08/09/2024

Հայաստանի եւ Բրիտանիայի շահերի եւ պատկերացումների անհամաձայնություններն ու ցածր մակարդակը

Լոնդոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հանդիպումը Բրիտանիայի իր նորանշանակ գործընկեր Դեյվիդ Լամիի հետ:

Լամին 14-ամյա դադարից հետո իշխանության եկած լեյբորիստական կառավարության արտաքին գործերի նախարարն է, որն այդ պաշտոնում փաստորեն փոխարինում է պահպանողականների կառավարության արտգործնախարար, այդ երկրի նախկկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Լոնդոնում Միրզոյան-Լամի հանդիպումը առանձնակի ուշադրության է արժանի այն աղմուկի ֆոնին, որ առաջացել է Փաշինյան-Ալլիեւ չկայացած հանդիպման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Բաքուն հայտարարեց, որ Լոնդոնը առաջարկել է հանդիպում Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո, սակայն Երեւանը հրաժարվել է դրանից:

Հայաստանի ԱԳՆ-ն էլ պարզաբանեց, որ Երեւանն առաջարկել է հանդիպել Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում, ինչի առիթով էլ հավաքվել են Լոնդոնում: Փաստացի ստացվում է, որ Երեւանը մերժել է Լոնդոնի նախաձեռնությունը:

Համենայն դեպս, ակնառու է այդպիսի մեկնաբանությամբ ադրբեջանական տեղեկատվության տողատակը, ինչը սակայն նենգափոխում է, քանի որ Երեւանն արել է պարզապես առավել տրամաբանական առաջարկ՝ հանդիպել այն շրջանակում ու համատեքստում, ինչը դարձել է Լոնդոնում հավաքվելու, Լոնդոն այցի պատճառ եւ առիթ՝ ԵՔՀ:

Առավել եւս, որ այդ ձեւաչափի շրջանակում կա հայ-ադրբեջանական հանդիպումների օրակարգային պատմություն եւ հետագիծ: Այլ կերպ ասած, Հայաստանը ոչ թե մերժել է Լոնդոնի նախաձեռնությունը, այլ պարզապես հստակեցրել խնդրո առարկան եւ տրամաբանությունը:

Ահա այդ համատեքստում կարեւոր է, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության «քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ»:

Ավելորդ է թերեւս արձանագրել Բրիտանիայի էական դերն ու ներգրավվածությունը միջազգային գործընթացներին, այդ թվում Կովկասին, Հայաստանի անվտանգության միջավայրին առնչվող հարցերին՝ ընդ որում մերձավորարեւելյան ընդգրկումով: Եվ որքան էլ անխոս առկա է բրիտանա-ադրբեջանական սերտ գործակցություն, այդուհանդերձ այդ հանգամանքը առավել էական է դարձնում Բրիտանիայի հետ Հայաստանի դիվանագիտական աշխատանքի նշանակությունը:

Եվ այդ իմաստով, կարեւոր է «տաք հետքով» արտգործնախարարների հանդիպումը, այդ կերպ կանխելու համար ռիսկը, որ Ադրբեջանը «աղմուկ» հանած պատմությունը կարող է ծառայեցնել հայ-բրիտանական հարաբերության հարցում լարվածության «սերմեր ցանելու» համար:

Իսկ դա անշուշտ ռիսկ է, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ Հայաստանի եւ Բրիտանիայի շահերի եւ պատկերացումների առնչությամբ ներդաշնակությունն ու համադրելիության աստիճանը մեղծ ասած բավականին ցածր է, եւ հետեւաբար առավել եւս չկա ավելորդ թյուրըմբռնումների կարիք: