ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության հարցերի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է տեղեկությունը, որ Հայաստանի ՊՆ-ում կլինի ԱՄՆ բանակի ներկայացուցիչ:
Զեյան, որ այցելել էր Վրաստան եւ Հայաստան, ասել է, որ դա ուրախալի լուր է, որը մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերությունում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թեւակոխելու փաստը: Ի՞նչ է անելու Հայաստանի ՊՆ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը, մանրամասներ հայտնի չեն:
Ինչո՞վ է օրինակ այդ ներկայացուցիչը տարբերվելու Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդից: Ի՞նչ հարցերի է առնչվելու այդ ներկայացուցիչը, լիազորության եւ պարտավորությունների ի՞նչ համակարգ է աշխատելու: Այդ ներկայացուցիչը լինելու է Պենտագոնի՞ց, թե՞ օրինակ Կանզասի ազգային գվարդիայից, որի հետ Հայաստանի ՊՆ-ն գործակցում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է, թե իրավա-պայմանագրային ի՞նչ հիմքով է Հայաստանի ՊՆ-ում հաստատվելու ԱՄՆ ներկայացուցչի ներկայությունը, այդ ներկայությունը լինելու է հեռակա, ասենք ԱՄՆ դեսպանատնից, թե՞ ԱՄՆ ներկայացուցիչը իր տեղն է ունենալու Հայաստանի պաշտպանության նախարարության շենքում:
Իսկ հայ-ամերիկյան պաշտպանական գործակցությունը հնարավոր չէ՞ր առանց այդպիսի ներկայացուցչի, ինչը՝ համաձայնեք, որ այսպես ասած սովորական պրակտիկա չէ միջպետական հարաբերություններում: Արդյո՞ք այդ ներկայացուցչի հանգամանքը պայմանավորված է Վաշինգտոնի անվստահությամբ, եւ այդ ներկայացուցիչը լինելու է այսպես ասած դե ֆակտո վերահսկող:
Հարցերը շատ են, որոնց պատասխանները կօգնեն հասկանալ, թե Հայաստանի ՊՆ-ում ԱՄՆ ռազմական ներկայացուցչի առկայությունն ինչ գործնական պատկեր է խոստանում Հայաստանի պաշտպանական համակարգի եւ հայ-ամերիկյան հարաբերության համար, որքանով է այն լինելու պարզապես քաղաքական ազդեցության գործոն Միացյալ Նահանգների համար, եւ որքանով է իրապես նպաստելու Հայաստանի ԶՈՒ արդիականացման եւ բարեփոխման գործընթացին, ինչը բնականաբար Հայաստանի համար կարեւոր խնդիր է:
Միեւնույն ժամանակ, կարեւոր է նաեւ հասկանալ, թե Երեւանը որքանով է այսպես ասած կոմունիկացրել հարցը հարեւան Իրանի հետ, որը ամենազգայունն է Հայաստանում արտառեգիոնալ դերակատարների ներկայության հարցի հանդեպ եւ պարբերաբար բարձրաձայնում է այդ մասին:
Բաց մի թողեք
Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը