08/09/2024

Հայաստան-ԵՄ հարաբերության հարցը դուրս պահել աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից

Ազատություն ռադիոկայանը հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին հայտնել է, որ Եվրոպական Խորհուրդը տարիների բանակցությունից հետո հաստատել է Հայաստանի հետ ԵՎ վիզաների ազատականացման բանակցություն սկսելու առաջարկը:

Գործընթացը ենթադրում է, որ ԵՄ անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտնի, թե երբ է սկսելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունը: Տեղեկությունն իհարկե ողջունելի է, միեւնույն ժամանակ սակայն հասկանալի, որ խոսքը տարիներ պահանջող գործընթացի մասին է:

Այսինքն, որքան տարիներ է պահանջվել, որպեսզի ԵԽ հաստատի առաջարկը, այդքան էլ թերեւս տարիներ կպահանջվի, որպեսզի բանակցությունը սկսելու դեպքում այն ավարտվի հաջողությամբ: Այստեղ սակայն հարցն այլ է:

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության զարգացումն ու ընդլայնումը համբերատար աշխատանք պահանջող գործընթաց է, որտեղ ցանկալին իրականության տեղ մատուցելը միայն կարող է խանգարել այդ աշխատանքին: Ըստ այդմ, հաջողությունը թերեւս ապահովված է այնտեղ, որտեղ կա համբերատարությունը:

Իհարկե ոչ միայն համբերատարություն, այլ բնականաբար նաեւ մասնագիտական կոմպետենտություն, կառավարչական հմտություններ, որոնք թույլ կտա համբերատար աշխատանքի միջոցով քայլ առ քայլ հասնել հարաբերության խորացման ու ընդլայնման արդյունքի: Երբ Հայաստանի պարագայում էական, նկատելի խնդիր կա նույնիսկ գոյություն ունեցող իրավա-պայմանագրային հենքից բխող աշխատանքը արդյունավետ առաջ մղելու հարցում, ինչի մասին վկայում է օրինակ ԵՄ-Հայաստան համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը, ինչի մասին վկայում է Արեւելյան գործծընկերության ԵՄ ծրագրով նախատեսված 2,6 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակության անբավարար ծրագրային ապահովումը, ապա այդքան էլ հուսադրող չի թվում վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարը:

Ինչ խոսք, այդ հեռանկարը կարող է փոխվել արդեն զուտ քաղաքական, ավելի շուտ՝ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի բերումով, որպես Հայաստանի հնարավոր խրախուսանք: Բայց, այստեղ էլ իհարկե առանցքայինն է՝ Հայաստան-ԵՄ հարաբերության զարգացումն ու ընդլայնումը պետք է խարսխվի ընդհանուր արժեհամակարգային հիմքի, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների վրա: Որովհետեւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների առումով, պատկերը կարող է լինել հարաբերական, փոփոխական, հակասական: Այդպես է ցանկացած ուժային կենտրոնի պարագայում: Առավել եւս, որ Եվրամիությունում ինքնին ակնհայտորեն բացակայում է աշխարհաքաղաքական շահի միատարությունը:

Ըստ այդմ, Երեւանի խնդիրն է Հայաստան-ԵՄ հարաբերության հարցը դուրս պահել աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից եւ ամուր հենել արժեհամակարգային փոխադարձության եւ ընդհանրության «պատվանդանին»: Այստեղ է, որ Հայաստանից առավել եւս պահանջվում է այսպես ասած բարձր կոմպետենտությամբ մեծ համբերատարություն: Ի վերջո, գլխավոր նպատակը Հայաստանի արդիականացումն է, Հայաստանի պետական ու հանրային ներուժի իրացվելիության առավելագույնս արդյունավետ միջավայրի ձեւավորումը: