Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ Շարլ Միշելը Լոնդոնում առանձին հանդիպումներ է ունեցել միմյանց հետ հանդիպում չունեցած Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ, ինչի առնչությամբ Ազատություն ռադիոկայանին դիվանագիտական աղբյուրը փոխանցել է, որ եղել են առանձին, բայց հաջող հանդիպումներ:
Թե ինչն է այդ հանդիպումներում եղել հաջող, երբ Իլհամ Ալիեւը չի համաձայնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի առաջարկած ձեւաչափով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ համաձայն չի եղել հանդիպել Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո՝ ինչը կոմֆորտ գոտի կլիներ Ալիեւի համար, պարզ է թերեւս միայն Միշելին:
Միշելին, որն ի դեպ Եվրոպական Խորհրդի հեռացող նախագահն է, այսինքն ըստ էության իր պաշտոնավարումն ավարտած մի գործիչ, որի հանդիպումը Փաշինյանի եւ Ալիեւի հետ ավելի շուտ թերեւս եղել է հրաժեշտի հանդիպում, քան հանդիպում, որը գործնականում կարող էր որեւէ էական բան նշանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացում:
Այդ գործընթացում էական բան կարող է նշանակել այն, որ Լոնդոնում չեղավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Հարցը պարզապես հանդիպում չլինելը չէ: Այստեղ կա երկու հանգամանք, որ արժանի է ուշադրության:
Օրինակ, հանդիպում որպես այդպիսին չեղավ նաեւ նախորդ տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական տարեվերջյան գագաթնաժողովի շրջանակում, բայց եղավ «ոտքի վրա» շփում: Լոնդոնում փաստորեն չեղավ Փաշինյան-Ալիեւ որեւէ շփում:
Իսկ հանդիպում չլինելու հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ եղել է փաստորեն երկու ձեւաչափային հնարավորություն, որից սակայն կոնսենսուսային չի եղել որեւէ մեկը:
Այսինքն, եթե պարզապես չլիներ հանդիպման նախաձեռնության փորձ եւ ըստ այդմ նաեւ չլիներ հանդիպում, ապա այդ դեպքում իհարկե գուցե չլիներ հատուկ ուշադրության անհրաժեշտություն, հատկապես օրեր առաջ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո արտգործնախարարների հանդիպման պայմաններում:
Բայց, եղել է հանդիպման նախաձեռնություն, ընդ որում երկու տարբերակով, սակայն կողմերը չեն եկել որեւէ տարբերակի շուրջ համաձայնության, ինչը հարց է առաջացնում՝ եթե չի եղել որեւէ ձեւաչափի շուրջ հանդիպման համաձայնություն, ինչպե՞ս է հնարավոր համաձայնությունը այսպես ասած խաղաղության պայմանագրի շուրջ բովանդակության առնչությամբ:
Այդ իմաստով, այն, ինչ տեղի է ունեցել Լոնդոնում, ըստ էության ունի այսպես ասած ահազանգի նշանակություն եւ իմաստ: Այսինքն, գործնականում հրապարակայնորեն դրսեւորվել է իրարամերժության ակտ, եվ դա այն խոսակցությունների ֆոնին, թե կա համաձայնության պատմական պահ, կողմերը առավել քան երբեւէ մոտ են, եւ այլն:
Լոնդոնում փաստացի բացահայտվեց, գոնե ըստ կատարվածի առերեւույթ տրամաբանության, որ կողմերը մոտ չեն նույնիսկ ձեւաչափ համաձայնեցնելու հարցում, ուր մնաց՝ բովանդակության: Եվ այն, որ փաստորեն ստեղծվեց իրավիճակ, երբ դրսեւորվեց դա՝ միմյանց մեղադրանքի «հիմքերով», իրապես պահանջում է խորը դիտարկում:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»