-ի՞ն, 34 տարեկան ՀՀԿ-ի՞ն, թե՞ 20 տարեկան ԲՀԿ-ին։ «Վաղեմության ժամկետ» ասելիս, ենթադրում ենք, պարոն Ծառուկյանը լեզվական սայթաքում է ունեցել՝ «պիտանիության ժամկետ» պիտի ասեր։ Այս դեպքում, այո, համաձայն ենք մեծն քաղաքագետի հետ, երեք գործընկեր կուսակցությունները, որոնք առնվազն 20 տարի ուզուրպացրել էին քաղաքական դաշտն ու ժամանակ առ ժամանակ «պսակադրվում»՝ կոալիցիա էին կազմում, ապա և «ապահարզան» հայտարարում, ժողովրդին հոգնեցրել են, սպառել իրենց խնդիրը։ Այդ պատճառով էլ բոլորը միասին իրենց ռեսուրսները ներդնելով այս էլ որերորդ անգամ ձախողում են իշխանափոխության իրենց պլանն ու արժանանում լայն հանրության արհամարհանքին։ Այնպես որ, այո, պիտանիության ժամկետն անցած ցանկացած ապրանք պետք է դուրս բերվի շրջանառությունից՝ կանխելու հանրային առողջությանը հասցվելիք վնասը։
Ի դեպ, Ծառուկյանը մտքեր է արտահայտել նաև խոհափիլիսոփայական ժանրում, մասնավորապես նշելով, թե՝ «առաջին հերթին մեր թշնամին ներքին թշնամանքն է, որ դա պետք է վերացվի, ասողին լսող է պետք, բայց էդ նույն բանը շարունակվում ա, դրա համար հաջողություն չի կարա լինի։ Մենք մի ազգ ենք, դա կլինի ղարաբաղցի, սփյուռք, Հայաստան, հայը մի հատ ա, որը պետք է կարողանանք այդ կարծրատիպերը կոտրել, որ լիարժեք միասնական, կարողանանք քարը քարին դնել, հզորացնել ի օգուտ երկրի, ժողովրդի, երիտասարդության»։
Իրեն հոգեհարազատ՝ պոպուլիզմի ժանրում մտքեր արտահայտելու հաճույքից, բնականաբար, Ծառուկյանն իրեն չի զրկել արցախցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, և նրանցից մեկի հարցին՝ «որպես քաղաքական գործիչ, հայրենիքի համար մտահոգ անձ ինչպե՞ս եք տեսնում և արդյոք տեսնո՞ւմ եք մեր՝ արցախցիների վերադարձը հայրենիք», ԲՀԿ առաջնորդը մելամաղձոտ արձագանքել է. «Անհնարին ոչինչ չկա, եթե լինի միասնություն, համագործակցություն, զարգացում… Մենք այսօր փոքր երկիր ենք, խելացի ենք, բայց փոքր ենք, մենք էսօր մեր շահը նայելով, մենք էսօր դաշնակիցներին մեզնից հեռու ենք վանում, փոխանակ ավելի ամրապնդենք, խնդիրները դնենք, հարցադրումները դնենք՝ հիմնականում շահը, ժողովուրդը, պետությունը, անվտանգությունը։ Մենք պետք է խաղալիք չլինենք ուրիշ պետությունների ձեռքին, մենք պետք է կամուրջ հանդիսանանք Արևմուտքի համար, մենք բոլորի հետ պետք է լավ լինենք, ոչ մեկի հետ վատ չլինենք, բայց ով դաշնակից է՝ նրա հետ ավելի հավատարիմ, երկարաժամկետ ծրագրեր, գործունեություն ունենանք»։ Թե ինչպես են հավաքված արցախցի երիտասարդները վերլուծել հայաստանցի քաղգործչի՝ բարդ համադասա-ստորադասական նախադասությունները, ասել չենք կարող։ «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» «ուսմունքի» հեղինակ Ծառուկյանն, ակնհայտորեն, «դաշնակից» ասելով նկատի ուներ ՌԴ-ին, որին, փաստորեն, վանում ենք հեռու, փոխարենը «հավատարիմ» լինենք։ Համաձայնեք՝ սա ոչ թե պետական մտածողության, այլ ստրկամտության դասական օրինակ է՝ մատուցմամբ քաղաքական այն ուժի ղեկավարի, որը տասնյակ տարիներ եղել է ակտիվ քաղաքականության մեջ, լուծել երկրիս հարցերը։
Արցախցի երիտասարդ լինեինք, հաստատ այս հարցը կտայինք՝ պարոն Ծառուկյան, խաբար ե՞ք, որ մեր դաշնակից ՌԴ-ն, որին պիտի հավատարիմ լինենք, ԼՂՀ-ում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում առնվազն 5 տարի ժամկետով, բայց թույլ տվեց, որ Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքն ու էթնիկ զտում իրականացնի, 2023-ին էլ նույն ՌԴ-ն Ադրբեջանի հետ համատեղ օպերացիա իրականացնելուց հետո հանձնեց Ղարաբաղը, մեզ էլ բռնի տեղահանության դատապարտեց։ Մենք էլ, ահա, այսօր ստիպված չէինք լինի ՀՀ-ում հաստատվել ու Ձեր՝ Ծառուկյանիդ, ծեքծեքուն մտքերն ունկնդրել, եթե ռուսները կատարեին իրենց՝ դաշնակից երկրի առաքելությունը։
Ինչ վերաբերում է այլ պետության ձեռքին «խաղալիք» կամ Արևմուտքի համար «կամուրջ» լինելու մասին ԲՀԿ առաջնորդի մտակառույցներին, ապա ակնհայտ է, որ նրա PR-շիկները օգտվում են ռուսական ուղեցույցներից՝ «շեֆին» ևս ստիպելով սերտել այն ամենը, ինչը թելադրվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համապատասխան ռեպետիտորների կողմից։
Նկատենք, որ ամիսներ առաջ՝ նախքան սրբազան շարժում կոչեցյալը սկսելը, ԲՀԿ-ն մասնակցեց ՌԴ իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի կազմակերպած «Ընդդեմ գաղութատիրության. հանուն ազգերի ազատության» խորագիրը կրող համաժողովին (ՀՀԿ-ն նույնպես): Կուսակցությունը Մոսկվա էր մեկնել Գագիկ Ծառուկյանի դեմքով՝ «անկեղծ, պարզ, ընկերական, եղբայրական, գործնական հարցերը բարձրացնելու և լուծումները ստանալու»։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը նույնպես մասնակցում էր համաժողովին ու ելույթ է ունեցել։ Ներկա էր նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար, որն, ի դեպ, նույնպես մասնակցում է Բագրատ Գալստանյանի հետ քաղաքական ուժերի հանդիպումներին և պրոռուսականության «ասեղը» թելում։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է
Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով