26/12/2024

Ովքեր և ինչ պայմաններում են ԼՂ ղեկավարներին հանձնել Բաքվին, ով է Սարգիս/Սարխան Գալստյանը. Հակոբյանը փակագծեր է բացել

Ովքեր և ինչ պայմաններում են ԼՂ նախկին ղեկավարներին հանձնել Բաքվին, ով է Սարգիս/Սարխան Գալստյանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս հարցերին որոշակի պատասխաններ է տվել լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը առաջինն էր հայտնել հայաթափված ու դատարկված ԼՂ-ում մնացած Սարգիս Գալստյանին Բաքվի կողմից Ստեփանակերտի պարետ նշանակելու մասին:

«Արցախի ղեկավարության առևանգումը/հանձնումը 2023 թվականի ողբերգական իրադարձությունների ֆոնին, մեծ հաշվով, անուշադրության մատնվեց:

Խոսքը ոչ միայն հայերի՝ Բաքվի բանտ տանելու մասին է, ինչն ինքնին պետք է լիներ օրակարգային, այլ այն մասին է, թե ինչ պայմաններում և որտեղ են նրանց ձերբակալել/առևանգել:

Տպավորություն կա, թե իբր Բաքվի բանտում գտնվող հայ մարդկանց չվնասելու մտահոգությունն է, որ բոլորին ստիպում է չխոսել, ինչից օգտվում են Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողները, որոնք Արցախում իրականացրին հեղաշրջում՝ արագացնելով Արցախի հայաթափումն ու կորուստը:

Հայտնի է, որ Դավիթ Բաբայանը հեղաշրջում իրականացնողների հորդորով է գնացել/տարվել Շուշի և ուղղակի հանձնվել Ադրբեջանին: Ու դա եղել է այսօր Երևանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մեկը:

Հայտնի է, որ ապօրինաբար առևանգված և Բաքվում պահվող երկու հայեր ձերբակալվել են, երբ փորձում էին անցնել Հայաստան՝ բռնի արտագաղթի հոսքի մեջ:

Հայտնի է նաև, թե որտեղից է առևանգվել Արայիկ Հարությունյանը:

Բայց բացարձակապես չի խոսվում այն մասին, թե ովքեր են Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մյուսներին հորդորել թողնել օդանավակայանի տարածքը, որտեղ նրանք ռուսների մոտ էին, մեկնել Ստեփանակերտի մի առանձնատուն, որտեղից ադրբեջանական հատուկ ծառայությունները ուղղակի եկել ու առևանգել են:

Արդյոք դա չի եղել պայմանավորված հանձնում Արցախում հեղաշրջում իրականացնողների և Բաքվի իշխանությունների միջև, որով և հայերին ադրբեջանցիներին հանձնողները, ինչպես Դավիթ Բաբայանի դեպքում, ուղղակի վճարել են իրենց փրկության գինը, փրկվել են ադրբեջանական գերությունից և հարգով-պատվով Ստեփանակերտի օդանավակայանից տարվել Սիսիանի օդանավակայան:

Հարցեր են, որոնց պատասխաններ պետք է տան այս անբարո գործարքի մասնակիցները, ովքեր այսօր Երևանում խոսում են Արցախ հավաքական վերադարձի մասին:

Շարունակում է տաբու մնալ Սարգիս/Սարխան Գալստյանի թեման:

Սերժա-քոչարյանա-ՀՀԿ-հայրենասիրական ուժերը, ժամանակին Նիկոլ Փաշինյանին հավատարիմ, այսօր ընդդիմադիր մի քանի լրագրող/պատգամավոր/նախարար մի այլանդակ ու թիրախավորված քարոզարշավ սկսեցին նվաստիս դեմ, երբ գրեցի, որ Շահրամանյանի ու Բակոյի մտերմագույն, քավոր-սանիկ հարաբերություններ ունեցող պարոն Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի ժամանակավոր կամենդանտ:

Հիմա, երբ արդեն պաշտոնապես հաստատվել է, որ նրան Բաքվից պաշտոն է առաջարկվել, իսկ Շահրամանյանը միաժամանակ նրան նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պարոն Գալստյանը չունի և ոչ մի պաշտպան:

Հրապարակային որևէ մեկը, որ իմ վրա կրակ էին թափում, չեն խոսում: Բայց սա չէ կարևորը, այլ հետևյալը.

ա) ինչու է պարոն Գալստայանը համաձայնվել մնալ Ստեփանակերտում, որին նա իր հեռախոսային զրույցներում Խանքյանդի է կոչում,

բ) ինչ խնդիր էր դրված նրա առաջ,

գ) ինչու չկարողացավ կատարել,

դ) ինչու որոշեց տեղափոխվել Հայաստան ամիսներ հայաթափված Արցախում մնալուց հետո,

ե) արդյոք չգիտեր, որ իրենց սպասվում է ձերբակալություն և արդյոք չէր կարող իրեն պաշտպանող ադրբեջանցիներին խնդրել իրեն հանձնել երրորդ երկրի….

զ) այս ամենի հետ ինչ կապ ունեն Արցախում հեղաշրջում իրականացրածներն ու ռուսները:

Հարցերը բազմաթիվ են, իսկ թեմայի շուրջ սրբազան լռություն է»,- գրել է Հակոբյանը: