08/09/2024

Ո՞վ է Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Նատալյա Տարանուշենկոն. ՀՀ ՆԳՆ-ն սխալ է մեկնաբանում ՌԴ քրեական օրենսգիրքը

Ներքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մի կնոջ ձերբակալելու մասին։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- հաղորդել էր Հայաստանի ՆԳՆ-ն:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը սխալ է ներկայացրել ՌԴ քաղաքացի 65-ամյա Նատալյա Տարանուշենկոյի նկատմամբ հարուցված քրեական գործի հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է մեղադրանքի էությունը։

ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն, ՀՀ ՆԳՆ-ի կողմից մատնանշվող 207.3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն օգտագործելով, Ռուսաստանի Դաշնության պետական ​​մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացման, կամավորական կազմավորումների, կազմակերպությունների կամ անհատների կողմից աջակցության տրամադրման մասին կանխամտածված սուտ տեղեկատվության տարածումը»։

Պարզել ենք նաև, որ Տարանուշենկոյի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ Տարանուշենկոն «ՌԴ զինված ուժերի մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը տարածել է քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության, թշնամանքի կամ  սոցիալական որևէ խմբի նկատմամբ թշնամանքի ու ատելության մոտիվներով»։

Այս արարքը, ըստ ռուսական օրենսդրության, պատժվում է 3-5 մլն ռուբլի տուգանքով կամ մինչև 5 տարի հարկադիր աշխատանքով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, կամ ազատությունից զրկելով՝ 5-10 տարի ժամկետով։

Հայաստանի ներքին գործերի նախարարության մեկնաբանությամբ հոդված ՌԴ քրեական օրենսգրքում չկա։ Վերոնշյալ հոդվածը, որի հիմքով վարույթ է նախաձեռնվել ռուսաստանցի Նատալյա Տարանուշենկոյի նկատմամբ, Ռուսաստանի քրեական օրենսգրքում լրացվել է ռուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին՝ 2022 թվականի մարտի 4-ին։

Մասնագետները դեռ այն ժամանակ բացատրում էին, որ ԶԼՄ-ում, սոցցանցերում, տելեգրամ ալիքներում ու այլ ինֆորմացիոն աղբյուրներում ՌԴ զինված ուժերի մասին կամ նրանց անունն օգտագործելով  ցանկացած տեղեկություն կարող է գնահատվել ակնհայտ սուտ տեղեկություն, քանի դեռ այն չի հաստատել ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

2024 թ. փետրվարի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք ռուսական բանակի մասին ֆեյք տարածելու և պետության նկատմամբ հանցանք գործելու համար ունեցվածքի բռնագրավման մասին։ Օրենքն ուժի մեջ էր մտել փետրվարի 24-ից։ Այսուհետև, բացի ազատազրկումից և տուգանքից, հնարավոր է նաև նման պատժի արժանանալ ՌԴ զինված ուժերի և պետական մարմինների գործունեության մասին ակնհայտ սուտ տեղեկություն տարածելու համար։

ՌԴ քրեական օրենսգրքում այս փոփոխությունից հետո մեկ տարվա ընթացքում ռուսական բանակի մասին ֆեյք տարածելու մեղադրանքով (207.3 հոդված), ՌԴ գլխավոր դատախազության տվյալներով, 187 հանցագործություն է գրանցվել, որից 23-ը՝ ՌԴ տարածքից դուրս։

65-ամյա Նատալյա Տարանուշենկոն ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է Մոսկովյան շրջանի Պրոտվինո քաղաքից, որը հեռացել էր Ռուսաստանից հունիսի 10-ին՝ իր նկատմամբ ռուսական բանակի մասին ֆեյք տեղեկություն տարածելու համար մեղադրանք առաջադրելուց հետո։ Հայտնի է դարձել, որ հուլիսի սկզբին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ռուսաստանցի ուսուցչուհու նկատմամբ մեղադրանքի առիթը եղել է դեռևս 2022 թ. ապրիլի 15-ին դասաժամերից մեկի ընթացքում ռուսական զինված ուժերի մասին քննարկումը։ ASTRA-ի փոխանցմամբ, ըստ քրեական գործի նյութերի, դասի ընթացքում Նատալյա Տարանուշենկոն աշակերտներին իբր տեսանյութ է ցուցադրել այն մասին, թե ինչպես են ՌԴ զինված ուժերը ներխուժում Ուկրաինա։ Ինքը՝ ուսուցչուհին, հրաժարվել է լրատվամիջոցի հետ խոսել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքից ու քրեական գործից։

Агентства-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ 8-րդ դասարանում նույն դասի ժամանակ ուսուցչուհին դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի գործած պատերազմական հանցագործությունների մասին։ Նույն աղբյուրը հաղորդում է, որ 65-ամյա ուսուցչուհու քայլի մասին իրավապահներին հայտնել են այդ դասարանի երկու աշակերտների ծնողներ, որոնք ասել են, որ «ուսուցչուհու այդպիսի հայտարարությունները հոգեկան ու հոգեբանական ցավ, տանջանք են պատճառել իրենց երեխաներին»։

Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ հուլիսի 13-ին Հայաստանի սահմանապահների կողմից ձերբակալվելիս Նատալյա Տարանուշենկոն 4.5 ժամ մնացել է ոստիկանությունում, որտեղ նրան լավ են վերաբերվել ու նաև բացատրել են, որ ստիպված են համագործակցել ռուս իրավապահների հետ։ Նաև հնարավորություն են տվել կապ հաստատելու հարազատների ու տեղի իրավապաշտպանների հետ։ Այնուհետև նրան ստորագրությամբ բաց են թողել։

Հասմիկ Համբարձումյան