08/09/2024

Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

Լոնդոնի Բլենհեյմյան պալատում հունիսի 18-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքը տարին երկու անգամ է անցկացնում նման հանդիպումներ, որոնց հրավիրվում են 44 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչները։

Առաջին գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիան։ Այն անցկացվել էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին և միտված էր Եվրոպայում էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապի, կիբերանվտանգության, ապատեղեկատվության և միգրացիայի ոլորտներում խնդիրների լուծմանը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Պրահայում, Քիշնևում և Գրանադայում։

Այս տարի գագաթնաժողովի առանցքային թեմաներն են Ուկրաինայի հակամարտությունը, էներգետիկ անվտանգությունը և միգրացիան։

Հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայից հետո առաջին անգամ Պրահայում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իսկ ամիսներ առաջ՝ 2023-ի հոկտեմբերին, իսպանական Գրանադայում այս նույն գագաթնաժողովի շրջանակներում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը բոյկոտել էր հենց Ալիևը՝ վերջին պահին հրաժարվելով մեկնել Գրանադա և մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սպասվում էր, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը պետք է քննարկեին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։

Այս անգամվա գագաթնաժողովին մասնակցում են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Միջոցառման հենց մեկնարկից գլխավոր ինտրիգներից մեկը դարձել էր Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականությունը։ Այսօր առավոտյան ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ երկու երկրների ղեկավարների միջև, հնարավոր է, երկկողմ հանդիպում տեղի ունենա։

Սակայն ադրբեջանական կողմը ավելի ուշ սկսեց ինֆորմացիոն գրոհն այն մասին, որ հայկական կողմը հրաժարվել է երկկողմ հանդիպումից։ Մասնավորապես, այդ երկրի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում տարածվեց գրառում, որում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնում բրիտանական կողմին այս գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը անցկացնելու ջանքերի համար և ասում, որ այն չի կայացել հայկական կողմի մերժման պատճառով և որ այդ քայլը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության գործընթացի կայացմանը։

Reuters գործակալությունը ևս անդրադարձել է չկայացած հանդիպմանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը իրենց հայտնել է, որ հայկական կողմն է մերժել հանդիպման անցկացումը։ «Մենք Փաշինյանի հրաժարվելը Լոնդոնում հանդիպելուց համարում ենք խաղաղության օրակարգից նահանջելու մտադրություն»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանական կողմից հնչած այս հայտարարություններից որոշ ժամանակ անց միայն Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը տարածեց մեկնաբանություն․ «Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»։

Նկատենք՝ մինչև հանդիպման վայր՝ Բլենհեյմյան պալատ մտնելը, լրագրողները հասցրին Փաշինյանին և Ալիևին նույն հարցն ուղղել՝ ի՞նչ փուլում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, որին, սակայն, պատասխանը հնչել է ձեռքերի ժեստերով՝ Հայաստանի վարչապետը ձեռքը վերև է բարձրացրել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վեր պարզել։

Արփինե Հովհաննիսյան